Ալասանիան կաշխատի Աբխազիայի հետ հաշտեցման ուղղությամբ

Իրակլի Ալսանիան բացառում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իր նշանակումը: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Ալասանիան այդ մասին շրջանառվող լուրերն անհիմն է համարել։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության` դեռեւս ներկա առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ հիմնական գործունեությունը կշարունակի միջազգային ասպարեզում:

«Սա ապատեղեկատվություն է (խմբ․-անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանկման մասին լուրը), կարծում եմ այդ մասին առաջարկ չի էլ լինի: Առաջիկայում ինձ ավելի շատ հնարավորություն կտրվի` իրականացնել հետաքրքիր եւ կարեւոր մի աշխատանք: Կարող եմ ավելի օգտակար լինել մարդկանց առաջ շարժվելով»,-ասել է Ալասանիան՝ ևս մեկ անգամ բացառելով պետական համակարգում իր նշանակումը։

«Այժմ ես այնպիսի գործ եմ անում, որը  Վրաստանին հնարավորություն կտա ապագայում Աբխազիայի հետ որոշակի հաշտեցման գալ: Հնարավոր է գործունեությունս շարունակեմ նաեւ արտասահմանում» ,-ասել է Իրակլի Ալասանիան, ով ընտրություններից հետո հայտարարեց իր ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը լքելու մասին։

Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չհաղթահարեց ընտրական 5 տոկոսանոց շեմը։

Թողնել պատասխան