Ապրիլի 28-ի վրաստանյան մամուլի տեսություն

Ապրիլի 28-ին վրաստանյան մամուլը հրապարակեց երկրում 2014 թվականին անցկացված մարդահամարի տվյալները:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկատվության  համաձայն ` Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով`  Վրաստանի բնակչությունը վերջին 10 տարիների ընթացքում նվազել է 15 %-ով, ինչի արդյունքում, պաշտոնական տվյալների համաձայն`  3.7 մլն մարդ կա երկրում, որոնցից շուրջ 2 միլիոնը քաղաքաբնակ է:

Ըստ «Kvira.ge» պարբերականի` գենդերային բաշխումը հետեւյալն է. Վրաստանի բնակչության 47,7%-ը տղամարդիկ եւ 52,3 %-ը կանայք են: Պաշտոնական տվյալների համաձայն` Թբիլիսիում է բնակվում 1.591.181 մարդ: Ընդհանուր առմամբ`  քաղաքային բնակչությունը նվազել է 7.1%-ով, մինչդեռ 3 անգամ շատ կորուստ է կրել գյուղական բնակչությունը, այդ ցուցանիշը հասել է 23.7%-ի: 0-ից 14 տարեկան են բնակչության 18.6%-ը, 15-64 տարեկան՝ 67.1 տոկոսը: Աշխարհում միջին կենսաթոշակային 65-ի շեմից այն կողմ ընդամենը 14.3% բնակչություն ունի Վրաստանը:

Մարդահամարի էթնիկ կազմի վերաբերյալ Ալիքը հավելյալ վերլուծությամբ հանդես կգա առաջիկայում, այս պահին նշենք, որ` ըստ 2014-ի մարդահամարի` երկրի բնակչության 87%-ը ազգությամբ վրացի է, 6%-ը` ադրբեջանցի, 5%-ը` հայ: Մնացած ազգությունները 1%-ի շեմում են:

Վրաստանյան մամուլը  ակտիվորեն լուսաբանեց նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի`  ԱՄՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված մի շարք հայտարարություններ: Վարչապետը մեծամասամբ անդրադարձել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ հակասական գործընթացներին:
«Ես, իհարկե,  իրավունք չունեմ միջամտել դատավարությանը, սակայն չեմ ցանկանում, որ այսօրվա «Ռուսթավի 2»-ի խմբագրական քաղաքականությունը ինչ-որ կերպ փոխվի, հատկապես` մինչեւ խորհրդարանական ընտրությունները»— հայտարարել է վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլին կարեւորել է ԱՄՆ կատարած այցը. «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցություններին առնչվող խնդիրներ, այդ թվում անվտանգության, ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում: Ուրախ ենք, որ Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է: Վրաստանին վերաբերող հարցերը ԱՄՆ –ի քաղաքականության օրակարգում գլխավոր են»— հայտարարել է Կվիրիկաշվիլին:ԱՄՆ կատարած այցի շրջանակներում վարչապետը նաև հանդիպել է Բոստոնում ապրող վրաստանցի ուսանողների հետ: Քննարկվող թեմաներից մեկը եղել է Վրաստանում նախատեսվող կրթական բարեփոխումների հարցը: Վարչապետը ուսանողներին ծանոթացրել է բարեփոխումների հետ: Ուսանողների հետ խոսելիս նա ընդգծել է Վրաստանում նախատեսվող առաջիկա Խորհրդարանական ընտրությունները արդար և թափանցիկ անցկացնելու կարևորությունը: Նրա խոսքերով` «Ժամանակն է, որպեսզի քաղաքական ուժերը միմյանց վիրավորելու փոխարեն անցնեն երկխոսության:»

Կվիրիկաշվիլին հաջողություն է մաղթեկ ուսանողներին` հույս հայտնելով, որ գտնվելով օտար երկրում` նրանք կարևոր գործեր կանեն Վրաստանի համար՝ տեղեկացնում է «Interpressnews»-ը:«Kvira.ge» պարբերականը,  հղվելով «Whoswhos.org» կայքի տարածած տեսանյութին, տեղեկացնում է, որ Վրաստանի նախկին նախագահ, այժմ` ուկրաինական Օդեսա նահանգը ղեկավարող Միխեիլ Սահակաշվիլին, փախել է Օդեսայի բնակիչներից: Նշված աղբյուրի համաձայն` Սահակաշվիլիի վարկանիշը այնտեղ օրեցօր նվազում է: Օդեսայի բնակչությունը բավարարված չէ, որ նահանգապետը դատախազներից մեկին «պատերազմ» է հայտարարել: Սահակաշվիլին` Օդեսայի շրջաններից մեկում, շրջանի բնակիչների հետ հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում վերջինիս հասցեին բազմաթիվ վիրավորանքներ են հնչել, ինչի արդյունքում նահանգապետը ստիպված է եղել լքել տարածքը:

«Interpressnews»-ի փոխանցմամբ, հրապարակվել է «Հանրապետականների միջազգային ինստիտուտ»-ի (IRI)` Վրաստանին վերաբերող հետազոտական զեկույցը, որի համաձայն` հարցվածների 70 %-ը կարծում է, թե երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում: Ինչպես նշված է զեկույցում, «Ռուսաստանի հետ առկա իրավիճակից բացի, գործազրկության բարձր մակարդակը, աղքատ ենթակառուցվածքները և աճող հանցագործությունների քանակը խնդիրներ են, որոնք ստիպում են վրացիներին հոռետեսորեն վերաբերվել սեփական երկրին»:

Զեկույցում նաև ասվում է, որ Ռուսաստանից եկող վտանգի ընկալման պատճառով, Վրաստանի բնակչության մեծամասնությունը շարունակում է արևմտամետ մնալ: Հարցվածների 85%-ը կողմ է Վրաստանի Եվրախորհրդին, իսկ 79 %-ը`  ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
Գնահատելով IRI-ի հետազոտական զեկույցը` Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Իրակլի Չիքովանին հայտարարել է, թե զեկույցը իրապես ներկայացնում է երկրում առկա իրավիճակը: Չիքովանին նաև նշել է, թե բնակչության կողմից աջակցություն ստացող միակ քաղաքական ուժը, իր` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը, տեղեկացնելով, թե` «Ինքնահռչակ հանրապետությունում շարունակում են կրակոցներ լսվել»: Հեռուստաալիքի փոխանցմամբ` ադրբեջանական կողմի պնդմամբ ռմբակոծվել է Քեմենլի գյուղը, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, եւս 8 անձ վիրավորվել է, վնասվել է մոտ 50 բնակելի տուն: Իր հերթին հայկական կողմը պնդում է, թե երեքշաբթի ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ինտենսիվ կրակ է բացել, ինչի հետևանքով մահացել է երկու զինծառայող:

Աֆղանստանից Վրաստան է վերադարձել զինծառայողների հերթապահ խումբ: Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` հայրենիք վերադարձածներին հադիպել են պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն, գլխավոր շտաբի պետի տեղակալ գնդապետ Նիկոլոզ Ագլաձեն և հետևազորի 2-րդ բրիգադի հրամանատար, գնդապետ Գիորգի Բլիաձեն:

Թողնել պատասխան