Աբխազիայի էներգետիկ համակարգը վատ վիճակում է

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում էներգետիկ համակարգը վատ վիճակում է և իրավիճակը գնալով ավելի է վատանում: Այս մասին գրում է վրաստանյան «Netgazeti» պարբերականը` նշելով, որ դա կապված է ենթակառուցվածքների, հարկերի վճարման և էլեկտրաէներգիայի սպառման աճի հետ:

«Նախնական տվյալներով` այս խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է 280 մլն ռուբլի կամ 5  մլն ԱՄՆ դոլար»,- հայտարարել է Աբխազիայի  «Չերնոմորէներգո» ընկերության ղեկավար Ալան Բասարիան: Վերջինս Աբխազիայի բնակիչներին կոչ է արել էլեկտրաէներգիան առավել ռացիոնալ օգտագործել:

«Եթե այսպես ասած պիկ սեզոններին էլեկտրաէներգիան ավելի ռացիոնալ չոգտագործենք, համակարգի աշխատանքը կխափանվի: Խնդրում եմ բոլոր քաղաքացիներին՝ անջատել այն էլեկտրական սարքերը, որոնք չեն օգտագործվում: Հակառակ դեպքում կմնանք առանց հոսանքի ու տաքության»,-հայտարարել է Բասարիան:

Նա պարզաբանելէ նաև, որ հարկերից խուսափողների թվում են նաև մի շարք ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների և գործարանների սեփականատերերը:

Ըստ «Չերնոմորէներգո»-ի ղեկավարի, փետրվարի 15-ից կմեկնարկեն Էնգուրի հիդրոէլեկտրակայանի վերանորոգման աշխատանքները, որը կտևի շուրջ մեկ ամիս:

«Այս ընթացքում Էնգուրիի ՀԷԿ-ը չի կարող էլեկտրաէներգիա  արտադրել և մենք հարցի շուրջ բանակցություններ ենք վարում Վրաստանի և Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Բասարիան:

Թողնել պատասխան