Թբիլիսիի քաղաքապետի միակ անկախ թեկնածուն. Ալեկո Էլիսաշվիլին այլ Թբիլիսի է խոստանում

Վերջին տարվա ընթացքում, աշխարհի մի շարք երկրներում ժողովրդականություն են վայելում քաղաքական էսթաբլիշմենթին հակադրվող գործիչներ: Այսպես օրինակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ հանգամանքների, այդ պաշտոնում ընտրվեց` դեմ հանդես գալով գործող քաղաքական էլիտաներին: Արևմտյան լրատվամիջոցները նման գործիչ են համարում նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վրաստանում, սոցիալական ցանցերում, Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահի հետ են համեմատում Ալեկո Էլիսաշվիլիին:

1Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքապետի միակ անկախ թեկնածուն է, ով լրագրողական գործունեությունից անցել է նախագահի աշխատակազմ, ապա ընտրվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի անկախ պատգամավոր: Նրա դեմ դատական գործ է հարուցվել, մեղադրել Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժման «պրոեկտ» լինելու մեջ: Բանը հասել է նրան, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  խոստացել է «լիկվիդացնել» Էլիսաշվիլիին:

39-ամյա Ալեկո Էլիսաշվիլին ծնունդով Թբիլիսիից է: Թբիլիսիի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո, սկսել է զբաղվել լրագրությամբ: 1996 թվականից աշխատել է Վրաստանի «Առավոտ» թերթում, այնուհետև «Մերիդիան 44»-ում: Տարբեր հաղորդումներ է վարել մի շարք հեռուստաընկերություններում: 2006-2012 թվականներին հանդիսացել է «Թբիլիսիի համքարներ» հասարակական կազմակերպության ղեկավար, որը զբաղվում է Թբիլիսիի խնդիրներով: 2014 թվականին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Էլիսաշվիլիին նշանակել է Ներում շնորհելու պետական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:

Մարգվելաշվիլին  իր այս նշանակումը պարզաբանել է` ժողովրդի կողմից այս մարդու հանդեպ ունեցած վստահությամբ: 2014  թվականին Էլիսաշվիլին լքել է պաշտոնն ու մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասից անկախ պատգամավոր է ընտրվում: Այս պաշտոնից Ալեկո Էլիսաշվիլին հեռացած լքեց ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին, այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց` Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցել մայրաքաղաքի Ազատության հրապարակի հարակից և Թաբորիի լեռան տարածքում գտնվող երկու հողատարածք:

«Ես լքում եմ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը, քանի որ գտնում եմ, որ սեպտեմբերի 29-ին կայացված որոշումից հետո վիրավորական է գալ աշխատանքի, մասնակցել նիստերին, հանձնաժողովի աշխատանքներին: Սեպտեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային խորհուրդը ոչ թե ժողովրդի կողմից ընտրված մարմին էր, այլ մեկ մարդու (Բիձինա Իվանիշվիլիի խմբ.) ծառայող նոտարական բյուրո»,- հայտարարել էր Էլիսաշվիլին:

21013930_1540224032705354_3311495076895649418_oԷլիսաշվիլիին ՄԱՇ-ի հետ ասոցացնելու փորձեր արվեցին նաև հետագայում: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Էլիսաշվիլիին 1 շաբաթ ժամանակ էր տվել, որպեսզի թեկնածությունը գրանցելու համար հավաքի անհրաժեշտ (10  հազար) ստորագրությունը: ՄԱՇ-ի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին Էլիսաշվիլիին իր օգնությունն առաջարկեց, ինչից վերջինս հրաժարվեց: Ավելի ուշ, սոցցանցերում  տեսանյութ տարածվեց, որտեղ ցույց էր տրվում իբրեւ ՄԱՇ-ի ակտիվիստները Էլիսաշվիլիի համար ստորագրություններ են հավաքում: Անկախ թեկնածուն այս տեսանյութը համարեց սադրանք: Հաջորդող օրերին Էլիսաշվիլիի համախոհ ակտիվիստները 1 շաբաթվա ընթացքում 20 հազար ստորագրություն հավաքեցին:

Ալեկո Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքապետի թեկնածության մասին պաշտոնապես հայտարարել է հուլիսի 11-ին: «Ես կախված չեմ ո՛չ բիզնեսից, ո՛չ կուսակցությունից»,- ասում է Էլիսաշվիլին: Վերջինս պնդում է, որ գիտի Թբիլիսիի խնդիրները, դրանց լուծման ճանապարհները եւ խոստանում, որ ընտրվելու դեպքում կշարունակի քաղաքացիների համար հնարավորինս հասանելի լինել:

Քաղաքապետի թեկնածուի համոզմամբ քաղաքապետարանի որոշ ծառայություններ ամբողջովին կոռումպացված են:  «Երեք տարի է քաղաքապետարանում եմ և շատ լավ գիտեմ՝ ով ինչով է զբաղված»:

