Դ. Ճիճինաձե. հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի մեր մշակույթի ձևավորման գործում

Խորհրդարանական ընտրություներում Թբիլիսիի Իսանի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով «Վրացական երազանքի» կողմից առաջադրվել է Դավիթ Ճիճինաձեի թեկնածությունը:

43 հազար ընտրող ունեցող Իսանիի մեծաթիվ հայերով բնակեցված ընտրատարածքը ներառում է Հավլաբար, Էլիա, Իսանի, Մետրոշին թաղամասերը, Ճուգուրեթիի մի մասը։ Հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում, ընտրողների 48,3 %-ը վստահել է Ճիճինաձեին, ընդամենը 200 ձայն չի բավականացրել՝ առաջին փուլով ընտրվելու համար: Թեկնածուն ասում է` պատճառները օբյեկտիվ են, սուբյեկտիվ ու տեխնիկական. «Ինչ-որ մի տեղ, ինչ-որ բան բաց ենք թողել երևի, մոբիլիզացումը ճիշտ չի կազմակերպվել: Ընդամենը 200 ձայն պակասեց: Բավական քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել` 900-ից ավելի: Կառավարությունը լուրջ քայլեր անում է` սոցիալական բեռը թեթևացնելու համար և երբ ոչինչ չես անում, հեշտ է, խնդիրներ էլ չկան, իսկ երբ գործ ես անում, մարդիկ միշտ ավելին են պահանջում»:

img_0517Հավլաբարում ծնված և մեծացած Դավիթ Ճիճինաձեն խորքից գիտի իր ընտրատարածքի խնդիրները, լավ է պատկերացնում դրանց լուծման ուղիները: Մեծամասամբ հայաբնակ Հավլաբարում կյանքի որակը բարելավելու ուղղությամբ լուրջ աշխատանքին Ճիճինաձեն պատրաստ է: Ասում է` գլխավորը քո և  աշխատանքիդ նկատմամբ պահանջկոտությունն է, վստահ է` կարող է արդարացնել բնակիչների սպասելիքները, ընտրողի խնդիրները լսելի դարձնել.

img_0518-1«Այս շրջանում, մանկությունից սկսած, իմ ընկերների գրեթե 80 %-ը հայեր էին, հետևաբար մեր բարեկամական հարաբերությունները շարունակվել են աբողջ կյանքի ընթացքում, և մեկ նրբություն կա, նախկինում, Իսանիի ընտրական շրջանը 1-ն էր, հիմա այն բաժանվել է 3 մասի և իմ ընտրողների բացարձակ մեծամասնությունն ազգությամբ հայեր են։ Անկեղծ ասած՝ սա իմ ընտրությունն էր, որովհետև ես հատուկ վերաբերմունք ունեմ հայերի նկատմամբ։ Մեր ընտանիքի հետ կապված պատմություն կա, ինչպես են հայերը դժվարին  30- ականներին օգնել իմ տատիկին գոյատեւել։ Այնպես որ այդ ջերմությունը մեր ընտանիքի պատմության ընթացքում ուղեկցել է մեզ: Թբիլիսին իր ժամանակին հպարտանում էր բազմազգ համայնքով, այդ բազմազանությունը անդրադառնում է մեր մշակույթի և ճարտարապետության վրա, ես համոզված եմ՝ հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի մեր քաղաքի մշակույթի ձևավորման գործում»:

img_0522Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծամասնական թեկնածուն լսել է բնակիչներին հուզող խնդիրները, առանձնացրել դրանք ըստ առաջնահերթության: Ասում է` հանրության շրջանում լիարժեք ինտեգրման և այդ հասարակության լիիրավ մաս կազմելու համար պետք է անմիջական շփում.

« Ինտեգրում տեղի է ունենում այն դեպքում, երբ շփում կա: Օրինակ, Ջավախքում, մինչև 3-4 տարի առաջ ճանապարհ չկար, 8 ժամ էր պետք` շրջան հասնելու համար: Երբ մարդիկ կտրվում են կենտրոնից, ինտեգրում էլ որպես այդպիսին չի լինում, բացի այդ, նախորդ իշխանությունը ազգային փոքրամասնություններին, չնայած չեմ սիրում այդ բառը, հիշում էր միայն իր նպատակներին հասնելու ժամանակ, երբ պետք էր իրենց օգտին քվեարկեին։ Այսօր երկրում ժողովրդավարություն կա, յուրաքանչյուրն ազատ ընտրության հնարավորություն ունի»:

Դավիթ Ճիճինաձեի նախընտրական ծրագրում շեշտը դրված է արտադրության խթանման, բանկային համակարգի կատարելագործման, աշխատատեղերի ստեղծման, մանր բիզնեսին զարկ տալու , պետության կողմից տրամադրվող միկրովարկերի, մարդկանց ընդհանուր զբաղվածության հարցերի վրա.

«Կարծում եմ` մեր գլխավոր խնդիրն է`հետ կանչել բոլոր այն տաղանդավոր մարդկանց, ովքեր սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով լքել են մեր երկիրը: Նրանք բոլորն այսօր հաջողակ մարդիկ են, բայց պետության համար կարևոր է, որ նրանք վերադառնան, ազատ զբաղվեն գործարարությամբ, զարգացնեն երկիրը: Իմ ծրագրի առաջին կետերից է առնվազն մեր շրջանում 1000-1500 մարդու վերադարձի ապահովումը և այլևս երկրից հեռանալու ցանկություն չունենալը»:

img_0533Դավիթ Ճիճինաձեն ասում է` չկա ավելի մեծ պատասխանատվություն, քան իմանալ, որ հազարավոր մարդիկ հենց քեզ են վստահել իրենց ձայնը և հույսեր են կապում: Հենց նրանք են լինելու այն կապող օղակը, որոնց շնորհիվ հայրենիքից հեռացած մեր համաքաղաքացիները ետ են վերադառնալու և իրենց աշխատանքային ներուժն օգտագործեշու ի նպաստ Վրաստանի: Ճիճինաձեն հավատում է իր թիմին: Արդեն մշակման փուլում է կարևոր ծրագրերից մեկը, որն օգնելու է վերադարձնել մարդկանց վստահությունն ու վաղվա օրվա հանդեպ հավատը: Թեկնածուն բնակիչներին կոչ է անում ընտրությունների երկրորդ փուլին առավելագույն ակտիվություն ցուցաբերել, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարող է իր համար որոշիչ լինել.

«Իմ կյանքի ընթացքում ոչ ոք չի ասի, թե ես ինչ-որ մի բան խոստացել ու չեմ կատարել: Ձեր յուրաքանչյուր քվեն ինձ համար լրացուցիչ խթան է, ձեր առջև ունեցած պարտականությունների կատարման համար: Որքան շատ ձայներ, այնքան շատ պարտականություն, որքան շատ վստահություն, այնքան ավելի մեծ էներգիա` նպատակների հասնելու համար: Բնակիչները պետք է իմանան, որ պետությունը, մեր Վրացական երազանք կուսակցությունը և անձամբ ես ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս տարիների ընթացքում ձևավորված իրավիճակը փոխվի դեպի լավը»:

Հիշեցնենք, որ Խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը նշանակված է նոյեմբերի 2-ին: Ընտրություն կլինի 53 մեծամասնական ընտրատարածքներում, որոնցից 18-ը՝ մայրաքաղաքում, 35-ը՝ շրջաններում:

Թողնել պատասխան