«Զգոն լինելը մեր հոգու մեջ է». հայ փրկարարը փրկել է խեղդվող վրացի երեխային

«Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկել է 12-ամյա վրացի տղայի կյանքը:

Փրկարարը պատմում է. կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30  մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ․

«Փորի վրա պառկած ափ դուրս բերեցի, ընթացքում խոսում էի հետը, սկզբում չէր խոսում, չէր շարժվում, մինչև ափ հասցրի արդեն ավելի լավ էր, չէր հասկանում ինչ է կատարվել, սկսեց խոսել»: 

Աշոտ Կարապետյանը 1989 թվականից է ընտրել փրկարարի գործը: Հայկական Կարմիր խաչի և  «Լոռէ»  փրկարարական ջոկատի կամավոր է: Ստեղծման օրվանից (1989թ.) ջոկատի 48 կամավորները մարդկային բազում կյանքեր են փրկել՝  ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: 1991 -ին «Լոռէ»-ն առաջինների թվում էր, որ օգնության հասավ Սաչխերեյի աղետալի երկրաշարժից տուժածներին:

Փորձառու փրկարարն ասում է՝ առաջին անգամ էր, որ առանց խմբի ու հանգստի ընթացքում է մարդ փրկում: Այլ բան է, որ ահազանգի հետքերով ես գնում, բայց զգացողություններն այլ են, երբ աչքիդ առաջ է տեղի ունենում.

«Մեր հոգու մեջ կա այդ զգոնությունը: Պարտադիր չէ, որ աշխատանքի մեջ լինենք: Արձակուրդի մեջ անգամ նայում ենք մեր չորս կողմը,  որ օգնենք մարդկանց, ուշադիր ենք»:

Աշոտ Կարապետյանը վրաստանյան իր կոլեգաներին նշված լողափում չի տեսել:   Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այս տարի  ավելի քան հարյուր փրկարար է վերապատրաստել՝ սևծովյան ափերի ամենամարդաշատ հանգստավայրերում ծառայության համար: 2017-ի ամառային հանգստի սեզոնի ընթացքում Վրաստանի սևծովյան ափերին ավելի քան 250  մարդ է փրկվել, գրեթե կեսը՝ այլ երկրների քաղաքացիներ:

Վերջին երկու տարվա ընթացքում փրկվել է ավելի քան 700 մարդու կյանք:

Թողնել պատասխան