Նիկոլ Փաշինյանը՝ Գիորգի Կվիրիկաշվիլիին. մեր ժողովուրդները կապված են խորը արմատներով

Կառավարության շենքում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կառավարության լրատվական վարչության տեղեկատվության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը և տարբեր բնագավառներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ վարչապետին Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և նշել, որ նրա այցը խորհրդանշական է:

«Մեկ դար առաջ մենք գրեթե միաժամանակ ձեռք բերեցինք անկախություն և մի քանի օր առաջ միասին տոնեցինք այս օրը Վրաստանում՝ Հայաստանի նախագահի մասնակցությամբ: Մեզ համար, իհարկե, Հայաստանի կայունությունն ու զարգացումը շատ կարևոր է, հետևաբար մենք ուշադիր հետևում ենք վերջին զարգացումներին: Հայ ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական սկզբունքներին, ինչը հանգեցրեց իշխանության խաղաղ փոփոխմանը», — հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ հյուրընկալության համար և կարևորեց հայ-վրացական հարաբերությունները:

«Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար պատմական հիմք ունեն: Մեր ժողովուրդները կապված են խորը արմատներով, և այդ կապն անբաժանելի է: Դա խորհրդանշական է և պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը եղավ հենց Վրաստան», — ասել է Փաշինյանը:

Թողնել պատասխան