Անալիտիկոն. Վրաստան. քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և նրանց հնարավորությունները

Միխեիլ ՄԻՐԶԻԱՇՎԻԼԻ «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Թբիլիսի, Վրաստան

Վրաստանի պես երիտասարդ ժողովրդավարության երկրներում քաղաքացիական հասարակության գործունեության արդյունավետությունը կախված է հասարակության ժողովրդավարական կառավարման աստիճանից և սոցիալ-մշակութային գործոններից։ Չխորանալով մանրամասների մեջ, թե որն է առաջնայինը՝ քաղաքացիական հասարակության առկայությո՞ւնը՝ որպես ժողովրդավարության զարգացման և կայունության պայման, թե՞ քաղաքացիական մշակույթն ինքն է ժողովրդավարության ածանցյալը։[1] Կարելի է ասել, որ մեր հիշատակած ցուցանիշներն ի հայտ են գալիս գործունեության ընթացքում և ազդում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ դրանց ամենակազմակերպված մասի զարգացման մակարդակի վրա։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության իրավական և քաղաքական համատեքստը

«Անցումային շրջանի սերունդ»հետազոտությունը, որի շրջանակում 2016թ. Վրաստանում կատարվել է 14-ից 29-ը տարեկան երիտասարդության հարցում, ցույց է տվել, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հանդեպ վստահության մակարդակի ցուցանիշն ավելի ցածր է, քան եկեղեցու ու կրոնական հաստատությունների (հարցվածների 81%), բանակի (76%) և ոստիկանության (62%) նկատմամբ։ Ընդ որում, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ վստահության մակարդակն ավելի բարձր է, քան տեղականների հանդեպ։ Տեղական ոչ կառավարական կազմակերպություններին քիչ են վստահում Թբիլիսիի բնակիչները՝ 30.7%, և մի փոքր ավելի՝ այլ քաղաքների՝ 48,6%, և գյուղերի՝ 49,4% բնակիչները։ Ընդսմին, հարցված երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը նվազագույնն է. 2016թ. ընթացքում երիտասարդության ընդամենը 6%-ն է մասնակցել որևէ հարցի նվիրված հրապարակային ժողովի. նույն թվով երիտասարդներ սեփական դիրքորոշում են արտահայտել թիրախային խմբերում ընթացած բանավեճ-քննարկումների ժամանակ։ Այլ քաղաքացիական գործողությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության համար ցույցերին, պահանջագրերի կամ խնդրագրերի ստորագրմանը, քաղաքական ցույցի և այլնի մասնակցել է հարցվածների ընդգծված փոքրամասնությունը՝ մեկից չորս տոկոսի սահմաններում։

Քննարկելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կամ ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) իրավական միջավայրի հարցը քաղաքացիական հատվածի ուսումնասիրմամբ և զարգացմամբ զբաղվող ՈԿԿ-ների ներկայացուցիչների հետ՝ պարզվել է, որ ՈԿԿ-ների գործունեության համար իրավական միջավայրը հիմնականում բարենպաստ է, թեև նկատվում է որոշ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն.

  • ՈԿԿ-ների արտադրամաշնորհային ֆինանսական մուտքերը խթանելու համար պետք է թեթևացնել ՈԿԿ-ների կոմերցիոն գործունեության հարկային բեռը,
  • ամբողջովին հարկերից ազատել կամավորական գործունեությունը և չհարկել հյուրանոցային ու տրանսպորտային ծախսերը,
  • փոփոխություններ կատարել ՏԻՄ օրենքում, որպեսզի ՏԻՄ մարմինները ևս պետական հաստատությունների նման ֆիզիկական անձանց և ՈԿԿ-ներին դրամաշնորհներ հատկացնելու հնարավորությամբ օժտվեն,
  • միջազգային դրամաշնորհատուներն ու նրանց վարած քաղաքականությունը։

