Բախումներ Բաթումիում. ՆԳ նախարար Մղեբրիշվիլին մեկնել է դեպքի վայր (Տեսանյութ)

Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում մարտի 11-ի երեկոյան բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են քաղաքացիների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումների: Բաթումիի ոստիկանության գլխավոր վարչության հարակից տարածքում մարտի լույս 12-ի գիշրը շարունակվել է բողոքի ակցիան: Ցուցարարները փորձել են մուտք գործել ոստիկանության վարչության տարածք, քարեր նետել շենքի ուղղությամբ, շրջել ոստիկանական մեքենաներ: Ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներով զենք են կիրառել:

Ցուցարարների խոսքերով, նրանք բողոքում  են ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների դեմ, ինչպես նաեւ պահանջել են ուժային կառույցի ղեկավար կազմի հրաժարականը: «Interpressnews.ge» լրատվականի փոխանցմամբ ցույցի պատճառ է հանդիսացել ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից վարորդի տուգանումը:

Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է 5 քաղաքացի: Բախումների ընթացքում մարմնական վնասվածքներ ստացող 28 անձի մասին է հաղորդվում, այդ թվում ոստիկանության 6, իսկ մամուլի որոշ միջոցների փոխանցմամբ 11 աշխատակցի վերաբերյալ: Բժիշկների փոխանցմամբ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կան արցունքաբեր գազից թունավորվողներ: Ավելի ուշ, Աջարիայի ինքնավարության առողջապահության նախարարը հայտարարեց, որ բախումների արդյունքում 33 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, որոնցից 15-ը` ոստիկաններ:

Դեպքի կապակցությամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին կոչ է արել քաղաքացիներին և օրինապահ մարմիններին զերծ մնալ բռնություններից: Օմբուդսմենը նշել է, որ խաղաղ ցույց կազմակերպելը  քաղաքացիների կարևորագույն իրավունքներից  է: Նանուաշվիլին հույս է հայտնել, որ ոստիկանության աշխատակիցները կապահովեն քաղաքացիների անվտագությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին մեկնել է Բաթումի՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրա խոսքերով, արդեն իսկ ազատ են արձակվել 5 ձերբակալված քաղաքացիները, սակայն նրանք ներկայանալու են դատարան: Մղեբրիշվիլին նշել է նաև, որ չի պատրաստվում հանդուրժել որեւէ սադրանք եւ անհրաժեշտության դեպքում տեղում կարող է լրացուցիչ ոստիկանական ուժեր ներգրավել:

Ի դեպ շաբաթ օրը` մարտի 11-ին, Բաթումիի բախումներից ժամեր առաջ, մայրաքաղաք Թբիլիսիում անց էր կացվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմնակիցների բողոքի ցույցը, որը, սակայն, անցել է խաղաղ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Թողնել պատասխան