Անկախության գաղափարը ադրբեջանցի փոքրամասնության շրջանում փարատվել է՝ հանդիպելով մեծամասնության թուրքասիրությանը

somexta genocidi
somexta genocidi

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 25-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918 թվականի հունվար-հուլիս ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1918/05/1 #84

Օգնություն աքսորվածներին
Կարսից և Ալեքսանդրապոլից սարսափելի լուրեր են գալիս: Օսմանական զորքերի Կարս մտնելու ժամանակ շրջանի ողջ քրիստոնյա բնակչությունը լքել է տները, մի քանի հազար մարդ սարսափած փախչում է հայրենի վայրերից:

Ինչով են պայմանավորված այս սարսափելի լուրերը՝ դեռևս հստակ չգիտենք: Հակիրճ տեղեկություն ունենք, որ փախուստը պայմանավորված է օսմանցիների ներխուժմամբ: Փախչում է ոչ միայն ամբողջ հայությունը, այլ նաև ռուսներն ու հույները, որոնց, ինչպես տեղեկացնում են, օսմանցիները չեն վնասում: Եվ, ինչպես տեղեկացնում են Կարսից, հազարավոր փախստականներն ուղևորվել են Թբիլիսի: Դժվար է պատկերացնել՝ ինչ պատկեր պետք է ներկայացնի փախստականների այս բազմությունը, որոնք ոչ ուտելիք ունեն, ոչ փոխադրամիջոց, որոնք պախարակում են իրենք իրենց և նրանց, ում պատճառով նման իրավիճակում են հայտնվել:

Թբիլիսիի թերթերի մի մասում արդեն հնչում են քննադատություններ, որոնք հիմնականում ուղղված են Չխենկելիի կառավարությանը: Կան մարդիկ, ովքեր առանց կասկածի պնդում են, որ զանգվածային աքսորը կառավարության անկազմակերպության հետևանք է: Այս վտանգավոր իրադարձության պատճառը փորձում են գտնել այն հրամանի մեջ, որը Չխենկելին արձակել է Կարսի պաշտպանության վերաբերյալ: Հայտնի է, նման պնդումները միայն այն անձանց կամ դժգոհ խմբերի հնարքներն են, որոնք մինչ այս չէին հաշտվում Չխենկելիի կառավարության հետ: Մեր խորին համոզմամբ, եթե որևէ մեկին պետք է մեղադրել, ապա նրանց, ովքեր ժամանակին չեն կատարել Չխենկելիի հրամանը և չեն նախապատրաստել բնակիչներին Կարսի տարհանում կոչվող որոշման համար: Հենց այստեղ է պարզվել Չխենկելիի կառավարության ճգնաժամը և հենց Հայոց ազգային խորհուրդն էր, որ Թբիլիսիում ամեն ինչ անում էր Չխենկելիի կառավարության տապալման համար և միևնույն ժամանակ Կարսում ոչինչ չէր անում, որ ժողովուրդը պատրաստ լինի դիմակայել օսմանյան ներխուժմանը:

Հիմա, երբ հենց հայկական ղեկավար շրջանակների կողմից է գործը բարդացվել, փորձում են մեղավորի աթոռին նստեցնել կառավարությանը և նրանից պահանջել` միջոցներ գտնել ժողովրդին օգնելու համար: Մեր կարծիքով կառավարությունը, բոլոր դեպքերում, պարտավոր է հոգալ քաղաքացիների կարիքները։Աքսորվածների այս ալիքին պետք է աջակցել ոչ միայն մարդասիրությունից դրդված: Պետք է գիտակցել, որ մի քանի հարյուր հազար սոված-ծարավ և միևնույն ժամանակ զինված աքսորվածներն անարխիայի բուն են, զուգահեռաբար մեր պետության թշնամու ձեռքը չպետք է զենք ընկնի:

