Սոտկիլավայի աճյունը Վրաստան կտեղափոխվի սեպտեմբերի 21-ին

Վրացի օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավայի աճյունը Վրաստան կտեղափոխվի սեպտեմբերի 21-ին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ հոգեհանգիստը սեպտեմբերի 21-ին և 22-ին տեղի կունենա Աբուլաձե 36 հասցեում: Հայտնի տենորի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ Թբիլիսիի Զ․ Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Հուղարկավորության տեղը դեռ հայտնի չէ։

Նշենք, որ վրացի օպերային երգիչը մահացել է սեպտեմբերի 18-ին՝ Մոսկվայում։ Տենորը վերջին ժամանակահատվածում վատառողջ էր:

Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին, Սուխումիում: 1965 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան՝ Դավիթ Անդղուլաձեի ղեկավարությամբ, հետագա 9 տարվա ընթացքում երգել է Թբիլիսիի  Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:

1966-1968 թվականներին վերապատրաստվել է Միլանի Լա Սկալայում: 1973 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում Դոն Ժոզեի դերով կայացել է երգչի դեբյուտը, մի տարի անց Զուրաբ Սոտկիլավան որպես մենակատար միացել է թատրոնի խմբին: Զուգահեռ դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում:

Երգիչն արժանացել է բազմաթիվ շքանշանների ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում, այդ թվում Վրաստանի վաստակավոր արտիստ է և Շոթա Ռուսթավելիի պետական մրցանակի դափնեկիր:

«Վերդիի ստեղծագործությունների փայլուն մեկնաբանման համար» Զուրաբ Սոտկիլավան ընտրվել է երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ:

Թողնել պատասխան