Ապրիլի 29-ի վրաստանյան մամուլի տեսություն

Ապրիլի 29-ին վրաստանյան մամուլը առավելապես խոսեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի` Հունգարիա կատարած պաշտոնական այցի մասին, որի ընթացքում նախարարը հանդիպել է Հունգարիայի իր գործընկեր Շոնդար Պինտերին:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդումը: Շոնդար Պինտերը Գիորգի Մղերբիշվիլիին ծանոթացրել է Հունգարիայի ներքին գործերի նախարարության կառուցվածքի, գործառույթների և պարտականությունների մանրամասնություններին: Պինտերը նաև ընդգծել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման «112» կենտրոնի հաջող աշխատելու իրողությունը` նշելով, որ Հունգարիան նման կենտրոնի ստեղծման ժամանակ առաջնորդվել է Վրաստանի օրինակով:

Միեւնույն պարբերականը նաև անդրադարձավ «Քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման կենտրոն»-ի ղեկավար Լադո Բոժաձեյի հայտարարությանն առ այն, թե Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` ԱՄՆ կատարած այցը Վրաստանի համար շատ կարևոր է: Բոժաձեի խոսքերով` Կվիրիկաշվիլին ԱՄՆ-ում գործնական հանդիպումներ է ունեցել, և այցը կարելի է հաջողված համարել.

«Առաջին հերթին պետք է նշել, որ սա Կվիրիկաշվիլիի` որպես վարչապետ առաջին այցն էր ԱՄՆ, որը 5 օր տեւեց: Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահին, սենատորների, կոնգրեսականների և գործարար շրջանակների ներկայացուցիչների»,- տեղեկացրել է Բոժաձեն:

Վրացական «Kvira.ge» պարբերականը, հղվելով «РИА Новости» գործակալությանը,  հաղորդում է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում տեղի կունենա Աբխազիա-Ռուսաստանի սոցիալ-տնտեսական համագործակցության 11-րդ նիստը, որի ընթացքում կքննարկվի Աբխազիային տրամադրվելիք աջակցությանը վերաբերող հարցեր: Նաև կքննարկվի 2017 թվականի ներդրումային ծրագրի իրականացմանն առընչվող հարցեր:

«Հանդիպմանը կմասնակցեն գրավված Աբխազիայի` այսպես կոչված վարչապետ Արթուր Միքվաբիան, Ռուսաստանի փովարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը և Ռուսաստանի` Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Լեւ կուզնեցովը, ինչպես նաև Սուխումիի և Մոսկվայի այլ ներկայացուցիչներ»-գրում է պարբերականը:

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն` կուսակցության համամասնական ցուցակում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ներգրավված չէ. «Սկզբնական փուլում խորհրդակցություններ ունեցանք ցուցակի ձեւավորման չափորոշիչների վերաբերյալ: Պարոն Իվանիշվիլիի անունը ցուցակում չի լինի: Նա քաղաքականությունից հեռացել է իր կամքով` զերծ մնալով քաղաքական գործընթացներում ներգրավվելուց: Ելնելով այս տրամաբանությունից` կարծում եմ, որ նախկին վարչապետը չի ցանկանա լինել նախընտրական ցուցակում»,- հայտարարել է Կոբախիձեն:

Կուսակցության քարտուղարը նաև անդրադարձել է Միջազգային հանրապետական իսնտիտուտի` IRI-ի կողմից հրապարակված հետազոտական զեկույցին: Նրա կարծքով, զեկույցը չի արտացոլում Վրաստանում առկա իրողությունները, տեղեկացնում է Frontnews.ge կայքը:

«Interpressnews»-ի փոխանցմամբ, Ռուսաստանը Վրաստան է արտաքսել այսպես կոչված օրենքով գող Օթար Կղալիչավային. «Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչները ձերբակալել են քրեական հեղինակությանը, որը Վրաստանի քաղաքացի է»,- տեղեկանում ենք «Interpressnews»-ից:

Ավելի ուշ պարբերականը հրապարակեց ևս մեկ հոդված` Ռուսաստանից արտաքսված այսպես կոչված «օրենքով գող»-ը չի ձերբակալվել վերտառությամբ: Հոդվածում նշվում է, որ պարբերականին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, թե Օթար Կղալիչավային Ռուսաստանից ոչ թե տարհանձնել (էքստրադիցիա), այլեւ` արտաքսել են: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ` Կղալիչավան «օրենքով գող» չի հանդիսանում, ուստի Վրաստան մուտք է գործել Ռուսաստանից արտաքսվածի կարգավիճակով:

2016 թվականի 1-ին քառամսյակում Վրաստանի պետական սահմանը հատվել է (ելք և մուտք) 3 մլն 667.079 անգամ: Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն` սահմանը հատողների 62 տոկոսը այլ երկրների, իսկ 32-ը` Վրաստանի քաղաքացիներ են: «Interpressnews»-ի փոխանցմամբ` պետական սահմանը` ըստ երկրների հատելու շարժի դինամիկան հետևյալն է.Ադրբեջան ՝ 707.764 , Թուրքիա՝ 549.324, Հայաստան՝ 466.178, Ռուսաստան՝ 295.974, Ուկրաինա՝ 57.317, Իրան՝ 31.823, Ղազախստան՝ 12.724, ԱՄՆ՝ 10.466, Իսրայել՝ 9.332, Հնդկաստան՝ 9.172, Գերմանիա՝ 9.064, Ֆիլիպիններ՝ 8.271, Բելառուս՝ 7.353, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 6.701: Ընդ որում` ամենաինտենսիվ շարժը գրանցվել է վրաց-թուրքական Սարփի անցակետում:

Թողնել պատասխան