Կառավարությունն ինքը պետք է միջոցներ ձեռնարկի, սակայն այդ բոլոր ձեռնարկվելիք միջոցներում, մենք խորհուրդ չէինք տա միայն մեկը: Լիովին անհնար և անհավանական ենք համարում, որ այս սոված-ծարավ, խեղճ և աղքատ ժողովուրդը չարացել է ամեն ինչ կորցնելու հետևանքով և դրա համար է գալիս Թբիլիսի: Թբիլիսին, որպես Հանրապետության կենտրոն, որտեղ տեղի է ունենում պետականության կառուցում և որտեղ կարգապահությունը պետք է մշտապես պաշտպանված լինի՝ մեր ապագայի, ողջ Հանրապետության համար, պետք է զերծ լինի անկարգություններից։Նույնիսկ երբ զգում ենք, որ ամբողջ երկիրն ու մասնավորապես Թբիլիսին լի է սադրիչներով, երբ կառավարությունն անգործության է մատնված, հեշտ է պատկերացնել, թե ինչ ազդեցություն կունենան դժգոհողների և հենց սադրիչների ելույթները՝ տանջված և բնակության վայրը կորցրած Կարսի ժողովրդի համար:

Կհայնտվեն շատ անամոթ և անպատասխանատու անձինք, ովքեր իրենց արկածախնդրության համար այս խեղճ ժողովրդին չեն խնայի և Թբիլիսին, որտեղ այնպես էլ շատ դժգոհողներ կան, անարխիայի բուն կդառնա սոված և ծարավ այս փախստականների համար, որոնց նույնիսկ բավարար սննդով չի կարող ապահովել աղքատ Թբիլիսին: Սակայն մնացած հարցերում, կառավարությունում առկա միջոցներով, Հանրապետության բոլոր զավակները, բոլորս պետք է համախմբենք և իրական օգնություն ցուցաբերենք փախստականներին: Այս միջոցները պետք է արագ գտնել և իրագործել:

Վրաստան 1918/05/1 #84

Կարսի շրջանի փախստականները
Կարսի շրջանային կոմիսարիատից ստացված հեռագրի համաձայն՝ Կարսի նահանգից 100 հազար փախստական է գալիս, որոնց մի մասը զինված է: Փախստականների թվում շատ են նաև այս շրջանում ապաստան գտած օսմանյան հայերը։ Կոմիսարը նշում է փախստականների տեղաշարժի արդյունքում հնարավոր նոր խնդիրների մասին եւ այս առումով հրահանգներ է ակնկալում: Կառավարությունը քննարկել է նշված հեռագիրը և որոշել համաձայնություն տալ, որպեսզի Օսմանյան կայսրության վարչակազմը երկարաձգի Կարսի շրջանի պաշտպանության ժամկետը:

Վրաստան 1918/05/11 #88

Հայերի հարցը Ռայխսթագում
«Հորիզոն»-ը տեղեկացնում է. գերմանական ռադիոյի համաձայն՝ Գերմանիայում, Ռայխսթագի նիստերից մեկի ընթացքում քննարկել են Հայաստանի հարցը: Հարցի վերաբերյալ 4 ժամ քննարկում է տեղի ունեցել: Նիստին հայտարարություն է արվել, որի համաձայն՝ Օսմանյան կայսրությունը պարտավորվում է ձեռք չտալ հայերին, բացի այդ՝ խիստ միջոցներ կձեռնարկել հայերին հետապնդողների դեմ: Դրա հետ մեկտեղ, Օսմանյան կայսրությունը հայտարարել է, որ պատրաստ է Վանա լճի մոտակայքում բնակվող օսմանյան հայերին սահմանված ինքնավարություն տալ:

Վրաստան 1918/05/16 #92

Հայկական մամուլ
Փախստականների հարցի պատճառով
«Մշակ»-ի №87 համարի վերնագիրը վերաբերում է մեր ժամանակի հրատապ թեմաներից մեկին՝ փախստականների հարցին: Մինչ օրս մեր հոգածության և անհանգստության պատճառը եղել է օսմանյան հայ փախստականների հարցը: Այսօր այդ հոգածության ու անհանգստությանն ավելացել է նոր ցավ՝ Ռուսաստանի, Հայաստանի, հատկապես՝ Կարսի շրջանի և Սուրմալուի մարզի հայերի նահանջելն ու փախուստը:
Դատարկվել է Օսմանյան Հայաստանը, հիմա դատարկվում են նաև Անդրկովկասի հայերով բնակեցված շրջանները:

