Գլխավոր դատախազն անդրադարձել է ադրբեջանցի լրագրողի գործին

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն արձագանքել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի երկրից դուրս բերվելու մասին լուրերին: Գլխավոր դատախազի խոսքերով՝ բոլոր հարցերին պատասխան կտան հետաքննության արդյունքները:

Շոթաձեի խոսքերով՝ նա տեղյակ չէ, թե ինչպես է լրագրողը հատել երկրի սահմանը:

«Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես է նշված անձը հատել երկրի սահմանը: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: Տարվում են աշխատանքներ: Հարցերի պատասխանները պարզ կլինեն հետաքննության ավարտից հետո»,- հայտարարել է գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, թե Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին, ով հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատական հոդվածներով։ Նա 2015 թվականին ստիպված է եղել տեղափոխվել Թբիլիսի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները:

Թողնել պատասխան