Ապրիլի 27-ի վրաստանյան մամուլի տեսություն

Ապրիլի 27-ին վրաստանյամ մամուլում տարածվեց տեղեկատվություն, թե Վրաստանը Թուրքիային է հանձնել սահմանային գծում գտնվող 6 հեկտար հողատարածք:

«Interpressnews» պարբերականը,  թուրքական «Daily Sabah» թերթին հղվելով, հաղորդեց, թե նախորդ շաբաթ թուրքական և վրացական պատվիրակությունների ներկայացուցիչները հանդիպել են վրաց-թուրքական սահմանի Պոսոֆի-Թուրգոզու անցակետում և ստորագրել են համապատասխան համաձայնագիրը: Թուրքական լրատվականի համաձայն` Վրաստանի 10 ներկայացուցիչներով պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վրաստանի պետական սահմանի դելիմիտացիայի` սահմանազատման և սահմանային կապերի վարչության ղեկավար Իվերի Մելաշվիլին: Նշված տարածքը երկրի հյուսիս-արևելյան հատվածում է, որը 1970-ականներին անցել է ԽՍՀՄ կազմում գտնվող Վրաստանին, այն բանից հետո, երբ փոքր գետը, որի վրայով անցնում է սահմանը, փոխել է հունը:

Ավելի ուշ` «Kvira.ge» պարբերականը տեղեկացրեց, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Վրաստանի կողմից Թուրքիային տարածքներ փոխանցելու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

«1992 թվականին կողմերը ճանաչել են ավելի վաղ համաձայնեցված սահմանագիծը: Այստեղից ելնելով` բացառվում է այսօր սահմանի փոփոխության վերաբերյալ որևէ խոսակցություն»,- ասված է Վրաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Մամուլն անդրադարձավ նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` ԱՄՆ-ի ներդրումային հիմնադրամների և բանկերի ներկայացուցիչների, ինչպես նաև պոտենցյալ ներդրողների հետ ունեցած հանդիպման մասին:

«Frontnews» պարբերականի փոխանցմամբ` վարչապետ Կվիրիկաշվիլին հանդիպման մասնակիցների հետ խոսել է Վրաստանում վերջին տարիներին իրականացված տնտեսական բարեփոխումների մասին, ինչպես նաև ծանոթացրել է ապագա ծրագրերի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև, որ չնայած տարածաշրջանում առկա ճգնաժամին, Վրաստանը գրանցել է տնտեսական աճ: Գիորգի Կվիրիկաշվիլին նաև հայտարարել է, թե 2014 թվականին Վրաստանում օտարերկյա ներդրումները ավելացել են 80 տոկոսով:

Վարչապետը ներկաներին ծանոթացրել է նաև Կառավարության կողմից ծրագրված 4 կետից բաղկացած ծրագրին: Հիշեցնենք, որ վարչապետը ապրիլի 25-ին վերը նշված ծրագրին էր ծանոթացրել նաև Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմին: Ծրագիրը բաղկացած է 4 կետից՝  հարկային բարեփոխումների և ձեռբարկատիրությունների աջակցություն, ենթակառուցվածքների զարգացում, կրթության համակարգի բարեփոխումներ և մասնագիտական կադրերի վերապատրաստում, թափանցիկ կառավարման ամրապնդում:

Վրաստանի կողմից չվերահսկվող` Հարավային Օսիայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ հաստատել է Ռուսաստանի դաշնության հետ սահմանի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը 2015 թվականի փետրվարի 18-ին ստորագրվել է Մոսկվայում, որը ներառում է նաև քարտեզ: 2012 թվականին Ռուսաստանի և Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի միջև ստեղծվել է սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով, տեղեկացնում է « kvira.ge» պարբերականը:

Միեւնույն պարբերականը հրապարակեց նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, առ այն` թե հայկական կողմը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ: Լրատվականը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` 3 բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկ անելու մասին՝ հղվելով BBC գործակալությանը: Ըստ պարբերականի` Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել է Պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին, միության ուժերի հրամանատար Կոմիտաս Մուրադյանին և ԿՀՎ ղեկավար Արշակ Կարապետյանին: Կադրային փոփոխությունների պատճառը չի նշվում:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարել է, թե Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը վրացական կողմի հրավերով առաջիկա ամիսներին կայցելիՎրաստան.

«Ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունել է մեր հրավերը և առաջիկա ամիսներին կայցելի Վրաստան: Հույս ունեմ, որ լավ լուրեր կբերեք Եվրախորհրդարանից»-մամուլի ասուլիսի ժամանակ Ուսուփաշվիլին դիմել է Շուլցին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 95 բանտարկյալների: Այսօր ազատ են արձակվել  69 բանտարկյալ, այդ թվում 10 կին և 2 անչափահաս: Բանտարկյալներից 26-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է՝ տեղեկացնում է «kvira.ge»-ն:

Թողնել պատասխան