Վրաստանում, ինչպես և հետխորհրդային ողջ տարածքում, քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կամ ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) զարգացմանը նպաստում էին արևմտյան հիմնադրամները։ Ընդ որում, Վրաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև հարաբերությունների զարգացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը մեծ մասամբ սատարում էին վրացական և եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունները։ ԵՄ հովանու ներքո Վրաստանում նմանատիպ նախագծեր իրականացվում են 1999 թվականից ի վեր՝ 1996թ. Լյուքսեմբուրգում Վրաստանի և ԵՄ միջև ստորագրված գործընկերության և համագործակցության մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո։

2009թ. տեղի է ունեցել Արևելյան գործընկերության  (ԱԼԳ) գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ինստիտուցիոնալիզացումը։ Նույն թվականին Փարիզյան գագաթնաժողովում հիմնադրվել է Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության Ֆորումը, իսկ արդեն նոյեմբերին Բրյուսելում կայացել է ֆորումի առաջին հանդիպումը։

Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ֆորումից հետո ձևավորվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Վրաստանի Ազգային պլատֆորմը։

Քաղաքացիական մասնակցության տեսանկյունից՝ ուշագրավ և որակապես առանձնահատուկ էր 2005թ. քաղաքացիական նախաձեռնությունը, որը ենթադրում էր Վրաստանի ուղղությամբ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) համար խորհրդատվության մշակումը, իսկ հետագայում՝ դրա կենսագործման և գործառնության մշտադիտարկումը։

Այս խնդրի կատարման համար Վրաստանին վերաբերող ԵՀՔ տեքստը նախապատրաստելու ժամանակ, հենվելով ուկրաինական փորձի վրա, քաղաքացիական հասարակության փորձագետներից կազմվել է հինգ աշխատանքային խումբ, որոնք ներառում էին ԵՀՔ բոլոր ութ առաջնահերթային ոլորտները։ Այս խմբերի մշակած խորհրդատվությունները ներկայացվել են թե՛ Վրաստանի պետական կառույցներին և թե՛ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությանը։  ԵՀՔ-ում, ի տարբերություն Արևելյան գործընկերության նախաձեռնության, ԵՄ-Վրաստան բանակցությունների ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը կառուցվածքային տեսք չի ստացել։ Այնուամենայնիվ, ըստ կողմերի (ԵՄ-Վրաստան) հայտարարությունների՝ հաշվի են առնվել նաև քաղաքացիական հասարակության ներկայացրած ակնկալիքները։ 2006 թվականից սկսած՝ Վրաստանի համար ԵՀՔ շնորհանդեսից հետո քաղաքացիական հատվածի աշխատանքային խմբերը ամեն տարի պատրաստում և ներկայացնում էին ԵՀՔ իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցներ և նախագծի հետագա կենսագործմանն առնչվող առաջարկություններ։ Այս զեկույցները ներկայացվում էին և՛ Բրյուսելին, և՛ ԵՄ համապատասխան կառույցներին։

Մասնակցության այս գործընթացը ցույց է տվել, որ լավ կազմակերպված աշխատանքի և մասնագիտորեն պատրաստված առաջարկությունների դեպքում քաղաքացիական հասարակությունը կարող է ազդել երկրի եվրաինտեգրացիոն քաղաքականության վրա։ Քաղաքացիական ակտիվության այս հաջող օրինակն ավելի ուշ պայմանավորել է քաղաքացիական հասարակության մասնակցության պաշտոնականացումը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում։

  • Հանրային քաղաքականության վրա ներազդելու հնարավորությունները (թափանցիկություն ումասնակցություն)

Ինչ խոսք, հանրային քաղաքականության վրա ազդելու հնարավորությունը խթանում է քաղաքացիական հատվածի զարգացումն ու կազմակերպումը։ 1995-99թթ. գումարման Վրաստանի խորհրդարանում այն ժամանակվա իշխող կուսակցության, այսպես կոչված, «Բարեփոխիչ թևը» խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիայի ղեկավարությամբ նախաձեռնել էր ՈԿԿ-ների ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքին։ Այս քայլը թույլ է տվել խորհրդարան բերել ՈԿԿ-ների կուտակած փորձառությունն ու գիտելիքները, որոնք հաճախ մեծապես պակասում էին Վրաստանի պետական հաստատություններին։ Այսպես, ոչ պաշտոնապես, հաստատվել է ՈԿԿ-ների հասարակական կարգավիճակը՝ որպես խորհրդարանական քաղաքական մշակույթի մաս։

