Գիրչին ստորագրությունները ԿԸՀ է հասցրել ֆայտոնով

Երեկ՝ հուլիսի 31-ին, «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն Վրաստանի ԿԸՀ է ներկայացրել 28 հազար ստորագրություն: Ջափարիձեն ստորագրությունների թղթապանակը քաղաքի արվարձանում գտնվող հանձանաժողով է տարել ֆայտոնով:

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, կուսակցությանն այս ստորագրություններն անհրաժեշտ են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար:

«2017 թվականն է, 21-րդ դար․․․Առաջիկա 5-10 տարիների ընթացքում մարդիկ պատրաստվում են բնակություն հաստատել Մարսում: Այս ընթացքում ԿԸՀ-ն ու երկրի օրենսդրությունը մեզ ստիպում է՝ մի քանի կգ մակուլատուրա հավաքել, մի քանի կմ անցնել, այդպես հանձնել ստորագրությունները։ Սա ուղղակի ամոթ է: Օրենսդրությունն ու ընտրական ինստիտուտները մնացել են արդյունաբերական դարաշրջանում և այդ պատճառով էլ ֆայտոնով ենք բերել»,- իր քայլն այսպես է բացատրել Զուրաբ Ջափարիձեն:

25 հազար ստորագրություն հավաքելու մասին Զուրաբ Ջափարիձեն հայտարարել էր  2017 թ․ հուլիսի 3-ին: Նա ասել էր, եթե կուսակցությունը չհավաքի այդքան ստորագրություն, բնականաբար, չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին:

Ավելի ուշ (հուլիսի 28-ին), Ջափարիձեն նույնիսկ հայտարարել էր, որ օգտագործելու են կեղծ ստորագրություններ:

Թողնել պատասխան