Վ. Սարգսյան. Մենք համակարծիք ենք տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում

«Մենք համակարծիք ենք տարածաշրջանում առկա հակամարտությունները բանակցությունների և երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում և հուսով ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրներն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»,- նման հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Թբիլիսիում վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում:  Նախարարը նշել է, որ կողմերը վճռական են ՝ նշվածն իրականություն դարձնելու և դարերի ընթացքում ձևավորված վստահությունն ամրապնդելու՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության  և բարեկեցության:

Երկու երկրների պաշտպանության նախարարները տեղի ունեցած բանակցությունների ընթացքում  մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ հարցերի, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ու հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների վերաբերյալ. «Իմ գործընկերոջ և Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել ենք երկուստեք հետարքրություն ներկայացնող բազմաթիվ  հարցեր, անդրադարձել ենք ոչ միայն զուտ պաշտպանության ոլորտին, այլև տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, որոշակի ռազմաքաղաքական փակուղային հարցերի լուծման հնարավորություններին և այլն»:

Նախարարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ընդայնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների  միջև համագործակցության իրավական դաշտը. «Արդեն լավ նախադրյալներ կան լեռնային պատրաստության, ռազմական կրթության, խաղաղապահության, պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար»:

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներն այցի ընթացքում ստորագրել են երկկողմ պաշտպանական համագործակցության 2017 թ. ծրագիրը:

Թողնել պատասխան