Նախագահի ընտրության կարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնել ՏԻՄ ընտրությունների օրը․ Խոշտարիա

«Իշխանություններին առաջարկում ենք  նախագահի ընտրության կարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը (աշնանը-խմբ․)»,- հունիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլենե Խոշտարիան:

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ իշխանությունները փակուղի են մտցրել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

«Իշխանության միակ արդարացումը Վենետիկի հանձնաժողովի կողմից աջակցությունն էր, որը, սակայն, տեղի չունեցավ։ Փակուղու մեջ է հայտնվել երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, որից դուրս գալու հույս դեռևս ունենք: Մենք ամենաճիշտ ճանապարհն ենք առաջարկում: Հանրաքվե անցկացնենք՝ ժողովրդին հարցնելով, թե ինչպիսին պետք է լինի նախագահի ընտրության կարգը»,- հայտարարել է Էլենե Խոշտարիան:

Նրա խոսքերով, կարճատև ժամանակահատվածում հավաքվել է ավելի քան 154 հազար ստորագրություն, որով մարդիկ պահանջում են երկրի կառուցման հարցով իրենց դիմել :

«Կառավարության կամակոր քաղաքականության պատճառով կուսակցությունների ու ՀԿ-ների միջև երկխոսություն տեղի չունեցավ, արդյունքում հայտնվեցինք անելանելի իրավիճակում»,- նշել է Խոշտարիան:

Թողնել պատասխան