«Գազպրոմ»-ի հետ կապված որոշումը ժառանգաբար է այս իշխանությանը փոխանցվել նախորդից».Կոբալաձե

Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված համաձայնագիրը շարունակում է քննադատվել Վրաստանի ընդդիմադիրների կողմից, նրանք պնդում են, որ այն ավելացնում է Ռուսաստանից կախվածությունը: Այդ մասին արտահայտվել է նաեւ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` նշելով, որ «Գազպրոմը» վնաս է հասցրել երկրի շահերին:

Հունվարի 18-ին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ նաեւ բողոքի ակցիա՝ «Ոչ Գազպրոմին» խորագրով:

Ընդդիմադիրների եւ ՀԿ-ների բողոքի ֆոնին հունվարի 19-ին Թբիլիսիի «Մարշալպրես» մամուլի ակումբում Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Կոբա Կոբալաձեն, իր կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Գազպրոմ»-ի հետ կապված որոշումը ժառանգաբար է այս իշխանությանը փոխանցվել նախորդից, սրանից ելնելով ներկայիս իշխանությունն առավելապես փորձում է քայլեր ձեռնարկել՝ հիմնվելով ժողովրդի շահերի վրա:

«Հնարավորինս քիչ կորուստ պիտի լինի այս հարցում: Մենք ձգտում ենք դեպի Արեւմուտք, սա մեր հանրության որոշումն է, սակայն պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ չկա երկրում այնպիսի էներգառեսուրս, որը չի յուրացրել ռուսական կողմը: Այս ամենը տեղի է ունեցել մինչեւ 2012թ»:

Ինչ վերաբերում է նրան, որ հունվարի 18-ին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Էներգետիկայի նախարարությանը պահանջ է ներկայացրել մանրամասներ ներկայացնել օրեր առաջ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանին գազի մատակարարման պայմանների շուրջ կնքված համաձայնագրի վերաբերյալ, Կոբալաձեն նշեց, որ այս հարցով կզբաղվեն իրավասու անձինք:

«Եկեք վստահենք այն մարդկանց, որոնք կենտրոնացած են այս հարցի վրա»,- հայտարարել Կոբալաձեն:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին, Վրաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայանության եկավ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ, ըստ որի Վրաստանը անցնում է ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի։

Մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը գազի տեսքով։ Հարկ է նշել, որ երկու տարի ժամկետով կնքված պայմանագրի առաջին տարվա ընթացքում Վրաստանը տարանցման գումարի մի մասը կստանա գազով, մյուս մասը՝ գումարի տեսքով: Բացի այդ, Վրաստանը «Գազպրոմ»-ից անհրաժեշտության դեպքում կարող է գազ գնել 1000 խմ-ի դիմաց 185 դոլարով՝ նախկին 215-ի փոխարեն։

Թողնել պատասխան