Երևանում զինված բախման հետևանքով մեկ զոհ կա (լրացվում է)

Երևանում, առավոտյան ժամը 5-ին, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության ներկայացուցիչների և «Սասնա ծռեր» անվանումով խմբի կողմից գրոհի է ենթարկվել Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքը:

նրանց հիմնական պահանջը վերջերս ձերբակալված` ազատամարտիկ Ժիրայիր Սեֆիլյանի և մնացած քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Կազակերպիչները տեսանյութ են հրապարակել, որտեղ ձևակերպել են իրենց պահանջները:

pavel-472x265Հայկական առցանց լրատվամիջոցները հաղորդում են զինված բախումների, վիրավորների և մեկ զոհի մասին: Գրոհող խմբից Պավել Մանուկյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ իրենք ԱԱԾ աշխատակիցներից պահանջում են իրենց մոտ բերել Ժիրայր Սեֆիլյանին: Նրանք նաև լրագրողներ են պահանջել, սակայն ԱԱԾ-ն հրաժարվել է թույլ տալ լրագրողների մուտքը տարածք: Պավել Մանուկյանն ասում է, որ ՊՊԾ-ն գրոհելու ժամանակ եղել է փոխհրաձգություն, ինչի արդյունքում կան վիրավորներ: Ավելի ուշ, Մանուկյանը հաստատել է 1 զոհի մասին շրջանառվող լուրը:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խմբի կողմից շենքեր, շինություններ գրավելու լուրը չի համապատասխանում իրականությանը, Հայաստանի իրավապահ մարմինները գործում են բնակականոն ռեժիմով, զինված անձանց հետ բանակցություններ են տարվում` խաղաղ հանձնվելու պահանջով:

13720431_1049283811817002_1237269124_o-600x338Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է Ոստիկանության բաժանմունքում, խոսել զինված խմբի անդամների հետ: Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ Ոստիկանության բաժանմունքում 6 ոստիկան է եղել, նրանց են միացել նաև Հայաստանի եւ Երևանի փոխոստիկանապետերը, ովքեր փաստացի գտնվում են պատանդի կարգավիճակում:

Զուգահեռաբար, լրագրողների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, նաև ֆեյբուքյան այլ օգտատերեր, իրենց էջերում գրել են, որ իրենք տարվել են ոստիկանության բաժանմունքներ:

Այս պահին Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձինք շարունակում են պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին: Դեպքի վայրում են ՀՀ ներքին զորքերի հրամանատար գեներալ Լեւոն Երանոսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հունան Պողոսյանը փողոցում հավաքված քաղաքացիներին հորդորեց գնալ տուն` իրենց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով:

Yerkir.am-ի հարցին` ներսում ինչ իրավիճակ է, Պողոսյանը ասել է, թե որեւէ բան ասել չեն կարող: Նշենք, որ ՊՊԾ տարածքի հարակից շենքերի բնակիչներին տարհանել են. անջատված է գազամատակարարումն ու ջրամատակարարումը:

Ըստ ոստիկանության` դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Զուգահեռաբար սահմանափակվում է լրագրողների գործուներությունը: Մասնավորապես` «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետով ուղիղ հեռարձակումը ՊՊԾ շենքի հարակից տանիքներից մեկում դադարեցվել է ոստիկանության կողմից: Ազատության մեր գործընկերները շարունակում են հեռարձակումը Խորենացի փողոցի մի հատվածից, որը սակայն գտնվում է ոստիկանության շենքից մի քանի 100 մետր հեռավորության վրա:

Թողնել պատասխան