Եթե Օսմանյան Հայաստանի փախստականների թվաքանակը կազմում էր մոտավորապես 250 հազար մարդ, ապա Կարսի և Սուրմալուի շրջաններից՝ մոտ 200 հազար: Փաստորեն, այսօր մոտ 450 հազար հայ ճանապարհներին է և վաչկատուն կյանք է վարում, բոլորը հնարավորինս հեռու են գնում, դեպի Հյուսիսային Կովկաս, այսինքն՝ դեպի Ռուսաստան: Նրանք փախչում են առանց մտածելու, առանց իրենք իրենց հաշիվ տալու` ապագան հաշվի չառնելով: Միայն թե ազատվեն օսմանյան տիրապետությունից: Մասնավորապես՝ օսմանյան հայերը վախ ունեն, որ Օսմանյան կայսրության կառավարությունը` անդրկովկասյան կառավարության հետ հրադադարի ժամանակ կարող է թուրքահպատակ հայերի իրենց բնակավայրերը վերադառնալու պայմաններ առաջ քաշել և Անդրկովկասի կառավարությունը ստիպված լինի համաձայնել Օսմանյան կայսրության պահանջներին: Հայերի «Դաշնակցությունը», իհարկե, չի կարող դիմադրել այդ պահանջներին: Եվ ահա, նման վախեր ունեն օսմանյան հայերը, քանի որ վստահ են, որ եթե վերադառնան, Օսմանյան կառավարությունը Միջագետքում նրանց կվնասի և բնազդաբար ուղևորվում են դեպի Հյուսիսային Կովկաս, Անդրկովկասի սահմաններից դուրս:

Մենք կարծում ենք, որ օսմանյան հայերի նման վախերն անտեղի են: Կարծում ենք` հակառակը, Օսմանյան կայսրությունը շատ ուրախ կլինի, որ Հայաստանը մնա առանց հայերի և կասկածելի է, որ նրանք փախստականներին վերադարձնելու անկեղծ ցանկություն ունենան: Մեր կարծիքով հարցի ողջ կարևորությունը և դժվարությունը դրանում չէ, այլեւ նրանում, թե որտեղ պետք է բնակություն հաստատի դեռ 250-300 հազար օսմանյան հայ, իսկ այնուհետև 150-200 հազար ռուսահայաստանի փախստականները: Մինչ այս նրանք՝ հետևելով առաջնորդին, խորհրդատուներին, բնազդին տուրք տալով զանգվածաբար բնակություն էին հաստատում այնտեղ, որտեղ փոքր ինչ ապահովված էին զգում, և բնական է՝ նրանց մի մասը գնացել է վրացական շրջաններ համարվող վայրեր և ահա վրաց ժողովրդի մի մասն սկսել է բարձրաձայն խոսել և դժգոհել, թե իրենց երկիր անցանկալի տարրեր են գալիս` փորձելով հաստատվել իրենց հայրենիքում:

Վրաստան 1918/05/17 #93

Օսմանյան կայսրությունն ու Ադրբեջանը

Օսմանյան ռազմավարության վրա ստվեր է նետում օսմանյան դիվանագիտությունը: Ալեքսանդրապոլից եկած վերջին լուրերը բացահայտորեն խոսում են, թե ինչ է ցանկանում Օսմանյան կայսրությունը: Օսմանցիները հրաման են տվել՝ գեներալ Նազարբեկովը պետք է դատարկի Ալեքսանդրապոլը և 25 մղոն առաջ շարժվի դեպի հյուսիս: Քանի որ նման հրամանը բացահայտ կերպով խախտում է ժամանակավոր հրադադարը, Հանրապետության կառավարությունը հրաման է տվել Չխենկելիին՝ այդ ամենի վերաբերյալ բողոք հայտնել Օսմանյան կառավարությանը: Իսկ գեներալ Նազարբեկովն ասել է՝ եթե Օսմանյան կառավարությունը չվերանայի իր հրամանը, կգործի իրավիճակի թելադրանքով, ուստի եւ այս րոպեներին Ալեքսանդրապոլի մոտ պատերազմ է ընթանում: Այս փաստը, անշուշտ, մեծ կարևորություն ունի և ամբողջությամբ բացահայտում է օսմանցիների պահանջները: Օսմանցիները, եթե կարողացան հանրապետության բանակը ետ շպրտել դեպի հյուսիս, նրանց ձեռքի տակ է անցնում Երևանի գրեթե ողջ գուբերնիան: Թե ինչու է Օսմանյան կայսրությունը ձգտում դրան, այդ մասին բաց ասված է իրենց վերջնագրերում: Օսմանցիները ցանկանում են տիրել Ալեքսանդրապոլին, Ջուլֆայի երկաթգծին, ինչը կխոչընդոտի անգլիացիների գործողություններին թիկունքից:

