Ընդդիմությունը պահանջում Է Վրաստանի ՆԳ նախարարի և պետանվտանգության ղեկավարի հրաժարականը

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման պատճառով Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է պետական անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարի հրաժարականը:

«Միացյալ ազգային շարժումում» կարծում են, որ Մուխթարլիին, առանց վրաց իրավապահների համաձայնության, հնարավոր չէր լինի մինչև սահման հասցնել։

«Ինչպես էլ Վրաստանի կառավարությունն արդարանա, անհնար է նման հատուկ գործողություն իրականացվի, եթե այն համաձայնեցված չէ վրաց իրավապահների կամ կառավարության հետ: Վրաստանի կառավարությունը վնասել է երկրի ինքնիշխանությանը և ապօրինաբար համագործակցել է այլ երկրի հատուկ ծառայությունների հետ: Այս փաստը շուտափույթ հետաքննության է ենթակա, իսկ մինչ այդ, Վրաստանի երկու ուժային կառույցների ղեկավարները պետք է հրաժարական տան»,- հայտարարել է կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցիրիձեն:

ՆԳ նախարարի հայտարարությանն են անդրադարձել նաև «Եվրոպական Վրաստան»-ի անդամները: Նրանց խոսքերով, տեղի ունեցածի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի իշխանությունը:

Թողնել պատասխան