Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները նախագահի ընտրություններին կմասնակցեն Գյումրիում

Ռուսաստանի դաշնությունում կիրակի օրը՝ մարտի 18-ին  նախագահական ընտրություններ են նշանակված, այսօր լռության օր է: Այսպիսով, Շաբաթ օրը ՌԴ-ի ողջ տարածքում արգելված է ցանկացած տիպի քաղաքական քարոզչություն և գովազդ: Հաշվի առնելով, որ ՌԴ-ն  տարբեր ժամային գոտիներ ունի, երկրի տարբեր հատվածներում լռության օրը տարբեր ժամերի է մեկնարկում: Այսպես Ռուսաստանի արևելյան շրջաններում լռության օրը սկսվել է 9 ժամ առաջ, քան օրինակ մայրաքաղաք Մոսկվայում: Այս պատճառով է, որ քարոզչությունն ու քաղաքական գովազդն արգելվել է համացանցում արդեն մարտի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ից սկսած:

Ընդ որում փետրվարի 25-ից  նախնական ընտրություններ են սկսվել: Ըստ վերջին տվյալների՝ ՌԴ-ի սահմաններից դուրս 50 երկրում նախապես քվեարկել է ավելի քան 30 հազար ընտրող: Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները  քվեարկել են մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին: Ի դեպ, Հարավային Օսիայի բնակչության 90%-ը ռուսական անձնագիր ունի:

Վրաստանի և ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Վրաստանում ընտրատեղամասեր չեն բացվելու, ուստի այստեղ բնակվող ՌԴ-ի քաղաքացիները ընտրելու հնարավորություն կունենան Հայաստանում, իսկ մասնավորապես Գյումրիի ռուսական ռազմաբազայում:

Ռուսաստանում 109 մլն. ընտրող կա, երկրի տարածքից դուրս ընտրության իրավունք ունեցող 1,9 մլն ՌԴ-ի քաղաքացի: Նախագահի պաշտոնի հավակնություն ունի 8 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Լուսանկարը՝ kp.ru-ի

Թողնել պատասխան