Տիմոշենկոն, Սաակաշվիլին, վրաց-ուկրաինական «լիբերալիզմն» ու նացիզմը

Ստորև ներկայացնում ենք գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեի` «Յուլիա Տիմոշենկոն, Միխեիլ Սաակաշվիլին, վրաց-ուկրաինական «լիբերալիզմն» ու նացիզմը» վերտառությամբ հոդվածի հայերեն թարգմանությունը, որը առաջին անգամ լույս է տեսել 2014 թվականին:

Ջորջո Ագամբենը իր «Homo Sacer» դասական աշխատությունում լավագույնս նկարագրում է արևմտյան լիբերալ համակարգը, որպես ֆաշիզմի և նացիզմի ծնող: Ռեսուրսների ոչ բավարար լինելու գաղափարի վրա հիմնված համակարգը վաղ թե ուշ բոլորին թշնամի է դարձնում եւ հենց այստեղից էլ սկիզբ է առնում կորպորատիզմը, ռասիզմը, նացիզմը և այլ տեսակի ֆոբիաները: Իմպերիալիզմը նույնպես ակնհայտ է, որ առաջացել է հենց այս չբավարարվածության համակարգից: Այսօր, մի կողմից հետաքրքիր է, թե ինչպես են  փորձում կիսել Ուկրաինան տարբեր իմպերիալիստական բեւեռների ներկայացուցիչները` առանց Ուկրաինայի ժողովրդի կարծիքը հարցնելու: Բնակչության մեծամասնությանը ոչինչ չեն հարցրել ո՛չ Կիևում տեղի ունեցած և ոչ էլ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հիշեցնեմ, որ Ուկրաինայում, բացի Ղրիմից, մոտ 8 միլիոն ռուս է ապրում: Նրանք ակտիվացել են հայտնի «Մայդանի» իրադարձություններից հետո: Որոշները դաշնային համակարգ են պահանջում, որոշներն էլ՝ ընդհուպ մինչեւ Ուկրաինայից անջատում:

Այս ամենին համընթաց տարածվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հեռախոսազրույցն իր ընկերներից մեկի հետ, որտեղ նա ռուսերենով հստակ հայտարարում է, որ անհրաժեշտ է «Մայդանի» իրենց բոլոր հակառակորդներին, բառիս բուն իմաստով, սպանել: Երբ իր զրուցակիցը հիշեցնում է նրան, որ խոսքը 8 միլիոն մարդու մասին է, «գազի թագուհին» ուղիղ ասում է, որ այս 8 միլիոն մարդը արժանի են ատոմային ռումբով ոչնչացման:

Սկզբում այս մարդու հայտարարությանը, ակնհայտ է, բոլորի կողմից արձագանք կար: Խոսվում էր այն մասին, որ դա օտարերկրյա հատուկ ծառայությունների PR քայլ է, չնայած այն իրողությանը, որ Տիմոշենկոն հաստատել է հեռախոսազրույցի իրական լինելը` նշելով, թե այդ խոսակցությունից «միայն փոքր մանրամասներ է մոնտաժված»: Այս առիթով Արևմուտքին հաճոյանալ ցանկացող ազատության նախկին պաշտպանները հայտարարեցին, որ նման հայտարարությունները դուրս են քաղաքակիրթ բանավեճի կանոններից և Տիմոշենկոյի` Ուկրաինայի նախագահի թեկնածությունը չի կարող լուրջ լինել: Նրա վարկանիշը այժմ 8-ից 9 տոկոսի է հասնում, ինչն աջակողմյան թևի այլ ուժերին զիջում է:

Արևմտյան PR որոշ մասնագետների կարծիքով, այս ակնհայտ նացիստական մեկնաբանությունները Տիմոշենկոյի կողմից արվել են հենց ուկրաինական աջակողմյան գաղափարների կրող, այլատյաց ընտրազանգվածին հաճոյանալու նպատակով, քանի որ դա համարվում է իր թույլ կողմը: Ինքը` Տիմոշենկոն, Դնեպրոպետրովսկից է, այսինքն Ուկրաինայի «ռուսական հատվածի» ներկայացուցիչ է, ով նույնիսկ ուկրաիներեն չգիտեր մինչ չափահաս դառնալը եւ միայն 1990-ական թվականներին քաղաքական կոնյուկտուրայի ազգայնական դառնալու շրջանում է սովորել լեզուն:

