Ընդդիմադիրները հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են

Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց, դրանց մասնակցած գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ ընտրություններն անցել են խախտումներով և իրենց քվեները գողացվել են:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 1-ին փուլում ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 137 հազար քվեաթերթիկ, որոնցից 75 հազարը՝ մեծամասնական, 63 հազարը՝ համամասնական: Սա ընտրություններին մասնակցած ընտրողների 4,5 %-ի ձայներն են: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղարի պաշտոնակատար Թամար Կեկենաձեն հայտարարել է, որ իրենց ներկայացուցիչները մոռանում էին կնիք կամ ստորագրություն դնել թերթիկների վրա, բայց ինքը չի բացառում, որ դա միտումնավոր է արվել՝ իշխող թիմի հետ համաձայնության արդյունքում:

Միաժամանակ, «Միացյալ ազգային շարժում»-ից Լեւան Վարշալոմիձեն հայտնել է, որ հանձնաժողովի անդամները իրենք նշում էին ևս մեկ կուսակցություն, ինչից հետո քվեաթերթիկը ճանաչում անվավեր: Քվեների կեղծման մասին է խոսել նաև «Նոր Վրաստան»-ից Գեորգի Վաշաձեն: Ըստ նրա՝ իշխանությունը նոր ընտրություններ է նշանակել հենց այն տեղամասերում, որտեղ «Պատրիոտների ալյանս»-ը ամենաքիչ ձայներն է ստացել և եթե չեղյալ չհայտարարվեին կոնկրետ տեղամասերի ընտրությունները, օրինակ Մարնեուլիում, ապա կուսակցությունը չեր հաղթահարի անցողիկ շեմը:

Ինչպես նախորդ տարիներին, այս ընտրություններում ևս վիճելի են նաև ընտրացուցակները: Ըստ ԿԸՀ-ի՝ երկրում 3.513.884 ընտրող կա, մինչդեռ Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալով՝ Վրաստանում ընդամենը 3.713.804 մարդ է ապրում: Թվերից կարելի է եզրակացություն անել, որ երկրում 18 տարեկանից ցածր ընդամենը 199.920 մարդ կա: Այն դեպքում, երբ նույն վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ Վրաստանում ապրում է 0-18 տարեկան 841.000 անձ:

Տեղեկատվությունը՝ «Ռուսթավի 2» ՀԸ-ի:

Թողնել պատասխան