Շովինիստական թերթերի համար հարևանների բացասական կողմերը դարձել էր զենք ներքին պայքարի համար

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 17-րդ հատվածը: Այս մասում ներկայացնում ենք «Ժողովրդական թերթիկ» եւ «Վրաստան» վրացալեզու թերթերում, 1916 թվականի հունվարին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/01/10 #7

Հայերի կյանքը

Զորակցություն փախստականներին
Կովկասի փախստականների հանձնաժողովի հոգաբարձու, գեներալ Թամամշևը վերադարձել է Ղարսի նահանգից: Այստեղ հայ փախստականներին հերթական օգնությունն են ցուցաբերել: Հայերի մասին Օսմանյան կայսրությունից անհանգստացնող լուրեր են գալիս: Պարսկաստանում բացեիբաց  սկսել են հետապնդել հայերին:

Ժողովրդական թերթիկ 1916 /01/12 #466

Մեր հարևանները

Ինչպես  տեղեկացնում են քաղաքների միության կովկասյան բաժնից, Վանում բնակվողների թիվը հետևյալն է. տղամարդ` 2,435, կին` 1,516, երեխա` 919, որբ` 201, հիվանդ` 68: Այս թվում հայերի թիվը կազմում է 2063: Ընդհանուր առմամբ, Վանի շրջանում բնակվողները տնավորվել են, սակայն, եթե նրանք ժամանակին գյուղատնտեսական և այլ օգնություն չստանան, ստիպված կլինեն շարժվել դեպի Կովկաս:

Ժողովրդական թերթիկ 1916/01/12 #476

Հայկական լրատվամիջոցներ

Նոր տարվա զեկույցում հայկական «Հորիզոն» թերթը նշում է, թե ինչպիսի տանջանքներ և վիշտ են ապրել հայերը նախորդ տարի, Օսմանյան կառավարության կողմից հայերին հետապնդելու օրինակներ է բերում և հետևյալ նամակը հրապարակում.

«Հույս ունենք, որ վիթխարի զոհերի, ինքնակամ օգնություն ցուցաբերելուց հետո, Ռուսաստանի հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը մեր նկատմամբ: Եթե այս անհրաժեշտ փոփոխությունը տեղի չունենա, Հայաստանի մնացած վայրերը նույնպես կոչնչացվեն: Այս ամենը հետագա երաշխիքն է: Մինչ մեր դաշնակիցների մոտ այս փոփոխությունները տեղի կունենան, մինչ Եվրոպայի ազնիվ մարդիկ կպաշտպանեն հայերի հարցը, մենք էլ կշարունակենք համախմբվել և պայքարել: Հրաժարվենք արցունքներից ու անօգուտ տրտնջոցից: Հարգենք մեր սարսափելի զոհերը և վիրավորներով ու կիսամահացածներով շարունակենք պայքարը: Մեր սրտում անվերջ կրենք հույսի կրակը: Երգենք, ինչպես ժամանակին սարսափելի պահերին լեհերը երգել են իրենց  ազգային երգը, որի յուրաքանչյուր տունը վերջանում է հետևյալ բառերով. «Դեռևս  չմահացած Հայաստան»:

Հայկական «Մշակ» թերթն ամանորյա ամփոփիչ հոդվածում նույնպես նշում է` նախորդ տարի հայ ժողովրդի համար սարսափելի տարի է եղել: Հստակ կարելի է ասել, որ մայր Հայաստանն այլևս գոյություն չունի: Երբ միլիոն ու կես բնակիչներից միլիոնը ոչնչացված` կոտորված է, կարող ենք ասել, որ Հայաստանում այլևս հայեր չկան: Նամակի վերջում թերթը գրում է. «Ազգային կյանքի այլ կողմերը` դպրոցական, տնտեսական, թատերական, գրականը կաղում են, քանի որ ուշադրությունը սևեռված է այլ ուղղությամբ: Մեր ուսումնարաններից միայն Էջմիածնի վարժարանը չի գործում: Թատրոնը բավականին լավ է աշխատում: Գրական ասպարեզում ուշադրության պետք է արժանանան «Ցիտեն» (Խաղաղության մասնաճյուղ) ժողովածուի հրատարակությունը: Այն կարելի է համարել Նոյան տապանի խաղաղության աղավնի: Նա պետք է սահման դնի` մեզ տանջում է տանջված հայ ազգի տանջանքը: Հայ հորիզոնում նոր արշալույս կբացվի: Այս խորը հավատով մենք դիմավորում ենք նոր տարին»:

