Փակվել է Թբիլիսիի` Դեմիրելի անվան «գյուլենական» դպրոցը

21390661_1846987798664692_1704404461_o

Վրաստանի կրթության նախարարության` Կրթության որակի բարձրացման կենտրոնի որոշմամբ, փակվել է Թբիլիսիում 1993 թվականից գործող Դեմիրելի անվան մասնավոր դպրոցը: Թուրքական այս դպրոցը համարվում էր այժմ ԱՄՆ-ում բնակվող, 2016-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրվող Ֆեթուլլա Գյուլենի դպրոցների ցանցի մասը:

Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո, մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Անկարան պահանջում է դադարեցնել Վրաստանում գործող գյուլենական դպրոցների գործունեությունը: 2017-ի փետրվար ամսին Վրաստանի Կրթության որակի բարձրացման կենտրոնը որոշում կայացրեց զրկել Բաթումիի` Ռաֆադդին Շահինի անվան դպրոցի արտոնագիրը: Դպրոցի ղեկավարությունը որոշումը ապօրինի որակեց, նշելով, որ այն կայացվել է քաղաքական դրդապատճառներով:

Օգոստոսի 29-ին Կրթության նախարարության միեւնույն մարմնի կողմից արդեն Թբիլիսիի Դեմիրելի մասնավոր քոլեջի փակումը պատճառաբանվեց ուսուցիչների եւ աշակերտների գրանցման ընթացակարգային խախտումներով, ինչպես նաեւ դպրոցի ենթակառուցվածքների եւ տեխնիկական հագեցվածության ոչ բավարար լինելու հանգամանքով:

Կրթության որակի բարձրացման կենտրոնի լիցենզավորման խորհրդի անդամ Ռեվազ Ափխազավան, Civil.ge պարբերականի հետ զրույցում նշել է, թե դպրոցի գործունեության դադարեցման որոշումը քաղաքական որոշում չի եղել: «Դպրոցի աշակերտների ընդունելության ընթացքում Վրաստանի օրենսդրությանը հակասող որոշումներ են կայացվել: Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ընդունելության ընթացքում 87 աշակերտ գրանցվել է օրենքի խախտումներով»,- ասել է Ափխազավան:

Իր հերթին Վրաստանի կրթության նախարարության հանրային կապերի պատասխանատու Նատա Ասաթիանին, անդրադառնալով Դեմիրելի քոլեջի փակմանը հայտարարել է, որ նախարարությունը ներկա պահին բանակցություններ է վարում Թբիլիսիում գործող մի քանի մասնավոր դպրոցների հետ, Դեմիրելի դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին այլ կրթական հաստատություններում «տեղավորելու» նպատակով:

Ի դեպ, դեռեւս նախագահներ Էդուրադ Շեւարնադձեի եւ Սուլեյման Դեմիրելի միջեւ կնքված համաձայնագրի արդյունքում բացված թուրքական այս դպրոցի արդեն նախկին ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուկը, այս տարվա մայիս ամսին ձերբակալվել էր` Թբիլիսիի առաջին ատյանի դատարանի որոշմամբ: Թուրքիայի իշխանությունների պահանջով, ի սկզբանե 3 ամսով ձերբակալված Չաբուկի կալանավորման ժամկետը` օգոստոսի 23-ին երկարաձգվեց եւս 3 ամսով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>