Բորջոմիում նոր հրդեհ է բռնկվել. վաղվանից տեղում կաշխատի նաև ադրբեջանական ուղղաթիռ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Բորջոմիի կիրճում՝ Ծաղվերի ավանի մոտակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Կրակի մարման գործընթացը ղեկավարվում է արտակարգ շտաբի կողմից: Այս մասին տեղեկացնում  է արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

«Չնայած բարդ տեղանքին և անբարենպաստ եղանակային պայմաններին, ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մոտ 250 հրշեջ-փրկարար, ՆԳՆ հատուկ նշանակության դեպարտամենտի մոտ 3 հարյուր աշխատակից և անտառային ազգային ծառայության ներկայացուցիչները ներգրավված են կրակի մարման գործում: Ներգրավված են նաև մոտ 20 ամենագնած մեքենա, 18 հակահրդեհային մեքենա, ՆԳՆ սահմանային ոստիկանության և «Թուշեթի» կազմակերպության ուղղաթիռներ, որոնք օրվա ընթացքում 104 թռիչք են կատարել և 215 տոննա ջուր լցրել:

Կրակի օջախների մոնիտորինգ է իրականացնում Վրաստանի օդային նավիգացիայի ուղղաթիռը:

Բորջոմիի կիրճում է գտնվում նաև ադրբեջանական ուղղաթիռ, որը կրակի մարման գործողություններին կներգրավվի վաղ առավոտից»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բորջոմիի անտառում հրդեհ էր բռնկվել նաև անցած ամիս՝ օգոստոսի 22 ին և տևել էր շուրջ մեկ շաբաթ։ Սակայն այս անգամ հրդեհը տարածվել է նոր վայրերում։

Թողնել պատասխան