Բանակցությունների արդյունքում Գումբուրդոյից բերման ենթարկվածները ազատ կարձակվեն

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ի առավոտյան ստեղծված լարված իրավիճակը` գյուղացիների եւ ոստիկանների միջեւ բախումների էր վերաճել, ինչի արդյունքում գյուղի երկու բնակիչ բերման էր ենթարկվել: Կեսօրից հետո Գումբուրդո ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբվիշվիլին, ով եկեղեցու տարածքում բանակցություններ սկսեց գյուղացիների եւ պաշտոնյաների հետ:

Բանակցությունների արդյունքները գյուղացիներին ներկայացրեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը եւ խորհրդարանի նախկին պատգամավոր, այս պահին Ախալքալաքի քաղաքապետի «Պատրիոտների ալյանս» կուսակցության թեկնածու` Սամվել Պետրոսյանը: Վերջինների փոխանցմամբ, նախարարը խոստացել է ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Jnews.ge-ի փոխանցմամբ, նախարար Մղեբրիշվիլիի հետ նաեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ բերման ենթարկվածների ազատ արձակելուց հետո գյուղի տարածքից դուրս կբերվեն հատուկ նշանակության ջոկատայինները, իսկ գյուղացիները կլքեն եկեղեցու տարածքը: Տեղում իրավիճակը կշարունակեն վերահսկել Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է լարվածության պատճառ դարձած խնդրին, այն է` գյուղի 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքարի տեղադրմանը, ապա բանակցողների համաձայն, այս հարցը ՆԳ նախարարի լիազորություններից դուրս է եւ պետք է լուծվի հոգեւոր այրերի միջոցով:

Թողնել պատասխան