Վրաստան 1916/01/13 #10

Վանի նկարագրությունը

Պարոն Պապաջանովի լիազորագրով պարոն Աթանասյանը նկարագրել է Վանի բնակչությունը: Ինչպես երևում է նկարագրությունից, Վանում այժմ բնակվում են` արական սեռի 1, 435 ներկայացուցիչ, իգական` 1516, երեխա` 919, այդ թվում 201 որբ: Ըստ ազգության՝ 2, 063 հայ են և 289 ասորի: Պարոն Աթանասյանը Ա.Ի. Խատիսովին տեղեկացնում է, որ բոլորը հաց և բնակարան ունեն, սակայն գարնան համար անհրաժեշտ կլինի սերմ, կենդանիներ և աշխատանքային գործիքներ: Եթե վերոնշյալը չտրվի ժամանակին, ժողովուրդը կտեղափոխվի Կովկաս:

Վրաստան 1916/01/13 #10

Օգնություն փախստականներին

Քաղաքապետ Ա.Ի. Խատիսովը Լոնդոնից` պարոն Թումանյանից 300 ստերլինգ է ստացել փախստականներին օգնելու համար:

Ժողովրդական թերթիկ 1916/01/13 #477

Հայկական «Պայքար» թերթը գրում է. Կովկասի տարբեր ազգերի` հայերի, վրացիների և թաթարների միջև հաճախ ցավալի թյուրիմացություններ են առաջանում, որոնք չէին լինի, եթե իմանային միմյանց: Ներքին և արտաքին քաղաքականության օգնությամբ, որոնցով այս ազգերը զբաղվում են մշակութային և քաղաքական հարցերում, որևէ պատկերացում չունեն ժողովրդի զանգվածների մշակույթի, գրականության և իրական հոգևոր տրամադրությունների մասին: Հայ ժողովուրդը վրացիների և թաթարների մշակութային կյանքի մասին գիտի այնքան, որքան չինական գրականություն: Նույնը կարելի է ասել վրացիների և թաթարների մասին, որոնք ընդհանրապես ոչինչ չգիտեն հայերի մասին: Սա շատ բացասական իրողություն է, որն անցանկալի հետևանքներ է ունենում։

Իրոք, երեք մեծ ազգերը, միասին ապրող, որոնք միանման շահեր և ցանկություններ ունեն, միանման քաղաքական և հասարակական հեռանկարներ, չեն կարողացել ճանաչել միմյանց: Դրա ամենակարևոր պատճառը, նախ, մշակութային գործունեության սահմանափակումն է ազգային շրջանակներում, ապա, շովինիստական լրատվամիջոցների հատուկ քաղաքականությունը: Կովկասյան ազգերի ազգային թերթերը միշտ փորձել են առաջ քաշել հարևան ազգի բացասական կողմերը, իսկ դրականը` ստվերի տակ գցել: Շովինիստական թերթերի համար հարևանների բացասական կողմերը դարձել էր զենք ներքին պայքարի համար: Նման թերթերի համար օգտակար է, որ զանգվածները մթության և վախի մթնոլորտում գտնվեն: Հայ շովինիստական թերթերն այս տեսանկյունից ոչնչով չեն զիջում վրաց շովինիստներին:

