Հավլաբարի Շամխորեցոցի հարեւանությամբ ընթացող շինարարությունը շարունակում է քննարկվել վրացական մամուլում

Վրացական Liberali.ge պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Թբիլիսիի Հավլաբար թաղամասի, Իսանի 18 հասցեում գտնվող, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում ընթացող բնակելի շենքի կառուցման վերաբերյալ: Հոդվածում նշվում է, որ կառուցվող եռահարկ շինությունը երկաթբետոնե շենք է: Հողակտորը 560 քառակուսի մետր է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7:
Հոդվածն անդրադառնում է «Թբիլիսիի համքարներ» ՀԿ-ի ահազանգին, առ այն, որ բնակելի տունը շատ մոտ է եկեղեցուն, իսկ կառուցումից հետո ամբողջությամբ կծածկի եկեղեցու արևելյան պատը: Ծրագրում, նկարներում և պաստառներում եկեղեցին նշված չէ: Եկեղեցին 19-րդ դարում կառուցել են Շամխորից գաղթած հայերը: Եկեղեցու գմբեթը փլուզվել է 1989 թվականի երկրաշարժից:
Հոդվածագիրը անդրադառնում է նաեւ մշակութաբան Ցիրա Էլիսաշվիլիի` եկեղեցու վերաբերյալ կարծիքին, ով գտնում է, որ շինարարությունը խախտում է հուշարձանի պաշտպանության գոտիները, և նման հեռավորության վրա շինարարական աշխատնանքները տեղին չեն:
«Շամխորեցոց եկեղեցին բացառիկ պատմական հուշարձան է, որը պատկանել է Շամխորից գաղթած թեմին և ժամանակին ամենամեծ եկեղեցին է եղել Թբիլիսիում: Չնայած նրան, որ այսօր այն փլուզված է, նրա կարևորությունը չի նվազում: Ելնելով այս ամենից` հուշարձանն ունի իր պաշտպանության գոտիները, որոնք խախտվում են այս շինարարությամբ: Կարևորը այն է, որ ծրագրի հեղինակները փաստորեն խաբեության են մատնում հանրությանը, քանի որ որևէ տեղ եկեղեցին չի նշվում: Մարդիկ կարծում են, թե այդ տունը կառուցվում է բաց դաշտում: Այս թաղամասը այնքան կարևոր է, որ ճարտարապետության խորհրդի անդամները պետք է հասկանային, որ եռահարկ շինությունը, գումարած կտուրը խախտում է հուշարձանի ֆիզիկական և տեսողական պաշտպանության տարածքը»,- հայտարարել է Էլիսաշվիլին:
Թբիլիսիի ճարտարապետության ծառայությունից «Liberali.ge» լրատվականին տեղեկացրել են, որ շինարարության նախագիծն ուղարկել են Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարություն, որտեղից դրական պատասխան են ստացել:

Թողնել պատասխան