Ախալգորիում դպրոցների ռուսիֆիկացումն անընդունելի է. Ցիխելաշվիլի

«Ախալգորիի շրջանի կրթական համակարգում ընթացող գործընթացներն անընդունելի են»,-հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող Ախալգորիի շրջանի դպրոցների տարրական դասարաններում ռուսերեն լեզվով դասընթացներ անցկացնելու մասին տարածված լուրերին:

Պետնախարարի խոսքով, դպրոցների ռուսիֆիկացումը ուղեկցվում է մարդու իրավունքների ոտնահարմամբ:

«Երբ աշակերտի կամքին հակառակ, վրացական դպրոցներում անցնում են ռուսերեն լեզվի ուսուցման, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, խտրականություն, իրավական խնդիր»,-ասել է պետնախարարը:

Ցիխելաշվիլիի խոսքով, տարիներ շարունակ նման գործընթաց է տեղի ունենում Գալիի շրջանում, որտեղ վերջին 25 տարիների ընթացքում կտրուկ նվազել է նաև դպրոցների թիվը։

«Ցավոք, այստեղ կրթական համակարգն աստիճանաբար ռուսիֆիկացվել է, ռուսերեն լեզուն հարկադրաբար է մուտք գործել դպրոց: Այս ամենը տեղի է ունեցել ուսուցիչների, աշակերտների և ծնողների կամքին հակառակ: Սա շատ կարևոր հարց է, որը բարձրացվում է նաև ժնևյան բանակցություններում»,- ասել է պետնախարարը՝ հավաստիացնելով, որ պաշտոնական Թբիլիսին անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի վերոնշյալ շրջանների քաղաքացիների իրավունքները։

«Այս մարդիկ պետք է իրենց տանը խաղաղ ապրելու ու մայրենի լեզվով կրթություն ստանալու  իրավունք ունենան»,-հայտարարել է Ցիխելաշվիլին:

Թողնել պատասխան