Վրաստանի և ԵՄ միջև 2014թ. ստորագրված Ասոցացման համաձայնագիրը ՈԿԿ-ների մասնակցության համար նոր հնարավորություններ է ստեղծել։ Համաձայնագիրը վերաբերում է երկրի հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին և վերջինիս բարեփոխման բավական մանրազնին ծրագիր է։ Համաձայնագիրը ԵՄ-ին և Վրաստանին պարտավորեցնում է վերջինիս իրականացման գործընթացի մեջ ներառել քաղաքացիական հասարակությունը։ Սա ՈԿԿ-ների համար լուրջ մարտահրավեր է, քանի որ երրորդ հատվածից պահանջում է լայն արհեստավարժություն և կատարվելիք աշխատանքի մեծ ծավալ։  Արդեն երրորդ տարին է, որ Վրաստանի ՈԿԿ-ներն իրականացնում  են (2014թ., 2015թ. և 2016թ.) գործողությունների ծրագրի կատարման և Ասոցացման համաձայնագրի (2014-2016թթ.) օրակարգի մշտադիտարկումը, որի արդյունքները ներկայացվում են թե՛ Վրաստանի կառավարությանը և թե՛ ԵՄ համապատասխան կառույցներին։ ՈԿԿ-ների հետ բանավեճի ռեժիմում ԱԳՆ և այլ պատկան նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են Ասոցացման համաձայնագրի 2017-2020թթ. օրակարգի նախագիծը՝ ներառելով քաղաքացիական հատվածի առաջարկած փոփոխությունները։

  • Ֆինանսավորումը պետբյուջեից և բիզնես հատվածից

Դրամաշնորհների մասին օրենքը Վրաստանում ընդունվել է 1996թ.։ Գործնականում միայն 2005 թվականից պետական մարմիններից Կրթության և գիտության նախարարությունը սկսեց տրամադրել գիտահետազոտական և կրթական դրամաշնորհներ։ 2008 թվականին՝ Դրամաշնորհների մասին օրենքի փոփոխությունից հետո, այլ նախարարությունների նույնպես թույլատրվեց սեփական հայեցողությամբ հաստատվող ընթացակարգերով  զբաղվել դրամաշնորհների տրամադրմամբ։

2009թ. Վրաստանի կառավարությունը ստեղծեց «Քաղաքացիական ինստիտուցիոնալիզմի զարգացման հիմնադրամ»։ Հիմնադրամը պետք է զբաղվեր քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությամբ։ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մեկ միլիոն լարի։ Սահմանվել է դրամաշնորհի առավելագույն չափը՝ 10 հազար լարի։ Ավելի ուշ Կրթության և գիտության նախարարության կողմից հիմնադրամին հատկացվել է ևս մեկ միլիոն լարի։ «Քաղաքացիական ինստիտուցիոնալիզմի զարգացման» հիմնադրամը դադարեց գործել 2012թ.՝ անպատասխան թողնելով իր գործունեության թափանցիկությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։

Ներկայումս նախարարություններից բացի դրամաշնորհներ կարող են տրամադրել՝ Երիտասարդության և սպորտի դեպարտամենտը, Ընտրական համակարգերի ուսուցման և բարեփոխման կենտրոնը և այլ կենտրոնական հաստատություններ։ 2007թ. տեղական ինքնակառավարման մարմիններին դրամաշնորհներ տրամադրելու իրավասությամբ օժտելու՝ քաղաքացիական հատվածի նախաձեռնությունը մինչ օրս հաջողությամբ չի պսակվել։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ներհատվածային գործոնները

