Ագիտ Միրզոեւը կոչ է անում քաղաքապետի թեկնածուներին հանդիպել էթնիկ փոքրամասնությունների հետ

Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչ Ագիտ Միրզոեւը տեղեկացրել է, որ ցանկանում են հանդիպել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներին՝ քաղաքի կառավարման հարցերի հետ կապված կարծիքներով կիսվելու նպատակով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ագիեւը հայտնել է, որ իրենց առաջարկին արդեն արձագանքել են երկու թեկնածուներ՝ «Միացյալ ազգային շարժման» եւ «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները։

Միրզոեւի հայտարարությամբ, նրանք արդեն ունեն նախագիծ, որը կներկայացնեն քաղաքապետի թեկնածուներին․

«Մենք կհանդիպենք Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներին: Երկու կուսակցություն արդեն հանդիպման ցանկություն է հայտնել, մենք նրանց հետ կքննարկենք Թբիլիսիի կառավարման հարցերը: Առաջիկա տարիների ընթացքում ակտիվորեն կհետեւենք նրանց խոստումների իրականացմանը: Հանդիպմանը մեր կողմից կմասնակցի 3 հասարակական կազմակերպություն, կներկայացնենք նաեւ մեր նախաձեռնած ծրագիրը»։

Միրզոեւը նաեւ հավելել է, որ մոտ ապագայում բոլոր թեկնածուներին հանդիպելու ցանկություն ունեն:

«Ընթանում են բանակցություններ ինչպես իշխող, այնպես էլ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Մեզ հետաքրքրում է, թե ինչպես են պատրաստվում թեկնածուները նպաստել էթնիկ փոքրամասնությունների ինքնաբավության զարգացմանը: Մենք կներկայացնենք նաեւ «ազգությունների անունը» ծրագիրը»,- հայտարարել է Ագիտ Միրզոեւը:

Թողնել պատասխան