Քաղաքապետի անկախ թեկնածուն խոստանում է. առաջին  հերթին կլուծի տրանսպորտի խնդիրը, իսկ առաջին հրամանը լինելու է «City park» ընկերության գործունեության դադարեցումը, որը սխալ կայանված ավտոմեքենաների վարորդներին տուգանում է: Տրանսպորտի կարգավորման տեսանկյունից, անկուսակցական թեկնածուն առաջարկում է զարգացնել հանրային տրանսպորտի ենթակառուցվածքները, որի արդյունքում կնվազի ավտոմեքենաների թիվը: Տրանսպորտի գլխավոր միջոցը թեկնածուի համաձայն բարելավված մետրոպոլիտենն: Քաղաքի բոլոր շրջանները միացվելու են մետրոյին՝  ավտոբուսներով և ժամանակակից տրամվայով, խոստանում է Ալեկո Էլիսաշվիլին: Այս ուղղությամբ անելիքը մանրամասնելով, քաղաքապետի պաշտոնի հավակնորդը առաջին տրամվայը Դիղոմի թաղամասից Դիդուբեի մետրո է հասցնելու:

Հանրային տրանսպորտի զարգացումը կապված է նաև նրա հետ, որ Թբիլիսիում 600 հազար ավտոմեքենա եւ ընդամենը 35 հազար կայանատեղի կա: Էլիսաշվիլիի տրանսպորտային ծրագրի համաձայն, հասարակական տրանսպորտի բարելավումը 60 հազարով կնվազեցնի ամենօրյա երթևեկող ավտոմեքենաների թվաքանակը:

5Էլիսաշվիլին նաև մեծ ուշադրություն է դարձնում քաղաքի էկոլոգիական վիճակին: Նա այն քիչ մարդկանցից էր, ով վերջին տարիների ընթացքում պայքարում էր Թբիլիսիում ծառահատումների դեմ: Թերեւս հենց այս ոլորտում ցուցաբերած ակտիվությունը պատճառ դարձավ նրա դեմ արշավի համար, երբ իշխող Վրացական երազանքի ներկայացուցիչները նրան` Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժման «պրոեկտ» որակեցին:

«Ծառ հատելը համարվելու է ծանրագույն հանցագործություն»,- ասում է Էլիսաշվիլին: Վերջինս նաև առաջարկում է Քուռ գետը դարձնել հանրային հանգստատեղի:

Սոցիալապես անապահով կամ խոցելի քաղաքացիներին` ընտրվելու պարագայում, Էլիսաշվիլին քառամյա աջակցության ծրագիր է խոստանում: Քաղաքապետի թեկնածուն այս խոստումը բացատրում է հետևյալ կերպ: «Եթե մարդ սոցիալապես անապահով է և ունի 250 լարի աշխատավարձ, նա օգնություն է ստանում 60 լարիի տեսքով, սակայն եթե նրա աշխատավարձը մի փոքր բարձրանում է` ասենք հասնելով 300 լարիի, նա զրկվում է սոցիալական նպաստից եւ արդյունքում ընդհանուր առմամբ ավելի պակաս եկամուտ ունենում: Իմ ընտրվելու պարագայում, սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող անձը, աշխատավարձի նման բարձրացումների դեպքում չի զրկվի նպաստից»:

Հատկանշական է, որ Ալեկո Էլիսաշվիլին նախընտրական շրջանում մի քանի անգամ դեբատների հրավիրեց իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեին: Վերջինս հրաժարվեց բանավիճել, նշելով, թե ըստ սոցհարցումների, ինքը պետք է բանավիճի «Միացյալ ազգային շարժումից» քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլիի հետ, քանի որ վերջինս 2-րդ տեղում է: Այս հայտարարությունից հետո ՄԱՇ-ին սատարող «Ռուսթավի 2»հեռուստաընկերության պատվերով հարցում իրականացվեց: Եթե քաղաքապետի ընտրությունները լինեին վաղը` ո՞ւմ օգտին կքվեարկեիք հարցին, հարցվածների մեծամասնությունը տվել էր Կախա Կալաձեի անուն, իսկ երկորդ տեղը կիսում էին Ուդումաշվիլին և Էլիսաշվիլին: Մնացած, գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց էին  տալիս, որ իրականում երկրորդ տեղում Ալեկո Էլիսաշվիլին է:

21462395_10155111217394755_524946239079047684_n_1Էլիսաշվիլին նաև զբաղվում է Թբիլիսիի պատմական ժառանգության խնդիրներով: Նա այն եզակի մարդկացից է, ով ակտիվորեն ներգրավված է օրինակ Հավլաբարի Շամխորեցոց հայկական եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներում: Իր կողմից հիմնադրված «Թբիլիսիի համքարներ» կազմակերպությունը բազմիցս անդրադարձել է թեմային: Էլիսաշվիլին գտնում է, որ Շամխորեցոց եկեղեցու հարակից տարածքում հյուրանոցի շինարարության թույլտվությունը անօրինական է: Նրա ներգրավվածությամբ, թեման լայն քննարկման առարկա դարձավ վրացալեզու մամուլում, այդ թվում նաև հանրային հեռուստատեսությամբ: Էլիսաշվիլին մի քանի անգամ ակտիվացրեց թեման, որը հաճախ չէր բարձրաձայնվում նաև Թբիլիսիի հայկական կազմակերպությունների կողմից:

Ալեկո Էլիսաշվիլիի կարգախոսն է` «Կախված միայն ժողովրդից», քվեաթերթիկում ընտրական համարը 42: Թբիլիսիի քաղաքապետի միակ անկախ թեկնածուն կատակում է. «42` Վրացական երազանքից մեկով ավելի»:

Թողնել պատասխան