  • Ինստիտուցիոնալ զարգացում

2004-2005թթ. Վրաստանում մշակվել և ընդունվել է ցայսօր գործող ՈԿԿ-ների վարքականոնը։ Վրաստանում կա ԶԼՄ-ների աշխատանքի ինքնակարգավորման մեխանիզմի աշխատանքի փորձը, որը, հարկ է ասել, բավական արդյունավետ է գործում։ Այս փորձը հուշել է ՈԿԿ-ների համար համանման մեխանիզմի ստեղծման նպատակահարմարությունը։ 2011-2015թթ. քանիցս փորձ է արվել ստեղծել ՈԿԿ-ների գործունեության ինքնակարգավորման մեխանիզմ։ Նախաձեռնողները փորձում են մշակել հռչակագրի տեքստը մայրաքաղաքում և երկրի տարբեր նահանգներում գործող նշանակալից թվով ՈԿԿ-ների հետ խորհրդակցելու միջոցով։ Ենթադրվում է, որ հռչակագիրը.

  • օգնելու է մշակել քաղաքացիական հատվածի ընդհանուր տեսլականը և ճշգրտել միասնական արժեքները,
  • հնարավորություն է տալու տարանջատվել ՊՈԿԿ-ից,
  • դառնալու է հասարակության հետ հաղորդակցվելու փաստաթուղթ։
  • Հարթակներն ու կոալիցիոն արշավները

2012թ. փետրվարին ավելի քան 200 ՈԿԿ և մեդիա-կազմակերպություններ միավորվել և քարոզչական արշավ են ծավալել «Սա քեզ էլ է վերաբերվում» կարգախոսով՝ պահանջելով ընտրական օրենսդրության փոփոխություն և հասարակության համար ընդունելի մրցակցային ընտրական միջավայրի ստեղծում։ Դատելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ նրանք նպատակին հասել են։ Արշավը վերսկսվել է 2014թ.՝ հանդես գալով գաղտնալսման և անձնական կյանքի իրավունքի խախտումների դեմ։ 2016թ. Սահմանադրական դատարանը բավարարել է արշավին մասնակցած կազմակերպությունների հայցը՝ Անվտանգության ծառայության համար հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման անմիջական մատչելիության իրավունքը հակասահմանադրական ճանաչելու համար։ Ներկայումս «Սա քեզ էլ է վերաբերվում» դաշինքը խորհրդարանից պահանջում է գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վճռին։

Ավելի լայն հենք ունի 2011թ. ապրիլին ստեղծված «Հանուն անկախ և թափանցիկ դատական համակարգի» դաշինքը, որը միավորում է 36 ՈԿԿ։ Դաշինքի նպատակն է արհեստավարժ իրավաբանական միավորումների, իրավապաշտպան կազմակերպությունների, բիզնես-միավորումների և ԶԼՄ-ների ջանքերի համատեղում՝ անկախ, թափանցիկ և հաշվետու դատական համակարգին հասնելու համար։ Դաշինքը մեծ ակտիվություն է ցուցաբերում դատական վարչության և քրեական իրավունքի բարեփոխումների, ինչպես նաև դատական համակարգում փոքրամասնությունների իրավունքների և գենդերային հավասարության հարցերում։

«Հանուն եվրո-ատլանտյան Վրաստանի» ՈԿԿ-ների դաշինքը գործուն մասնակցություն է բերում  Վրաստանի եվրաինտեգրմանը և համոզված է, որ Վրաստանի մերձեցումը և անդամակցությունը Եվրամիությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ մերձեցումն ու անդամակցումը միևնույն անտրոհելի գործընթացն են, որովհետև ժողովրդավարության և ազատ տնտեսության զարգացումը պետք է ուղեկցվի ժողովրդավարական անվտանգության գոտու ստեղծմամբ, որի մարմնավորումը հենց Հյուսիսատլանտյան դաշինքն է։

  • Սոցիալական ձեռնարկությունները, արհեստավարժական միավորումները, կոոպերացիայիզարգացումը, տարածաշրջանային զարացման ծրագրերը, ՆՏԱ ինտեգրման ծրագրերը

