Աբխազական պատվիրակությունը Ստեփանակերտում է. արձագանքներ Թբիլիսիից

Աբխազիայի փոխարտգործնախարար  Կան Տանիան  ֆեյսբուքի իր էջում Ստեփանակերտում  արված լուսանկարներն է տարածել:  Գրում է «netgazeti.ge»-ն` ընդգծելով, որ լուսանկարներում  երևում է` Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի փոխարտգործնախարարը  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու  Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ  մասնակցում է տոնական միջոցառմանը:

«Հանրապետության գոյության 25 -ամյակի առիթով մասնակցեցինք Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ  Բակո Սահակյանի կազմակերպած տոնական ընդունելությանը» -Կան Տանիայի խոսքերն է մեջբերում  վրացական պարբերականը:

«netgazeti.ge»-ն նաև հիշեցնում է, որ  Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը:  2008 թվականի  ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանն է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի  անկախությունը:

Տեղեկացնենք, որ արդեն 25-րդ տարին անընդմեջ  սեպտեմբերի 2-ին  Արցախում մեծ շուքով  նշում են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տարեդարձը:

«Interpressnews» լրատվականը եվս անդրադարձել է Աբխազիայի պատվիարկության Լեռնային Ղարաբաղ այցին` մեջբերելով  Աբխազիայի փոխնախագահ  Վիտալի Գաբնիայի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մինչ գլխավոր նպատակին` Հանրապետության անկախության  հասնելը  դժվարին  ճանապարհ է անցել: Աբխազիայի համար կարևոր է հատկապես այս կարևոր օրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին լինել:

Ըստ «Interpressnews»-ի, Գաբնիան հույս է հայտնել, որ  Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները ապագայում ավելի կխորանան:

Լուսանկարը՝ Կան Տանիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Թողնել պատասխան