Մարգվելաշվիլին բարձր է գնահատել Լեհաստանի եւ Վրաստանի խորհրդարանների համագործակցությունը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Լեհաստանի սենատի մարշալ Ստանիսլավ Կարչեւսկիին:

«Ինտերպրեսնյուսին» նախագահի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպման ընթացքում խոսվել է Լեհաստանի կողմից Վրաստանի Եվրոպական ինտեգրման գործընթացի աջակցության, Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ստեղծված իրավիճակի եւ խորհրդարանական հարաբերությունների խորացման մասին:

Վրաստանի նախագահը ողջունել է խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ գործընկերական համագործակցության հզորացումը:

Ինչպես նշվել է հանդիպման ժամանակ, խորհրդարանական աջակցությունը Վրաստանի շահերի պաշտպանության տեսանկյունից ամենակարեւոր բաղադրիչներից է եւ կարեւորվել է այս ուղղությամբ խորհրդարանի Վրաստանի հետ բարեկամական  խմբի աշխատանքը։

Կողմերը նաեւ խոսել են Արեւելյան գործընկերության եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին պատրաստվելու աշխատանքների մասին:

Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ներկայացուցիչներին Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչման քաղաքականությանը կայուն եւ շարունակական աջակցության համար:

Թողնել պատասխան