Առանց դեղատոմսի դեղերի վաճառքի համար 21 դեղատուն է տուգանվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ստուգումների արդյունքում 21 դեղատուն է առանձնացվել, որոնք հոգեմետ դեղամիջոցներ են վաճառել՝ առանց բժշկի դեղատոմսի: Ըստ ծառայության տվյալների՝ դեղատների աշխատակիցներն առանց դեղատոմսի դեղամիջոցներ են վաճառել նույնիսկ անչափահասներին: Հաղորդագրությունում ասված է, որ այս կերպ նրանք հանցավոր արարք են կատարել՝ նպաստելով այսպես կոչված դեղատնային թմրամոլությանը և վտանգի տակ են դրել մարդկանց առողջությունն ու կյանքը: Իրավապահներն արդեն նշված դեղատներում խուզարկում են անցկացրել և առգրավել հատուկ հսկողության կարիք ունեցող դեղամիջոցներ:

Քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն հոդվածով, որը պատժվում է 1-3 տարվա ազատազրկմամբ: Վրաստանի ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ դեղատներում ստուգումները շարունակվում են :

Հիշեցնենք՝ 2014-ի սեպտեմբերի 1-ից արգելվեցին քնաբեր և հոգեներգործուն (բացառությամբ բուսական հիմքով դեղամիջոցների), հակաընկճախտային, հակաքաղցկեղային դեղամիջոցների վաճառքը՝ առանց դեղատոմսի: Առանց դեղատոմսի չի կարելի վաճառել նաև հակաբակտերային միջոցները, Պարկինսոնի հիվանդության դեմ դեղերը, սրտային անբավարարության և հիպերտոնիայի, շաքարային դիաբետի դեմ միջոցները:

Տեղեկատվությունը և լուսանկարը՝ newsgeorgia.ge-ի

Թողնել պատասխան