Կոբախիձեն ամփոփել է Փենսի այցը Վրաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի Վրաստան կատարած այցի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հատուկ հայտարարություն է տարածել: Կոբախիձեն նշել է, որ Փենսը Վրաստան կատարած այցով ցույց է տվել, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում Վրաստանի կարևոր դաշնակիցը, վստահելի գործընկերն ու հավատարիմ բարեկամն է: Խորհրդարանի խոսնակը վստահություն է հայտնել, որ դժվար մարտահրավերները հաղթահարելու հարցում ԱՄՆ-ն Վրաստանին միայնակ չի թողնի:

«ԱՄՆ փոխնախագահը մի շարք կարևոր և հստակ բարեկամական ուղերձներ հղեց մեր ժողովրդին: Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց նախագահի վարչակազմի բարձր հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Վրաստանին միայնակ չի թողնի դժվար մարտահրավերները հաղթահարելու հարցում: Փոխնախագահը նշեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է սերտ համագործակցություն ունենալ ներկայիս կառավարության և իշխող թիմի հետ: Փենսը նաև նշեց, որ վերջին 5 տարվա ընթացքում գրանցած առաջընթացը շատ ուշագրավ է, ինչը մեզ համար շատ կարևոր է:

Նման գնահատանքը նաև մեծ պատասխանատվություն է տալիս մեզ՝ աշխատել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, կայուն զարգացմամբ հասնել նորանոր հաջողությունների»,- հայտարարության մեջ նշում է Կոբախիձեն:

Թողնել պատասխան