Ընդդիմությունն Իվանիշվիլիին նոր տարածքներ յուրացնելու մեջ է մեղադրել

«Newsgeorgia»-ն   գրում է, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Միացյալ ազգային շարժումը»,  նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է Աջարիայում բուսաբանական այգու յուրացման մեջ:

Բաթումիի քաղաքային խորհրդարանում «Ազգային շարժում»  կուսակցության ղեկավար Գեորգի Կիրտաձեն հայտարարել է, որ Իվանիշվիլին ծրագրում է Բաթումիի բուսաբանական այգու տարածքում սեփական առանձնատուն կառուցել: Ընդդիմությունը տեղեկություն ունի, որ Իվանիշվիլին գնել է նախկին Ագրարային ինստիտուտի սեփականություն հանդիսացած` բուսաբական այգուն հարող տարածքը:

«Բիձինա Իվանիշվիլին նպատակ ունի քանդել համալսարանի շենքը և այդ տեղում կառուցել բիզնես- կենտրոն կամ հյուրանոց, ինչպիսին Թբիլիսիում է, համոզված եմ, որ նա սեփական շինություններ է կառուցելու` քանդելով բուսաբանական այգին»,-լրագրողներին հայտարարել է Կիրտաձեն:

Աջարիայի ֆինանսների նախարությունը հայտնել է, որ 2,5 հա հողատարածքն իսկապես վաճառվել է, 2015-ին, աճուրդում` 1 միլիոն 678 հազար 330 լարիով: Աճուրդում հաղթող է ճանաչվել  «Business development»  ընկերությունը: Ըստ պայմանի` հաղթող ընկերությունը պարտավոր է նշված տեղում կառուցել 150 համար ունեցող հյուրանոց, բաց և փակ լողավազանով, սննդի կետերով:

3-ամյա ներդրումը պետք է լինի ոչ պակաս քան 30 միլիոն լարի: Ֆինանսների նախարարությունից նաև հստակեցրել են, թե տարածքը բուսաբանական այգուն կից չէ, իսկ համալսարանի տարածքը վաճառված չէ: Այս շաբաթ ընդդիմությունը սուր քննադատության արժանացրեց Իվանիշվիլիին` մայրաքաղաքի բուսաբանական այգու` 4 հա տարածքը սեփականաշնորհելու մեջ մեղադրելով: Իրավիճակը սրվեց, երբ նախօրեին, չնայած բողոքներին, քաղաքապետարանը 6,3 միլիոն լարիով ևս 29 հա տարածք վաճառեց Իվանիշվիլիի հիմնած` համաներդրման հիմնադրամին:

Ի դեպ մի քանի ամիս առաջ եւս Իվանիշվիլին սկանդալի կենտրոնում էր` Դենդրոպարկի համար նա պատվիրել էր Շեկվեթիլի սևծովյան ափից` Ցիխիձիրիից բազմադարյա 3 ծառերի տեղափոխումը: Ծառերից մեկը նույնիսկ ստիպված եղան ծովով տեղափոխել, ինչը ընդդիմության քննադատությանն արժանացավ և սոցցանցերում ծաղրուծանակի տեղիք տվեց:

Թողնել պատասխան