Բոլորին է հայտնի, որ «Գազի թագուհին» բավականին ճկուն քաղաքական գործիչ է: Նա կարողացել է ըստ էության կառավարել Յուշչենկոյին, Յանուկովիչին և իր բոլոր նախկին տղամարդ բոսերին: Այս ամենով հանդերձ նաեւ կնոջ համար նման անսովոր` «մաչոիզմով» լի եւ այլատյացությամբ պարուրված հայտարարություն է անում եւ ապա չի էլ ժխտում այն: Պետք է նաեւ հաշվի առնել, որ սա նախընտրական քարոզարշավի մաս է: Այնուամենայնիվ, Տիմոշենկոյի այս հայտարարությունն իր ազգայնական շատ համախոհներին ստիպել է հրաժարվել նմանատիպ արտահայտություններից: Նման հայտարարություններին, սակայն, հրապարակավ աջակցություն չի եղել առնվազն 1930-ական թվականներից ի վեր: Մարդկությունը տեւական ժամանակ է` հրաժարվել է նման ծայրահեղական և բռնություն պարունակող ձեւակերպումներից ու գործողություններից, սակայն տիկին Յուլիայի կողքին անմիջապես հայտնվել է իր համախոհ և ընկեր Միխեիլ Սաակաշվիլին: Նա ներկա է գտնվել «Բատկիվչինի» կուսակցության համագումարին և հրապարակավ աջակցել Տիմոշենկոյի թեկնածությանը:

Փորձենք հասկանալ` ինչ է տեղի ունենում: Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ 21-րդ դարում, երբ մարդկությունը հրաժարվում է ֆաշիզմից և յուրաքանչյուր տիպի խտրականությունից, Եվրոպայի չափսերով ամենամեծ պետության նախագահի թեկնածուն և նախկին վարչապետը, ում ազատության համար ընդամենը 1 տարի առաջ պայքարում էր ողջ քաղաքակիրթ աշխարհը, հանկարծ այնպիսի նացիստական հայտարարություն է անում, որից, հնարավոր է, հեռու մնար նույնիսկ Հիտլերը: 8 միլիոն մարդու ատոմային ռումբով «ոչնչացնելը» ակնհայտորեն նման է հրեաների նկատմամբ Հիտլերի «վերջնական որոշմանը»: Բարեբախտաբար Հիտլերը ատոմային ռումբ չի ունեցել, Տիմոշենկոն նույնպես չպետք է ունենար, չնայած Ուկրաինան, միևնույն է, նախկինում միջուկային զենք ունեցող պետություն է:

Ամոթալի է, որ Վրաստանի նախկին նախագահը նման հայտարարության հեղինակին հավատարմության երդում է տալիս  և ընտրություններում (արդեն երկրորդ անգամ) հրապրակավ աջակցում: Հարկ է նշել, որ Սաակաշվիլին ինքը մի քանի ռասիստական և այլատյացություն սերմանող հայտարարության հեղինակ է (հիշենք. «Մենք հո սևամորթ (նեգր) չենք», «Այս մոնղոլոիդները»… իբր սևամորթներն ու մոնղոլոիդները Սաակաշվիլիից ինչ-որ բանով պակաս են): Սակայն, այստեղ արդեն գործ ունենք ուղղակի սպառնալիքի հետ: Այս հայտարարությունները միջազգային հանրության ներկայացուցիչների կողմից առանց ուշադրության չեն մնացել: Ուշադրությունից չի խոսափել նաև Սաակաշվիլիի աջակցությունը Տիմոշենկոյին: Հիմա Սաակաշվիլին և КГБ-ի սպա իր մորեղբայրը, փորձում են Վրաստանի իշխանություններին խելք բացատրել և Տիմոշենկոյի նման ծայրահեղ գործողությունների են դիմում: Սա, իհարկե, Վրաստանի համար ճակատագրական կլինի:

Մի բան է չաջակցել ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ իմպերիալիստական քաղաքականությանը եւ ակտիվորեն, առանց բռնության պայքարել դրանց դեմ, ինչպես դա անում էր Մերաբ Կոստավան, մեկ այլ բան է «Գազի թագուհու» ակնհայտ նացիստական նախագահական քարոզարշավին ներգրավվել որպես կողմ: Դեռ մի կողմ թողնենք օտար երկրի ներկայացուցչի ներգրավումը որևէ այլ պետության ներքին գործերի անընդունելի լինելու իրողությունը, սակայն նեո-նացիստական թեկնածուներին աջակցելը դրանից էլ ավելի մեծ կազուս է: Տիմոշենկոն այս մեկնաբանություններով ցույց է տվել, որ հաշվարկել է իր ընտրական ռազմավարությունը, որն ուղղված է ծայրահեղ տրամադրված ուլտրա-աջակողմյան ընտրազանգվածի մոբիլիզացմանը: Հայտնի է՝ որպես կանոն, նման թեկնածուները չեն հաղթում, սակայն բացառություններ նույնպես լինում են, ինչպես օրինակ Ռայխստագի` 1933 թվականի ընտրությունները, երբ նացիստները Գերմանիայի «լիբերալ» համակարգում առանց որևէ խնդրի հաղթեցին:

Հենց այստեղ է շատ հետաքրքիր Ջորջո Ագամբենիի վերլուծությունը ժամանակակից քաղաքական գիտությունների ռեսուրսում: Նեոլիբերալ համակարգը շարունակում է կրկնել նախորդ դարի 20-30-ական թվականների լիբերալ համակարգի սխալներն ու հանցագործությունները: Շարունակվում է «Անբավարարվածության մոդել»-ի` ինչպես ռեսուրսների, այնպես էլ իշխանության անբավարարության մոդելի խրախուսումը: Այսպիսով, ինչպես Հիտլերն ու Մուսոլինին չեն եղել առանձին և բացառիկ դեպքեր 30-ական թվականների սկզբին, այնպես էլ Տիմոշենկոն և Սաակաշվիլին չեն այսօրվա աշխարհի համար բացառիկ ֆաշիստներ: Այո, այս տրամադրությունները խրախուսվում է անբավարարության համակարգի վրա հիմնված լիբերալ արժեքներով:

Եթե շարունակելու լինենք բացարձակ հաղթանակների տրամաբանությամբ (Zero-sum game), ապա լիովին սպասելի է ոչ միայն նման առաջնորդների հայտնվելը (նրանք, բնության մեջ միշտ գոյություն ունեն), այլ նաև նրանց ընտրազանգվածի հաջողությունը: Տիմոշենկոն այնքան էլ հիմար քաղաքական գործիչ չէ, որ չհասկանա իր ասածի էությունը: Նրա խոսքերը ակնհայտորեն ընտրությունների հետ են կապված: Նա հույս ունի, որ Ուկրաինայում, այս պղտոր ջրում կկրկնվի 1933 թվականի գերմանական մոդելը: Ակնհայտ է` իր երկրի ռազմական ներուժը տարբեր է, սակայն իր պոտենցյալ ընտրազանգվածի շրջանում հաջողության հասնելու համար նման հայտարարությունը կարող է օգտակար լինել: Ինչպես Պուտինի համար չափազանց ձեռնտու է ռուսական իմպերիալիստական նացիոնալիզմի դրոշ բարձրացնելը, այնպես ինչպես Սաակաշվիլիի համար էր օգտակար ազգայնական ծայրահեղականությունը 2008 թվականի պատերազմի ընթացքում: Այո, այս բախտախնդիր քաղգործիչների պահվածքի ետևում շատ ավելի խորը խնդիր է կանգնած:

Այսօր, մենք ապրում ենք աշխարհում, որը զրկված է «վավերական արժեքներից, որտեղ միակ չափորոշիչը նյութական հարստությունն է և իշխանությունը: Սա 21-րդ դարասկզբի ընդհանուր հիվանդությունն է: Դրա դեմ պետք է փորձեն պայքարել բոլոր ժողովուրդները, սեփական ռեսուրսներով, չնայած, չպետք է մոռանանք ուրիշների լավ օրինակներն ու փորձը: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդվել այսօրվա նեոլիբերալիզմի կողմից ստեղծված «համընդհանուր ֆաշիզմի» սինդրոմով, որտեղ հանրաճանաչ քաղաքական գործիչները չեն խուսափում խոսել 8 միլիոն մարդու ոչնչացնելու մասին: Արդյոք ճիշտ չի լինի, որ մարդու գործառույթներին նայենք այլ տեսանկյունից և նյութական «հաջողության» փոխարեն մարդկային գոյության այլ իմաստ որոնենք: Մարդկության պատմության ընթացքում շատ օրինակներ կան, երբ մարդիկ ծառայում են գաղափարին, ազնիվ գաղափարին: Պողոս առաքյալի և այլ մտածողների համամարդկային հումանիզմը, որը կորել է մեզ մոտ և շատ այլ վայրերում, գուցե պետք է գիտակցել սա եւ վերադառնալ այդ արժեքներին:

Մենք` վրացիներս նույնպես նման օրինակներ ունենք: Դրանցից մեկն է Գրիգոլ Խանձթելին` համընդհանուր մարդասիրության վրացի ծառան դեռևս այսպես կոչված «Ուշ միջնադարում»: Եվս մեկ օրինակ է Վաժա Փշավելան և իր գործերը: «Հյուր-հյուրընկալ» ոգին այսօր պակասում է մեր` այլատյացությունով լցված, կիսաֆաշիստ միջավայրում, որտեղ ռուսատյացությունը կամ ատելության որեւէ այլ դրսեւորում հաջող կերպով հաջորդում են մեկը մյուսին: Ժամանակակից գրողների և հեղինակների շարքերում նույնպես նման օրինակներ ունենք:

Մեր` Վրաստանի պարագայում կուզեի երկու կնոջ օրինակ բերել, ովքեր ո՛չ գործարար են և ո՛չ էլ քաղաքական գործիչ, սակայն իրենց մարդասիրական մտածելակերպով, իսկապես, բոլոր գործարարներից և քաղգործիչներից շատ բան են անում: Նաիրա Գելաշվիլին և Դոդոնա Կիզիրիան: Այս երկու կանայք արդեն լավ են հաստատվել գրական կամ գիտական շրջանակներում` նրանք արդեն երկար ժամանակ է մարդասիրական ծառայություն են իրականացնում: Նրանք, եթե Հայդեգերից «գողանալու» լինեմ. «հստակ» մարդասիրական առաքելություն են իրականացնում, որին Վրաստանը կարող է ծառայել: Կովկասյան համատեքստում սա կնաշանակի վեր կանգնել նեղ նացիոնալիզմից և այլատյացությունից (քսենոֆոբիա) և համընդհանուր կովկասյան տան մասին մտածել: Եվրամիությունն էլ մ՞ի թե նման համակարգ չէ: Վստահ եմ` մենք կարող ենք լինել մարդասեր, պարզապես մարդասիրության վերածնունդ է անհրաժեշտ:

Իհարկե, կարելի է ավելի շատ հեղինակների թվել ներկայիս վրաց իրականությունում, այդ թվում երիտասարդ գրողներ Գիորգի Լոբժանիձեին, Գագա Նախուցրիշվիլիին, Ռատի Ամաղլոբելիին, Շալվա Բակուրիձեին, Զուրաբ Ռթվելիաշվիլիին և շատ շատերի: Մենք նաև այնպիսի լուրջ մտավորականներ ունենք արտասահմանում, ինչպիսիք են Գիա Էձգվերաձեն կամ Պաատա Քուրդաձեն: Մինչդեռ մեր «մտավորական էլիտան» չի շեղվում «ինքնության քաղաքականության» կոնյուկտուրայով գծված սահմաններից, չի կարողանում դուրս գալ նեղ կորպորատիվ հոգեբանությունից: Չի կարողանում արտացոլել այսօր գոյություն ունեցող հարացույցը (պարադիգմ), քանի որ իր համար տեսանելի չէ ստեղծագործական տարածքը եւ երբ նման բան է տեղի ունենում, ապա Տիմոշենկոյի և Սաակաշվիլիի սինդրումն անխուսափելի է նաև նման մտավորականների համար:

Երկար ժամանակ է, ինչ մոդեռնն անցել է պատմության գիրկը: Հիմա նույնիսկ պոստմոդեռնն է անցյալում, երբ մարդու ինքնությունն իր գոյության միակ որոշիչ գործոնն էր: Հիմա մարդու թափանցիկությունն ու գործողությունները պետք է սահմանեն վերջինիս գոյությունն ու տեղը: Վստահ եմ հնարավոր է հասնել այս նպատակին, ուստիև չպետք է վախենանք այս մարտահրավերից:

Հակառակ դեպքում տիմոշենկոները, սաակաշվիլիները, КГБ-ի գեներալ Պուտինը, թե Թեմուր Ալասանիան նորմալ երևույթներ կլինեն և մարդկությունը կկանգնի հերթական կատակլիզմի առջև:

Իրակլի Կակաբաձե
Լիբերալի պարբերական, 2014 թ.

Թարգմանությունը` Նորիկ Գասպարյանի

Թողնել պատասխան