Վրաստանում իշխող թիմը խոսում է սահմանադրական միապետության անցնելու մասին

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն այսօր` հունիսի 18-ին, հայտարարել է, թե սահմանադրական միապետությունը Վրաստանին խաղաղություն կբերի:

«Վրաստանը հնագույն երկիր է, հնագույն մշակույթով: Գուցե մտածենք այն մասին, որ Վրաստանը հնագույն միապետություն է: Աստծո օրհնանքով՝ տիրում էին թագավորները: Այսօր աշխարհում հաճախ է լինում, երբ միապետական է կոչվում երկիրը, թագավորներ կան, բայց չեն կառավարում: Դա նշանակում է սահմանադրական միապետություն: Սա, իհարկե, այսօր և վաղը տեղի չի ունենա, սակայն մենք պետք է վերլուծենք անցյալը, ներկան ու ապագան»,- ասել է Իլյա երկրորդը:

Կաթողիկոս-պատրիարքի այս հայտարարությունը քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում, իսկ առավել ուշագրավն այն է, որ իշխող թիմից նույնպես արձագանքել են՝ ողջունել պատրիարքի գաղափարն ու խոստացել մտածել այդ ուղղությամբ:

Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան կարծում է, որ պատրիարքի առաջարկը «շատ հետաքրքիր է»:

«Սա շատ հետաքրքիր միտք է: Միտք, որն արժանի է քննարկել անցյալի և ներկայի համատեքստում: Կարող ենք հաշվի առնել այն երկրների փորձը, որտեղ սահմանադրական միապետություն է և ինչպիսի կայունություն է այնտեղ: Եթե հաշվի առնենք Վրաստանի պատմական փորձը և առանձնահատկությունները, ապա այս գաղափարը վերլուծել է պետք»,- հայտարարել է Բեսելիան:

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի խոսքերով էլ, «միապետությունը Վրաստանին կտա առանձնահատկություն, անհատականություն և երկիրն ավելի գրավիչ կդարձնի»:

«Պատրիարքի դիրքորոշումը միշտ մեծագույն պատվի է արժանացել: Այսօր, միգուցե, սահմանադրական միապետություն համար պատրաստ չենք, սակայն հետագայում վրաց քաղաքական դաշտում թեման լրջորեն կքննարկվի»,- ասել է Մդինարաձեն:

«Սահմանադրական միապետությունն այսօր չի կարող իրականություն դառնալ, քանի որ թագավորի ազգանունը, ընտանիքը, թագավորական տունը հաստատված չէ: Երևի շատ ժամանակ կպահանջվի, սակայն եթե հիմա դրական տրամադրվածություն լինի` վատ չի լինի»,-մանրամասնել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիա Վոլսկին:

Թողնել պատասխան