Վրաստանի գլխավոր դատախազությունը չի բացառում պատրիարքի դեմ մահափորձի վարկածը

«Չնայած նրան, որ հայտնաբերված ցիանիդի ծավալը փոքր է, դրանով հնարավոր էր մի քանի մարդ սպանել»,- այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գաբիտաշվիլին` «Կվիրիս պալիտրա»  թերթին տված հարցազրույցում: Ինչպես հայտարարել է Գաբիտաշվիլին, այս պահին հետաքննության կողմից պարզվել է, որ հանցագործության դրդապատճառ է հանդիսանում շահը:

Գիորգի Գաբիտաշվիլիի խոսքով, հետաքննությունը հայր Գիորգի Մամալաձեի վերաբերյալ փաստեր է առաջ բերել. «Գործում կան վկաների ցուցմունքներ, որոնք մատնանշում են, որ մեղադրյալը պատրաստ է եղել հանցագործության համար: Նատրիումի ցիանիդը, որը հայտնաբերվել է Մամալաձեի պայուսակում, վտանգավոր է մարդու կյանքի համար»,- հայտարարել է Գաբիտաշվիլին:

Գլխավոր դատախազի տեղակալը նշել է նաեւ, որ դատախազության տարածած հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Խոսքը մեկ անձի մահափորձի մասին է: Մենք չենք նշել, որ հնարավոր է դա լինի բարձրաստիճան հոգեւորական, ինչը հետաքննության այս փուլում եւս չենք կարող հաստատել, կամ` բացառել: Այս պատճառով հետաքննությունն ընթանում է մի քանի ուղղությամբ»,- հայտարարել է Գաբիտավիլին:

Թողնել պատասխան