Բիձինա Իվանիշվիլի․ «Շեւարդնաձեի ժամանակ բիզնես մթնոլորտը ավելի ազատ էր քան՝ Սաակաշվիլիի

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գնահատմամբ Շեւարնաձեի ժամանակ գործարար միջավայրը ավելի ազատ էր, քան Սաակաշվիլիի շրջանում: Ինչպես հայտարարել է Իվանիշվիլին տարածաշրջանային լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Շեւարնաձեի կառավարման շրջանում բիզնեսը այնքան չէր վերահսկվում, որքան «Միացյալ ազգային շարժման» ժամանակ:

«Գործարարների հետ հանդիպման ժամանակ գործարարներից մեկը հետաքրքիր գնահատական տվեց։ Նա հիշեց Շեւարնաձեի ժամանակաշրջանը՝ նշելով, որ կաշառքը գոյություն է ունեցել ինչպես այն ժամանակ, այնպես էլ Սաակաշվիլիի: Եթե Շեւարնաձեի օրոք կառավարությունը չէր կարողանում բյուջե ձեւավորել, ապա Սաակաշվիլիի կառավարությունը դա սկսեց անել մտնելով բոլորի գրպանները: Էլիտար կաշառքը ավերում էր բիզնեսի զարգացման հեռանկարը, քանի որ թիրախում էին հայտնվել բոլոր ունեւորները» ,- հայտարարել է Իվանիշվիլին:

Վրաստանի նախկին վարչապետի խոսքերով, Եվրոպայում և ԱՄՆ֊ում հենց բիզնեսն է ֆինանսավորում քաղաքականությունը: «Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա եւ պետք է դրան հանգիստ վերբաբերվել։ Գործարարների հետ հանդիպելիս ես կոչ եմ արել նրանց, որպեսզի քննադատությունը լինի բաց: Այս կոչին ընդդիմախոսները ցուցաբերեցին ավելորդ քննադատական վերաբերմունք: Բիզնես ֆորումի հիմնական նպատակն այն էր, որ գնահատեինք նախորդ 4 տարիները, հասկանայինք, թե որքանով ճիշտ քաղաքականություն է վարում իշխանությունը և որքանով է ազատ գործարար միջավայրը: Գնահատման հետ մեկտեղ նպատակն այն էր, որպեսզի համատեղ ճիշտ ուղիներ փնտրեինք: Ոչ մի քննադատություն չասվեց, չնայած նրան, որ այնտեղ էին գտնվում ընդդիմադիր տրամադրություններ ունեցողներ, ինչպես նաեւ ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ»,«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Թողնել պատասխան