Դինամո-Ալաշկերտ` 2-0

Թբիլիսիիում անցկացվել է հայ-վրացական ֆուտբոլային թվով 15-րդ  հանդիպումը:

Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը»  0-2 հաշվով պարտվեց  Թբիլիսիի «Դինամոյին»:  Բորիս Պայճաձեի անվան «Դինամո-Արենա» մարզադաշտում խաղին հետևում էր նաև Վրաստանում Հայաստանի  դեսպան,  օլիմպիական չեմպիոն  Յուրի Վարդանյանը:

13707587_1062631603831725_6170163326995347024_nՎրացական թիմի հետ «Ալաշկերտը», որը եվրագավաթներին մասնակցելու կարճատև փորձ ունի, «Դինամոյին» հակառակվում էր առաջին անգամ, իսկ թբիլիսյան ակումբը արդեն մեկ անգամ մրցավեճի բռնվել է մեկ այլ  հայկական ակումբի հետ:

Հատկանաշական է, որ խորհրդային տարիներից վրացական ֆուտբոլի առաջատար «Դինամոն»,  ի տարբերություն հայկական «Արարատի», անկախ Վրաստանի պատմության մեջ նմանապես զբաղեցնում է իր նախկինում հաստատած կարգավիճակը. այն ուժեղագույնն է երկրում:

Հայկական թիմերից միայն երեքն են  մինչ այս հաջողացրել հաղթել թբիլիսյան ակումբին, սակայն «Ալաշկերտը» չկարողացավ կրկնել «Արարատի», «Բանանցի» և «Շիրակի» օրինակը:

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը սպասարկում էր ռումինական մրցավարական անձնակազմը` Սեբաստիան Կոլտեսկուի  գլխավորությամբ: Նրան օգնում էին Ռադու Չինգուլեակը և Միրչա Գրիգորիուն, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչը Պատրիկ Ֆիլիպեկն էր:

Խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին:  Մինչև երկրորդ խաղակեսը «Դինամոյի» երկրպագու Դավիթ Մամուլաձեն «Ալիքի» հետ զրույցում վրացական թիմի  խաղն այնքան էլ բարձր չգնահատեց, սակայն նշեց.  «Հակառակորդը  շատ ավելի թույլ է,  Դինամոն պիտի որ հաղթի: Բայց եթե դա տեղի չունենա, պարտությամբ Հայաստան գնալ  չարժե»:

Ֆուտբոլասերի կանխատեսումները շատ չանցած` իրականացան:  Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին (հանդես է  գալիս 13-րդ  համարի ներքո)  բացեց հաշիվը: Իսկ  69-րդ րոպեին «Դինամոն» գրանցեց երկրորդ գոլը, որի հեղինակը  Գիորգի Կվիտալիան էր:

Այսպիսով խաղն ավարտվեց «Ալաշկերտի» պարտությամբ` 0:2 հաշվով:

Հատուկ այս հանդիպման համար Տավուշի մարզի Աչաջուր գյուղի «Վաչիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Հակոբյանը իր պատանեկան թիմի հետ ժամանել էր Վրաստան:  Թիմի ավագ և հարձակվող Մհերի կարծիքով` «չնայած պարտությանը,  ֆուտբոլիստները գեղեցիկ խաղ  ցուցադրեցին, հատկապես Գևորգ Կասպարովը»: 

Սա,   փաստորեն,  հայ-վրացական  ֆուտբոլային դիմակայության մեջ դարձավ 15-րդ հանդիպումը, որի ժամանակ ևս  առավելության հասավ վրացական թիմը: Ինչպես գրում է Vivaronews.am սպորտային պարբերականը,  հայկական ակումբներին միայն 3 անգամ է հաջողվել հաղթել, 2-ում խաղացել ոչ-ոքի, իսկ 9 խաղում հաղթել են վրացական ակումբները: Հայ ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփել են 12 գնդակ, սեփականը բաց են թողել 29 գոլ:

13697236_1062631837165035_2017253152191388312_nՀատկանշական է, որ «Դինամո-Արենա» մարզադաշտի  արևելյան և արևմտյան տրիբունաները գրեթե լեփ լեցուն  էին հատկապես վրացի երկրպագուներով: Իսկ հյուսիսային մասում տեղակայվել էին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած «Ալաշկերտի» երկրպագուները,  որոնք շրջապատված էին անվտանգության ծառայության աշխատակիցներով.  հայ-վրացական ֆուտբոլային պատմության մեջ քիչ չեն եղել երկու թիմերի երկրպագուների միջև բախումները.  վերջին թարմ օրինակներից է  2013թ. «Դինամո» — «Շիրակ»  խաղի  ընթացքում տեղի ունեցած  միջադեպը:   Այս անգամ հյուրընկալող կողմը առավել մեծ ուշադրությամբ էր հետևում խաղի ընթացքին, տրիբունաներում  տեղի ունեցող զարգացումներին`   բարձր մակարդակով ապահովելով հայ երկրպագուների անվտանգությունը: Ոստիկանները մինչև վերջին րոպեն սպասում էին, թե երբ    երկրպագուները կլքեն մարզադաշտը:

Ի դեպ, Հայաստանից «Ալաշկերտի» մոտ  100  երկպագու էր ժամանել:  Բարեբախտաբար,  այս անգամ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ, միայն թե խաղի հաշիվը ոչ բոլորին բավարարեց:

Հայ երկրպագուներից Արթուր Համբարձումյանը, ով Արարատից հատուկ խաղի համար էր ժամանել Վրաստան,  «Ալիքին» ասաց, թե հույս ուներ, որ  «Ալաշկերտը» կհաղթի. «Բայց չնայած պարտությանը, մեր  ֆուտբոլիստների խաղը գնահատում եմ  գերազանց:  Վստահ եմ, որ  Հայաստանում մենք ենք  հաղթելու»:

Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին` Երևանում:

Թողնել պատասխան