Վրաստանում սոցիալական ձեռնարկություններն առաջին քայլերն են անում. դրանք աշխատատեղեր են ստեղծում առանձնապես խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար, որոնց թվում են սահմանափակ կարողություններով կամ Ներքին (կամ հարկադրաբար) տեղահանված քաղաքացիներ։ Այսպիսի նախագծերն օգնում են տարբեր խմբերի սոցիալական ինտեգրմանը։ Այս ձեռնարկություններին առնչվող խնդիրներից մեկն իրենց ստեղծած արտադրանքի իրացումն է։ Սույն խնդրի լուծումը, կարծում եմ, հիշյալ արտադրանքի մեկ ապրանքանիշի տակ միավորումն ու սոցիալական համերաշխության մշակույթի բարձրացումն է, երբ մեծ առևտրային կազմակերպությունները կամ պետական կառույցներն ապրանք են գնում հենց այդպիսի ձեռնարկություններից։

Տնտեսապես անշահավետ փոքր ֆերմերական տնտեսությունների խնդիրների հաղթահարմանն աջակցելու համար  (ֆերմերների 77%-ի սեփականություն հանդիսացող տարածքը մեկ հեկտարից փոքր է) ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի շրջանակում հատուկ ծրագիր է իրականացվում։ Երկրում գործող 60 խորհրդատվական-տեղեկատվական կենտրոններն օգնում են ֆերմերներին ջանքերը համատեղել և նոր տեխնոլոգիաները յուրացնել։

  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և քաղաքացիական կրթությանcurriculum-ները

ՈԿԿ-ների կառուցվածքային զարգացման և գործողությունների արդյունավետության խնդիրները բխում են հասարակության քաղաքացիական կրթության թերություններից։ Բաթումիի պետական համալսարանում քաղաքական և սոցիալական փիլիսոփայություն դասավանդող պրոֆեսոր Գիորգի Մասալկինը կարծում է, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորման համար անհրաժեշտ են լայն քաղաքացիական կրթություն և հետևողական կրթական քաղաքականություն. «Կարծում եմ, որ Արևմուտքը շտապել է Վրաստանում քաղաքացիական հատվածի ձևավորման խնդիրը լուծված համարել. մեզ դեռ անհրաժեշտ է միջազգային հաստատությունների և հիմնադրամների գործուն աջակցությունը՝ հատկապես քաղաքացիական կրթության բնագավառում, որն, ինչպես հայտնի է, քաղաքացիական հատվածի զարգացման կարևորագույն պայմանն է»։

Համագործակցություն Աբխազիայի և Հարավային Օսիայի հասարակական կազմակերպությունների հետ

Վերջին տարիներին Աբխազիայից և Հարավային Օսիայից քաղաքացիական հասարակության գործընկերների հետ իրականացվող նախագծերի գլխավոր դրամաշնորհատուները Եվրամիությունն ու Եվրախորհուրդն են։ Կան նախագծեր, որոնք վայելում են ԵՄ առանձին անդամ երկրների աջակցությունը։ Այս նախագծերը հիմնականում ուղղված են հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը և ունեն արհեստավարժական հմտությունները համատեղ սեմինարների և ուսուցողական ճամփորդությունների միջոցով կատարելագործելու նպատակ։ Կան նաև երկխոսային նախագծեր, որոնց շրջանակներում ոչ պաշտոնական կերպով քննարկվում են հակամարտությանը և դրա հնարավոր կարգավորմանն առնչվող տարբեր թեմաներ։ 2016թ. կրկին սկսել է գործել  ԵՄ և ՄԱԿ Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունը՝ (UNDP) – COBERM

Տարածաշրջանային համագործակցության ձևաչափերը

«Անցումային շրջանի սերունդ»  հետազոտության շրջանակում 2016թ. կատարված երիտասարդների հարցման համաձայն՝ 14-29 տարեկան երիտասարդությունն առանձնապես չի հետաքրքրվում Հարավային Կովկասի քաղաքականությամբ։ Տարածաշրջանային զարգացումները հետաքրքում են հարցվածների միայն 18%-ին։ Հարևան երկրների վարած քաղաքականության նկատմամբ հարցվածների հետաքրքրության ցուցանիշն է՛լ ավելի փոքր է. Հայաստան՝ 12%, Ադրբեջան՝ 13%, Թուրքիա՝ 14%։  Ռուսաստանյան ցուցանիշը վրացականից աննշան բարձր էր՝  19%։ Ընդ որում, հարցված երիտասարդության 45%-ը հետաքրքված է Վրաստանի ընթացիկ քաղաքականությամբ, 25%-ը՝ ԵՄ վարած քաղաքականությամբ և 22%-ը՝ համաշխարհային քաղաքական զարգացումներով։

