Աֆգան Մուխթարլիի ընտանիքը հեռացել է Վրաստանից

Թբիլիսիից առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆգան Մուխթարլիի ընտանիքը լքել է Վրաստանը:

Նրա կինը՝ լրագրող Լեյլա Մուստաֆաևան մանկահասակ երեխայի հետ տեղափոխվել է եվրոպական երկրներից մեկը: Լուրը հաստատել է ընտանիքի փաստաբանը՝ պատճառների մասին չնշելով: Ըստ փաստաբանի՝ այդ մասին «Մարդու իրավունքների պաշտպանության տունը» օրեր անց հայտարարություն կտարածի: Մուստաֆաևան մի քանի անգամ հայտարարել էր, որ իրեն հետապնդում են, նա դատախազություն էր դիմել՝ համապատասխան հետաքննություն սկսելու պահանջով, ավելի ուշ ինքն ու իր փաստաբանն իրավապահ մարմիններին անգործության մեջ էին մեղադրել:

imagesՀիշեցնենք՝ Մուխթարլին  Թբիլիսիից անհետացել է մայիսի 29-ին: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա ձերբակալված է Ադրբեջանում, սակայն անձնագիրը կնոջ մոտ էր՝ Թբիլիսիում: Ադրբեջանի ոստիկանությունը լրագրողին մեղադրանք էր առաջադրել երեք հոդվածով՝ սահմանի ապօրինի հատում, դիմադրություն իրավապահներին և մաքսանենգություն: Դատարանը եռամսյա նախնական կալանք էր նշանակել, Բաքվի վերաքննիչ դատարանը որոշումն ուժի մեջ էր թողել: Ավելի ուշ Մուխթարլին հայտարարեց, թե իրեն Թբիլիսիից առևանգել են քրեական ոստիկանության համազգեստ կրող մարդիկ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուսումնասիրում է Մուխթարլիի և Մուստաֆաևայի գործը՝ ընդդեմ Վրաստանի և Ադրբեջանի: Դատարանը գործին առաջնահերթություն է տվել: Ըստ փաստաբանի՝ ադրբեջանցի լրագրողների նկատմամբ մարդու իրավունքների կոնվենցիայի նվազագույնը  տասը  կետ է խախտվել:

Թողնել պատասխան