Սա նրանց ռազմավարական ծրագիրն է: Սակայն այս ծրագրի քաղաքական հատվածը ոչ պակաս կարևոր է և օսմանյան պահանջների տեսանկյունից նոր լույս է սփռում: Այսպիսով պարզ է դառնում, թե ինչ քայլերով է Օսմանյան կայսրությունը ձգտում դեպի Ադրբեջան և թե ինչ է ուզում Անդրկովկասում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Անդրկովկասի թաթարները որևէ դիմադրություն չեն ցուցաբերի, եթե Օսմանյան կայսրությունը ցանկանա Ադրբեջանը միացնել իրեն: Չեզոքությունը, որը պահպանում էր Ադրբեջանը Կովկասա-օսմանական պատերազմի ժամանակ և հավատարմությունը Օսմանյան կայսրության հանդեպ՝ հնարավոր է պարզ քաղաքական սերվիլիզմ (ծառայամտություն) դառնա և մի հիանալի օր Ադրբեջանն ինքն իրեն հայտարարի Օսմանյան կայսրության մաս: Անկախության գաղափարը, որը հնարավոր է գոյություն ունի ադրբեջանցի փոքրամասնության շրջանում, հեշտությամբ փարատվել է՝ հանդիպելով ադրբեջանցի մեծամասնության թուրքասիրությանը:

Սակայն, եթե Ադրբեջանի նման միացումն անցավ լինի, հնարավոր է նոր կոնֆիգուրացիա Կովկասի հարավային այն հատվածում, որը ներկա պահին խոչընդոտում է այդ միացմանը: Քարտեզին անզեն աչքով նայելու դեպքում անգամ կարելի է հասկանալ, որ նոր կոնֆիգուրացիա ստեղծելն այսօրվա պայմաններում հեշտ գործ լինի: Անդրկովկասի պետական սահմանները Պարսկաստանի և Օսմանյան կայսրության Անդրկովկասի այն հատվածներում, որտեղով անցնում է Ջուլֆայի ճանապարհը, նվազ բարենպաստ է Օսմանյան կայսրության համար: Պարսկաստանի Մակու և Բոյ գավառները սեպի նման մխրճվում են Օսմանյան կայսրության և Անդրկովկասի միջեւ: Մյուս կողմից, Կասպից ծովի ափին գտնվող Թալիշ գավառը նույնպես սեպի նման մտնում է Պարսկաստան: Եթե Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև համաձայնություն լինի առ այն, որ Օսմանյան կայսրությունը տալիս է Մակուի գավառը, ինչը հեշտ իրագործելի է առկա խառնաշփոթ պայմաններում, ապա կստանա լայն միջանցք, ինչն էլ հնարավորություն կտա լայն և ընդարձակ տարածքով Ադրբեջանը միացնել Օսմանյան կայսրությանը:

Վրաստան 1918/05/21 #96

Պատվիրակություն փախստականների հարցով
Ղարաքիլիսայում գտնվող գումբրացի փախստականները պատվիրակություն են ընտրել, որը պետք է միջնորդություն անի օսմանցիների գլխավոր հրամանատարի մոտ՝ թույլատրել փախստականների վերադարձը:

Հարձակում փախստականների վրա
Սանդար կայարանում փախստականների գնացքների վրա են հարձակվել ղաչաղները: Սպանվել է 3 մարդ:

Վրաստան 1918/05/22 #97

Սուրմալուի մարզում
Ինչպես տեղեկացնում են «Հորիզոն»-ին, հայերն ամբողջությամբ լքել են Սուրմալուի շրջանը և ուղևորվում են դեպի Ղարաքիլիսա:

Վրաստան 1918/05/22 #97

Իրավիճակը Ղարաքիլիսայում
«Մշակ»-ին Ղարաքիլիսայից հեռագրով տեղեկացնում են. Կարսի նահանգից և Շիրակից փախստականներ են գալիս: Հազարավոր փախստականներ ուղևորվում են դեպի Թբիլիսի: Ուժի և սպառնալիքի գնով չկարողացանք կանգնեցնել նրանց: Բորչալուի ճանապարհը վտանգավոր է:

Վրաստան 1918/05/25 #100

Փախստականները
Որոշվել է միջոցներ ձեռնարկել, որ փախստականները չգնան այն վայրերից հեռու, որտեղ սննդի կետերը պաշտպանվում են են զինվորների կողմից:
8 հազար հույն փախստականի, ովքեր 80-րդ մղոնի վրա են գտնվում, թույլ են տվել գնալ Մցխեթա:

Վրաստան 1918/05/25 #100

Գումբրի (Գյումրի)
Գումբրիից եկածներն ասում են, որ քաղաքում հանգիստ է: Փախստականներն աստիճանաբար վերադառնում են: Բնակիչներից զենքը հավաքվել է: Քաղաքը պաշտպանում է միլիցիան և 200 ասկյար: Կառավարությունը փոխարինել են Մեջլիսով: Բանակի մի մասը կայարանում է տեղակայվել:

Վրաստան 1918/06/4 #108

Փախստականները
Եկատերինոֆելդ գյուղից կոմիսար Կրոմերը Գերմանական ազգային խորհրդին տեղեկացնում է. «Հունիսի 1-ին Բոլնիս Խաչենից, Ղարաքիլիսայից հայ փախստական զինվորներ, տղամարդիկ ու կանայք են եկել: Նրանց վրա այնտեղ հարձակվել են թաթարները, զինաթափել և կոտորել են: Փախստականների ընդհանուր թվաքանակը 450 էր: Բոլորի հագուստը գողացվել է:

Վրաստան 1918/06/18 #119

Գյանջայում
Հունիսի 11-ին Նուրի Փաշայի հրամանով Գյանջայի հայերով բնակեցված հատվածները շրջափակված են եղել օսմանյան բանակով: Նման անսպասելի հարձակումը վախեցրել է բնակիչներին: Օսմանցիները պահանջում էին, որ հայերն անհապաղ հանձնեն իրենց զենքերը: Հայկական ազգային կոմիտեն պատվիրակություն է ուղարկել Օսմանյան կայսրություն՝ պարզելու համար արդյո՞ք նշված հրամանն իրենց կողմից է:

Երբ պատվիրակությանը վստահեցվեց, որ հրամանն իրոք Օսմանյան կառավարության կողմից է եղել, ժողովրդական ցույցի ժամանակ ժողովրդին հրամայել և խորհուրդ է տրվել հպատակվել կառավարությանը և դրանով կանխել հետագա ոչնչացումը: Հունիսի 13-ին սկսվել է զենքի հանձնումը: Օսմանցիները ֆուրգոններով զենքերը տանում էին քաղաքի մահմեդական մաս: Չհպատակվողները զենքով տեղափոխվել են լեռներ՝օսմանցիների դեմ կռվելու նպատակով։

Գյանջան լի է օսմանացի սպաներով և զինվորներով, որոնց վրա որևէ ուշադրություն չեն դարձնում մահմեդականների կորպուսի ռուս սպաները: Խանութներում օսմանցիները վճարում են Նիկոլայի 100 մանեթներով և օսմանական լիրաներով, որի փոխարժեքն այնպես է բարձրացել, որ ռուսական մանեթը 8 կոպեկից ցածր է:

Հունիսի 12-ին հայ-թաթարական բախումների ժամանակ սպանվել է գիմնազիայի տնօրեն Բոգոլեպոկղը: Նրա կինը, ամուսնու դիակի ուղղությամբ վազելիս մահացու վիրավորվել է և մի քանի ժամ հետո մահացել:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>