Զեկույց՝ նախընտրական շրջանի ընտրախախտումների մասին

«Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում բարձրաձայնում է նախընտրական շրջանում գրանցված խախտումների մասին։ Զեկույցում դրանք հիմնականում կապված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։

«Ասպինձայի ընտրատարածքում հանձնաժողովի նորընտիր քարտուղարի ամուսինը մի քանի օր առաջ  է որպես թեկնածու առաջադրվել «Վրացական երազանք»-ից: Սա շահերի բախում է։  Նման դեպք է գրանցվել նաև Խոբիի ընտրատարածքում»,- հայտարարել է ՀԿ-ի գործադիր տնօրեն Միխեիլ Բենիձեն:

Խնդրահարույց հարցերի թվին են պատկանում նաև «Վրացական երազանք»-ի օգտին պետական մարմինների աշխատակիցների մոբիլիզացման դեպքերը։

«Վարչական ռեսուրսների օգտագործման հետ է կապված նաև այսօրվա խաղը, որին մասնակցելու է նաև Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն։ Հնարավոր է, որ այստեղ օգտագործվի վարչական ռեսուրսը, տեղ գտնեն անօրինական նվիրատվություններ, քանի որ կազմակերպիչը Ֆուտբոլի ֆեդերացիան է»,- հայտարարել է վերոնշյալ ՀԿ-ի անդամ Թամար Ռիժամաձեն:

Հիշեցնենք՝ երեկոյան Թբիլիսիի «Դինամո-Արենա» մարզադաշտում տեղի կունենա «Համաշխարհային աստղերը Վրաստանի համար» խորագրով բարեգործական համերգ։ Ստացված հասույթը կուղղվի վերջերս Բորջոմի անտառի այրված տարածքների վերականգնմանը։ Խաղին մասնակցելու համար Վրաստան են ժամանել համաշխարհային ֆուտբոլի մի խումբ աստղեր։

Թողնել պատասխան