Վրաստանում ճանապարհային նոր տեսախցիկներ կտեղադրվեն

Վրաստանի  ճանապարհներին տեղադրված տեսախցիկների մի մասը լիարժեք կերպով չի   աշխատում: Այս մասին  «AMBEBI.GE» լրատվականին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Նա խոստովանել է, որ ճանապարհային տեսախցիկների մի մասը չի գործարկվում,  դրանց 30%-ը  անորակ տեսագրություն  է անում, կամ ընդհանրապես չի աշխատում:

Ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ  այժմ հարցի կարգավորման ուղղությամբ Վրաստանի ողջ տարածքում աշխատանքներ են սկսվել` ստուգվում են բոլոր տեսախցիկները, նաև տեղադրվում են նորերը:

Խուցիշվիլին նշել է,  որ նախարարությունը ուզում է ձեռք բերել ամենավորակյալ տեսախցիկները, այնպիսիք, ինչպիսիք   օգտագործում է Նյու-Յորքի, Լոնդոնի,  Դուբայի ոստիկանությունը:

Փոխնախարարի խոսքով,  նոր տեսախցիկները խախտումները գրանցում են ավտոմատ կերպով, ինչը թույլ է տալիս  ոստիկաններին ամեն անգամ անձամբ չհետևել  երթևեկության ընթացքին:

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող տեսախցիկները ունեն ևս մեկ առավելություն. «երբ  վարորդը մեքենայի արագությունը իջեցնում է  միայն տեսախցիկի մոտ, այնուհետև այն անցնելով կրկին ավելացնում, դա  խախտում է, որը նոր տեսախցիկները արդյունավետ կերպով արձանագրում են»:  Ասել է ՆԳՆ պաշտոնյան, հավելելով, որ այս մեխանիզմը, որ արդեն  աշխատում է Լատվիայում, թույլ է տվել    50 %-ով  կրճատել ճանապարհատրանսպորտային խախտումների  ու պատահարների  թիվը:

Թողնել պատասխան