Ապրիլի 14-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը ապրիլի 14-ին  առավել մեծ ուշադրություն է հատկացրել  վրացերենի  օրվան`  հիշեցնելով, որ օրն  ընտրվել է`  հաշվի  առնելով 1978թ. ապրիլի 14-ի իրադարձությունները, լրատվամիջոցները գրում են, որ 38 տարի առաջ  մտավորականությունը հանրության հետ զանգվածային բողոքի ակցիաներ էր սկսել` Վրաստանում վրացերենի սահմանադրական կարգավիճակը փոխելու`  Խորհրդային միության փորձերի դեմ:  

  • Հատկանշական է,  որ  այսպես ասած` «փոքր լեզուները»  որպես պետական լեզու չեղյալ հայտարարելու  ԽՄ  որոշումը  բողոքարկեցին միայն Հայաստանը,  Վրաստանը և Մերձբալթյան երկրները»-գրում է «Կվիրա.ջի»  պարբերականը:
  • Վրացական մամուլում  տեղ է գտել նաև  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի   Վրաստանի կողմից  չվերահսկվող Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ընդգրկելու հարց  օրակարգում չկա:
    «Մենք Հարավային  Օսիայի հետ նման  հարց  չենք քննարկել:  Իմ կարծիքով`  Վրաստանի նախկին նախագահի (Մ. Սահակաշվիլի-խմբ.)   ռազմավարական առանցքային սխալն այն էր, որ ընտրեց հարցի ռազմական ճանապարհով լուծումը:  Արդյունքում, սակայն  կորցրեց այդ տարածքները և դա նրա մեղքն է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
  • Աբխազիայի սահմանին  Վրաստանի  երկու քաղաքացի է ձերբակալվել:  Աբխազիայի անվտանգության ծառայության աշխատակիցները  նրանց ձերբակալել են Աբխազիայի դե ֆակտո սահմանը ապօրինի հատելու համար: Տարածված տեղեկատվության համաձայն`  սահմանը հատած անձինք թմրանյութի ազդեցության տակ են եղել և Աբխազիայի տարածքում  բազմաթիվ հանցագործություններ են ծրագրել:
  • Մամուլում մեծ աղմուկ  է  բարձրացրել նաև  խորհրդարանական ընտրությունների ամսաթվի նշանակաման հետ կապված երկրի նախագահին ուղղված Վրաստանի վարչապետի դիմումը:  Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին  առաջարկել է  ընտրությունների  անցկացման վերաբերյալ  հրամանագիրը  հրապարակել հուլիսին:  Վարչապետի կարծիքով` լավ կլիներ, որ հրապարակման օրն ընտրվեր ընտրություններից  3 ամիս առաջ` հուլիսի  8-ին:
  • «Ընտրությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու մասին որոշումը մի շարք  պատճառներ ունի: Կան  իրավական որոշ բացթողումներ: Այդ իսկ պատճառով այսօր ուղղարկում ենք նկատողություններ, որպեսզի նախագահը ընտրության  ամսաթվի վերաբեյալ  հրամանագիրը ներկայացնի այն ժամանակ, երբ այն համաձայնեցված կլինի նաև մեր կողմի հետ (կառավարության խմբ.»,- հայտարարել է վարչապետը:
  • Լրատվամիջոցները անդրադարձել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ տեղի ունեցած բազմամարդ  բողոքի ակցիային: Ներկաները  բողոքում էին`  Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու դեմ:    Հիշեցնենք` օրերս  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե  Մոսկվան կշարունակի զենք վաճառել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին:  Ցուցարարները Հայաստանի ղեկավարությանը կոչ  են  արել  դուրս գալ Ռուսաստանի նախաձեռնած` Եվրասիական Տնտեսական միությունից:
  • «Կվիրա.ջի»  պարբերականը շարունակում է հետևել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկիզբ առած մարտական գործողություններին ու  հետևանքներին:  Ըստ պարբերականի,` չորսօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունի  82 զոհ,  որոնցից 64 –ը զինծառայողներ են, 13-ը  կամավորներ: Հոդվածը հղված է ՀՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը:

Թողնել պատասխան