Թուրք լուսանկարչի թբիլիսյան ցուցահանդեսը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին

Հունվարի 19-ին լրանում է Թուրքիայում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցը: 

Հունվարի 21-ին Դինքի նահատակության 10-րդ տարելիցին նվիրված  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ, որից հետո «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կբացվի թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդաթի «Ո՞վ եմ ես» խորագրով  լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Վեդաթը  Թուրքիայում  լքված հայկական եկեղեցիների, ամայացած գյուղերի ու քաղաքների պատկերներով փորձում է բարցրաձայնել այն ճշմարտությունը, որը թուրքական պետությունը՝ ոչնչացնելով հայկական հետքը, պարտադրում է մոռանալ ու վերացնել, մերժել ու արհամարհել:  

Լուսանկարները  Թուրքիայում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության խոսուն վկաներն են, իսկ Թբիլիսիիում բացվող ցուցահանդեսը նաև բողոք է խտրականության, պատմական անարդարության դեմ, և նվիրվում է երկու ժողովուրդների հաշտեցմանը ձգտող Հրանտ Դինքի հիշատակին:

Ումուտ Վեդաթն իր  «Ո՞վ եմ ես» խորագրով ցուցահանդեսը ներկայացրել է նաեւ Երեւանում: Aravot.am-ին տված հարցազրույցում հեղինակն ասել է. «Ես ծնվել եմ Ստամբուլում 1980 թ.-ին շարքային ընտանիքում։ Ինչպես մարդկանց մեծամասնությունը, ես ևս ստիպված էի սովորել պետության կողմից մշակված պատմության դասագրքերով` պատմության մի մեխանիզմ, որ պարտադրում է կամ մոռանալ ու վերացնել, կամ մերժել ու արհամարհել ճշմարտությունը։

Առաջին անգամ իմ սովորածը կասկածի տակ դրեցի, երբ 2008թ-ին Ստամբուլ-Երևան ավտոբուսով ճամփորդում էի Վրաստան։ Հետո սկսեցի մտածել լքված շինությունների մասին, որ տեսել էի Թուրքիայում նախկինում։ Այդ ժամանակից ի վեր սկսեցի խորանալ պատմության մեջ և գտնել իմ կյանքի չբարձրաձայնված ճշմարտությունը։ Ցուցահանդեսն իմ չորս տարվա աշխատանքի, ինքնության փնտրտուքի և պատմության մյուս կողմը բացահայտելու ջանքերի ամփոփումն է»:

Ումուտի լուսանկարների ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 1-ը։ Հասցեն՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18։

Թողնել պատասխան