Հարցման արդյունքում ճշտված վերոնշյալ տրամադրությունները լավ են բացատրում ստեղծված իրավիճակը, երբ հարևան երկրների քաղաքացիական հատվածի հետ համագործակցելու նախաձեռնությունները շատ հազվադեպ են բխում Վրաստանում գործող ՈԿԿ-ների կողմից։

  • Բազմակողմանի ձևաչափեր

ՈԿԿ-ների համագործակցության ամենակայուն ձևաչափը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն է  (ԱԼԳ ՔՀՖ), որի հնարավորությունները դեռ ամբողջովին չեն օգտագործվել։ Մեր համոզմամբ՝ առկա է ԵՄ արևելյան հարևանների քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների համագործակցությունը խթանելու պաշար։ Կա տարածաշրջանային նախագծերն իրականացնելու փորձ, որը կենտրոնացած է ՈԿԿ-ների գործունեության ոլորտներից մեկի վրա։ Այդպիսի նախագծերը հաճախ «աճում» են երկկողմանի նախագծերից  և/կամ նպաստում են բազմակողմ նախագծերի ընդլայնմանը։

  • Երկկողմանի ձևաչափեր

Ցավոք, անհրաժեշտ շարունակություն չի ստացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հատվածի ՈԿԿ-ների համագործակցության ուշագրավ նախաձեռնությունը. նկատի ունենք «EPF Armenia»-ն։ Եղել է նաև վրացական և ադրբեջանական ՈԿԿ-ների համագործակցության նվազ ընդգրկուն նախաձեռնություն՝ «Helsinki Citizens Assembly Azerbaijani National Committee»։ Իհարկե, կան նաև որոշ հիմնահարցերի վերաբերող բազմամյա երկկողմանի համատեղ նախագծեր՝ մարդու իրավունքների, բնապահպանության, կրթության, էներգետիկայի և անվտանգության հարցերի շուրջ փորձագիտական  երկխոսության ասպարեզներում։

Փորձի փոխանակման հնարավորություններ

Հենվելով տարածաշրջանային նախագծերի՝ «Կովկասյան ֆորումի», «Սևծովյան խաղաղարար ցանց» և «Ես մարդ եմ» խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան փառատոնի փորձին՝ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանային նախագծերի իրականացման համար շատ կարևոր է ստեղծել բոլոր մասնակից կողմերի ներկայացուցիչներից բաղկացած նախաձեռնող-համակարգող խումբ և մշակել նախագծի հստակ կառուցվածքն ու այն իրականացնելու համընդունելի սկզբունքներ։

Քաղաքացիական հասարակության տարածաշրջանային ընդգրկուն նախագծի համար շատ դժվար է դրամաշնորհատու գտնել։ Այս իրավիճակում ավելի ճիշտ է կողմնորոշվել արդեն գոյություն ունեցող քաղաքացիական հաստատությունների օգտին, օրինակ՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումին, փորձել ընդլայնել այն՝ դրա կազմում ներառելով նաև հակամարտային տարածաշրջաններից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Խնդրի այլ լուծում կարող է լինել քաղաքացիական հատվածի գործունեության լայն սպեկտրից առանձնացված և ուշադրության կիզակետում հայտնված որևէ կոնկրետ թեմա։

Վրացական ՈԿԿ-ները կարող են տարածաշրջանի գործընկերների հետ կիսվել ԵՄ-Վրաստան ասոցացման պայմանագրի կենսագործման երեք տարիների ընթացքում կուտակված փորձով։

Վերահրատարակվել է` Անալիտիկոն ամսագրի # 03 (99) համարից

Թողնել պատասխան