ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանն ավարտվեց

Հուլիսի 5-ին ավարտվեց Թբիլիսիում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը: Ամառային նստաշրջանի վերջին լիագումար նիստի ընթացքում որոշվեց մի քանի հարց՝ այդ թվում ընդունվեց Թբիլիսիի հռչակագիրը եւ ընտրվեց ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ: «Թբիլիսիի հռչակագիրը» ներառում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի կողմից ներկայացված` «Հակամարտությունը Վրաստանում» վերտառությամբ բանաձեւը: Հռչակագիրը բաղկացած է 3 հիմնական մասից, որտեղ ընդգրկված են վեհաժողովի 3 հանձնաժողովների կողմից նախաձեռնած թեմատիկ բանաձեւերը: Բանաձեւը, սակայն, խորհրդատվական եւ ոչ իրավական բնույթի է: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Վրաստանի խորհրդարանի խոսնակը` բանաձեւը Ռուսաստանի համար խնդիրներ կստեղծի`  հետագայում ագրեսիվ գործողությունները շարունակելու դեպքում.

«Սա ԵԱՀԿ ԽՎ-ի ընդունած վերջնական փաստաթուղթն է, որում Վրաստանի կողմից ներկայացված բոլոր կետերը անփոփոխ են մնացել: Այս բանաձեւի ընդունումը ամենեւին հեշտ չէր, իսկ այժմ դրան աջակցեցին դահլիճում Ռուսաստանից բացի բոլոր պատվիրակությունները: Սա դժվարին գործընթացի արդյունքում ձեռքբերված փաստաթուղթ է: Երբ իմ անունից բանաձեւը փոխանցեցինք ԵԱՀԿ գործընկերներին, դժվար էր աջակցություն ստանալը, քանի որ խորհրդարանի որոշ ներկայացուցիչներ գտան, որ բանաձեւը շատ ուղիղ, հստակ եւ սուր լեզվով էր գրված: Այս գործընթացում մեծ դեր խաղացին նաեւ Վրաստանի խորհրդարանի ԵԱՀԿ ԽՎ պատգամավորները» :

Ուսուփաշվիլին նշեց նաեւ, որ ԵԱՀԿ ԽՎ ընդունած որոշումները սովորաբար թղթի վրա են աձանագրվում, քանի որ այս կազմակերպությունն այլ լծակներ չունի, ավելացնելով, որ թղթի վրա արձանագրված են նաեւ այնպիսի հարցեր, որոնք անընդունելի եւ սխալ են Վրաստանի համար. «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Գիա Վոլսկին ճեպազրույցի ընթացքում նշեց, որ բանաձեւը վերաբերում է ոչ միայն քաղաքական թեմաների. «Սրա ետեւում է այն սերտ աջակցությունը, որ Վրաստանը կունենա բոլոր ոլորտներում: Այսպես, տնտեսական ոլորտում Վրաստանի կարեւորությունն աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա փաստացի կայացել է: Այն իրողությունը, որ Վրաստանն այսպիսի աջակցություն ունի, շատ հեռանկարների մասին է խոսում: Այս փաստաթղթի գոյությունն ինքնին չի նշանակում, թե տեղի է ունենալու օկուպացված տարածքների վերադարձ, կամ` որ Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը: Բանաձեւը կարեւոր է նրանով, որ հանդիսանում է որպես Վրաստանի հանդեպ վերաբերմունքի ՝ Ռուսաստանի եւ աշխարհի միջեւ»: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը Ալիքի հետ զրույցում նշեց, որ ընդունված բանաձեւը կարեւոր է նաեւ Հայաստանի համար.

13592271_1561082737535018_3172224203723171752_n«Հայաստանի մասին կարող եմ ասել, որ Մինսկի խմբի համանախագահները, ի դեմ  իրենց առաջին դեմքերի եւ արտգործնախարարների` զբաղվում են Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եւ նշմարվում են դրական տեղաշարժեր: Զինվենք համբերությամբ եւ հուսանք, որ վերջիվերջո համապարփակ լուծում կգտնի այդ հարցը, եւ կստորագրվի հաշտության պայմանագիր: Թբիլիսիի հռչակագրի 35-րդ, 47, 48-րդ, 49 կետերը կարդացեք եւ կհամոզվեք, որ մեր պատվիրակության ու երկրի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար դրական երանգներով փաստաթուղթ է ընդունվել»:

ԵԱՀԿ ԽՎ արդեն նախկին նախագահ Իլկա Կաներվան, մեզ հետ զրույցում նույնպես կարեւորեց հռչակագրի ընդունումը. «Քաղաքական տեսանկյունից սա չափազանց կարեւոր հռչակագիր է: Այն ընդգրկում է 57 երկրի կողմից, չնայած նրան, որ գուցե ոմանք համաձայն չեն դրա հետ: Հռչակագիրը կներկայացվի Վիեննայում, ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակին, ինչպես նաեւ կազմակերպության բոլոր անդամ երրների արտաքին գործերի նախարարություններին: Այս ուղերձն ուղարկում ենք բոլոր երկրներին եւ կփորձենք համատեղել ջանքերը մեր նպատակներն իրականացնելու ուղղությամբ»:

13618145_1193943300636313_707433983_nԼիագումար նիստի ավարտին տեղի ունեցան ԵԱՀԿ ԽՎ նախագահի ընտրությունները: Հիշեցենենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին: Հուլիսի 6-ի ընտրությունները տեղի ունեցան 2 փուլով: Առաջադրված 3 թեկնածուներն էին. Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիգի Ծերեթելին , Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչ` Կրիստին Մուտոնեն ու Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեն Ներին: Առաջին փուլի ավարտին հետեւյալ արդյունքներն արձանագրվեցին. Քրիստին մուտոնեն` 91 ձայն, Ծերեթելի` 85, իսկ Ալեն Ներին 26 ձայն: Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում էին Ծերեթելին, ով վերջնական արդյունքների ամփոմփումից հետո հավաքեց 73 եւ Մուտոնեն, ով հաղթող ճանաչվեց 86 ձայնով:

Նորընտիր նախագահը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ դրական գնահատեց Վրաստանի հյուընկալությունը եւ խոսեց ապագա ծրագրերի մասին. «Անելիքները շատ են: Ժողովրդավարությունն աշխարհում առաջընթաց է ապրում: Ամենուրեք եւ ամեն երկրում պետք է աշխատենք ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Ուրախ եմ, որ կարող ենք աշխատել միասին, անգամ եթե տարբեր կուսակցությունների եւ երկրների ներկայացուցիչներ ենք: Ինչ վերաբերում է Թբիլիսիի հռչակագրին, ապա կարծում եմ այն դրական ազդեցություն կունենա: Ամենակարեւորը վստահության մթնոլորտ կառուցելն է»:

Լրագրողների` Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ հարցին, Մուտոնենը պատասխանեց, որ այդ թեմայով պատրաստվում են երկխոսել տարբեր կուսակցությունների հետ: Եթե «Վրացական երազանք» կուսակցության անդամները շնորհավորեցին Մուտոնենին` նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիորգի Կանդելակին Գիգի Ծերեթելիի պարտությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «ԵԱՀԿ-ում ներգրավված է 57 երկիր եւ Վրաստանի ներկայացուցիչն այսպիսի մեծ կազմակերպության նախագահի թեկնածու էր: Սա արդեն մեծ հաղթանակ է միջազգային հարթակում` մեր երկրի կարեւորության տեսանկյունից, այդ թվում Վրաստանի ապաշրջափակման եւ երկրի ինքնիշխանության պահպանման տեսանկյունից: Ցավոք, այս դեպքում էլ, մեր երկրի կառավարության համար ավելի կարեւոր են երկրի ներկուսակցական հարցերը, քան պետության իրական շահերը»:

Հիշեցնենք, որ Գիգի Ծերեթելիի օգտին ընտրությունների ընթացքում չի քվեարկել Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, իսկ տարածված տեղեկատվության համաձայն` վերջինները քարոզել են ԵԱՀԿ ԽՎ-ում կողմ չքվեարկել Գիգի Ծերեթելիին: Հատկանշական է, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում, Գիգի Ծերեթելիին աջակցել է ԱՄՆ-ի պատվիրակությունը, սակայն վերջինները հուլիսի 5-ից Վրաստանում չէին, ուստի եւ չեն մասնակցել որոշիչ ընտրություններին:

Թողնել պատասխան