Այսօր Ավագ ուրբաթ է

Այսօր Ուղղափառ ու Հայ Առաքելական եկեղեցիները նշում են ավագ ուրբաթը:

 

Ավագ ուրբաթը հիշատակն է վեցերորդ օրվա Հիսուս Քրիստոսի արարչագործության, չարչարանքների և խաչելության: Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրը խավարման, խաչելության և թաղման կարգ է տեղի ունենում:

Ավագ ուրբաթ օրը ծաղիկներից և մշտադալար ծառերի ճյուղերից պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը և երեկոյան ժամերգությունից հետո, ի հիշատակ Քրիստոսի թաղման, խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում: Գերեզմանը պտտում են եկեղեցու շուրջ, այնուհետև տեղադրում եկեղեցու ներսում:

Այդ ընթացքում հնչում է «Խաչի Քո Քրիստոս» օրհներգը, համբուրում են գերեզմանի վրա դրված խաչն ու ավետարանը: Հավատացյալ ժողովրդին ցույց է տրվում մարդկային դավաճանությունն ու դաժանությունը, իսկ մյուս կողմից` աստվածային սերն ու համբերատարությունը: Քրիստոս մահով և հարությամբ ցույց է տալիս, որ մահը սարսափելի չէ, իսկ ծաղկահյուս գերեզմանը ավետում է ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն և երանություն, որովհետև հավատացյալները գիտեն հարության մասին: Ժողովրդի մեջ ուրբաթն ավելի հայտնի է Հուդայի (Հուդի) ուրբաթ անունով:

Եկեղեցական ծեսերից զատ այս օրը կատարվում էին նաեւ մի շարք ժողովրդական արարողություններ, օրինակ՝ Ավագ ուրբաթ օրը դարբինները մինչեւ կեսօր չէին աշխատում, քանի որ համոզված էին, որ Քրիստոսի խաչելության գամերը պատրաստել են այդ օրը։ Քրիստոնյա դարբինը, այդ օրն աշխատելով, կավելացներ խաչելության գամերի քանակը, կամ որովհետեւ Քրիստոսին մուրճով են բեւեռել:

Ըստ  ազգագրագետ Հրանուշ Խառատյանի «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գրքի, այդ օրը կանայք անպայման կար պիտի անեին՝ այիսնքն չար աչքի դեմ երեխաների շորերի վրա արվող հատուկ նախշեր: Այդ օրը ոմանք նաեւ ձու էին ներկում, որպեսզի  աչքը տրաքի:

Ինչ վերաբերում է վրաց Ուղղափառ եկեղեցուն, այս օրը հավատացյալները ձու են ներկում, պատրաստում զատկական թխվածքներ:

 

Թողնել պատասխան