Օրինակնե՞ր, որքան ցանկանաք: Հայ մտավորականությունը ոչինչ չգիտի վրաց տաղանդավոր վիպասան Ի. Ճավճավաձեի, կամ վրաց ժողովրդի պարծանք, պոետ Ակակի Ծերեթելիի մասին: Նրանց տաղանդը մեզ տվել են այնպիսի գործեր, ինչպիսիք կգեղեցկացնեն բոլոր մշակութային ժողովուրդների գրականությունը: Հայ շովինիստական թերթերում ոչինչ չի գրվում վերոնշյալ գործիչների մշակութային դերի մասին, այդ պատճառով, մեր ժողովուրդը նրանց ճանաչում է, ոչ թե որպես գրականության գործիչներ, այլ որպես շովինիստներ, ովքեր սերմանում են ազգայնականություն:

Նույնը կարելի է ասել թաթարների մասին: Հայ ժողովուրդը ոչինչ չգիտի թաթարների մշակութային կյանքի մասին: Հայերը միշտ պատկերացրել են, թե այս մարդիկ ընդհանրապես զրկված են մշակութային հմտություններից: Նամակի վերջում թերթը կարծիք է հայտնում, որ ազգերին անհրաժեշտ է ավելի մոտենալ և ծանոթանալ միմյանց մշակույթին:

Ժողովրդական թերթիկ 1916 /01/14 #478

Մեր հարևանները. հայերի միջև

Քաղաքների միության հոգաբարձու Աթանեսյանը Վանից տեղեկացնում է, որ եթե Վանի մոտակայքում ապրող հայերի համար գյուղատնտեսական գործիքներ և ապրանք չուղարկվի, նրանք ստիպված կլինեն տեղափոխվել Կովկաս: Անհրաժեշտ է կառավարության և հասարակության օգնությունը:

Վրաստան 1916/01/20 #14

Հայերի հարցը Ռեյխստագում

Ռեյխստագում Ս. դեմոկրետ Լիբկնեխտը հայկական հարցի պատճառով արշավ է սկսել Կանցլերի դեմ` հետևյալ հարցերը ներկայացնելով. «Կանցլերը գիտի՞, թե ոչ, որ օսմանցիները հարյուր հազարավոր հայերի են կոտորում: Գիտի՞, թե ոչ, ինչ քայլեր է արվել դրա դեմ»: Ի պատասխան, բարոն Ֆոն Շտումսն ասել է. «Կանցլերն ամեն ինչ հիշում է, հիշում է կոտորածի լուրը և այն, որ հայերը մեր թշնամու ոգեշնչմամբ ինչ ցույցեր են պատրաստում: Դա է դարձել օսմանցիների ծայրահեղության պատճառը, որպեսզի հայերին տեղահանեն և բնակեցնեն այլ վայրում: Այսօր մեր և օսմանյան կառավարության կարծիքները համընկնում են, թե որտեղ և ինչ միջոցներ կիրառել կարգ ապահովելու համար: Ինչ վերաբերում է մանրամասներին, դրանց հանրայնացնելու իրավունքը չունենք»:

Վրաստան 1916/01/23 #17

Հայերի կյանքը

«Բաքու» թերթը հայ փախստականներին փոխանցելու համար 110 մանեթ է ստացել: Հայ առատաձեռն հասարակությունը Բաքվում երեկույթ է կազմակերպել: Ընդհանուր օգուտը կազմել է 1077 մանեթ, իսկ հասարակությանը օգուտ է մնացել 835 ման.:

Վրաստան 1916/01/26 #19

Արզրումի դատարկումը

“Листок”-ը տեղեկություն է ստացել, որի համաձայն, Արզրումը ամբողջովին դատարկվել է:

Վրաստան 1916/01/28 #21

Հայերի կյանքը

Լոնդոնում, տիկին Ռաբինսոնի գլխավորությամբ հիմնվել է օսմանյան հայերի որբ երեխաներին աջակցող հանձնաժողով, որը Անգլիայում շատ հագուստ և գումար է հավաքել։ «Հորիզոն» թերթը հայ փախստականների համար 82, 668 մանեթ գումար է ստեցել:

Վրաստան 1916/01/29 #22

Հայերի կյանքը

«Հորիզոն» թերթի վերջին համարում տեղ գտած զեկույցից պարզ է դառնում, որ այս թերթի օգնությամբ հայ «դրուժինիկների» համար հավաքվել է 11. 493 մանեթ, իսկ օսմանյան հայերին և  հարձակումների ենթարկվածների համար` 82. 668 մանեթ: Որոշ ժամանակ առաջ Թբիլիսիում հիմնվել է աշխատանքի բյուրո, որի նպատակը օսմանյան հայ արհեստավորների, բանվորների, ուսուցիչների և այլոց աշխատանքով ապահովելն է (Թ. Ա.):

Վրաստան 1916/01/29 #22

Էլի աքսորվածներ

Պարոն Աբովյանցը Ալաշկերտի Կարակլիսիից հայ գյուղատնտես հանրությունը հեռագրով տեղեկացրել է. նոր նվաճված օսմանյան գավառներից աքսորվածների նոր ալիք է երևում, բնակարաններ չկան, տեղեկացրեք` ինչպես գործեմ, աքսորվածներին տեղավորե՞մ Կարակլիսի մոտակա գյուղերում, թե՞ Կովկաս բերեմ:

Վրաստան 1916/01/31 #24

Աքսորված հայերի հոգատարությամբ զբաղվող Թբիլիսիի հանձնաժողովի ղեկավար Համբարձում Առաքելյանը հրաման է տվել կազմել Թբիլիսիում գտնվող աքսորվածների ցուցակ, որը հետագայում պետք է ներկայացնի Թբիլիսիի քաղաքապետին, որպեսզի այդ ցուցակների հիման վրա փախստականներին պարեն բաժանվի:

Վրաստան 1916/01/31 #24

Հայերի կյանքը

«Հորիզոն»-ի խոսքերով, Գյանջայի մարզի 8 գյուղում այժմ 1.084 աքսորված կա, որոնցից 202-ը ասորի են: Քաղաքների միությունը երկու հիվանդանոց է բացել: Փախստականների համար նույնիսկ բաղնիքներ են գործում: Հայ գլխավոր կոմիտեն քաղաքների միության կովկասյան բաժնին տեղեկացրել է. աքսորվածների երեխաների համար Թբիլիսիում ընդհանուր առմամբ 6 ապաստարան կա: Այդ ապաստաններում 700 երեխա է տեղավորված (Ս.Գ.):

Վրաստան 1916/02/11 #32

Հայերի կյանքը

Պետրոգրադի հայկական եկեղեցական խորհուրդը 5 հազար մանեթ է նվիրաբերել Թբիլիսիի հայ գյուղատնտեսական հասարակությանը: Թբիլիսիի հայ գյուղատնտեսական  հանրությունը հոգաբարձու Աբովյանը Ալաշկերտից տեղեկացնում է, որ ռուսների կողմից նվաճած Մուշից և այլ վայրերից 300 փախստական է եկել: Աբովյանը օգնություն է խնդրում:

Վրաստան 1916/02/12 #33

Օգնություն աքսորվածներին

Քաղաքների միության կովկասյան գրասենյակը կարիքավորներին օգնելու նպատակով 30 հազար մանեթ է ուղարկել Երևանի նահանգապետին: Պարոն նահանգապետը հեռագրով տեղեկացնում է պարոն Խատիսովին, որ ստացված գումարից 20 հազարը աքսորվածներին օգնելու համար տվել է Խորեն եպիսկոպոսին, իսկ մնացած 10 հազարը` մոսկովյան հայերի հանձնաժողովի երևանյան բաժնին` նույնպես աքսորված հայերի համար:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Թողնել պատասխան