Թբիլիսիի Սակրեբուլոյի պատգամավորի բրիտանացի թեկնածու. «Հույսս բացառապես ինձ վրա եմ դրել»

Ալիք մեդիան զրուցել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի պատգամավորի թեկնածու, բրիտանացի Ջոզեֆ Ալեքսանդր Սմիթի հետ: Վրաստանի անկախությունից ի վեր, Սմիթը Թբիլիսիի ավագանու առաջին արտասահմանցի անկուսակցական թեկնածուն է, ով Վրաստան է տեղափոխվել ընդամենը 5 տարի առաջ:Պարոն Սմիթ, մի քանի բառով խնդրեմ ներկայացրեք, թե որտեղից եք եւ որքան ժամանակ է ինչ բնակվում եք Վրաստանում:

Ես Մեծ Բրիտանիայից եմ, 32 տարեկան: Կապս Վրաստանի հետ հետաքրքիր է: Անգլիայում աշխատում էի որպես գրադանավար` կենտրոնանալով Մերձավոր Արեւելքի վրա: Իրաքյան պատերազմի օրերին` 2005 թվականին, Եգիպտոս տեղափոխվեցի եւ երբ ներկայանում էի որպես բրիտանացի իմ նկատմամբ անմիջապես փոխվում էր վերաբերմունքը, ինձ ասոցացնում էին Թոնի Բլեյրի հետ եւ հայհոյում: Ինչ-որ պահի որոշեցի, որ այլեւս չեմ ուզում բրիտանացի լինել ու սկսեցի նոր ինքնության փնտրտուքը` դիտարկելով Եվրոպայի այն երկրները, որոնք Իրաքի հակամարտության հետ կապ չունեն: Այսպես Վիքիպեդիայում կարդացի Վրաստանի եւ այն ժամանակ Միխեիլ Սաակաշվիլիի մասին, ում հետ ինքս ինձ ասոցացրի ու սկսեցի ներկայանալ որպես վրաստանցի (ժպտում է):

1
Արդեն 2012-ին տեղափոխվեցի Վրաստան, խորհրդարանական ընտրություններում դիտորդություն անելու նպատակով: Ընտրություններից հետո որոշեցի մնալ Թբիլիսիում, որտեղ սկզբում լեզվի կենտրոն էի ղեկավարում, ապա սկսեցի լրագրությամբ զբաղվել: 2015-ին հրապարակվեց առաջին հոդվածս «Guardian»-ում Թբիլիսիի ջրհեղեղի վերաբերյալ: Լրագրողական գործունեությունս հնարավորություն ընձեռեց խորությամբ ծանոթանալ Թբիլիսիի քաղաքաշինական խնդիրներին:
Մասնավորապես, դատական կարգով օտարված քաղաքապատկան հողերի հիմնահարցին, ինչի արդյունքում քաղաքային եւ քաղաքացիական ակտիվիստի ինքնությունս ընդգծվեց: Սկսեցի մասնակցել եւ ապա կազմակերպել բողոքի ցույցեր եւ ակցիաներ: Այս ընթացքում շփվեցի Քաղաքային խորհրդի անդամների հետ, որտեղ եւ ծանոթացա այն ժամանակ` Սակրեբուլոյի միակ անկախ պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի հետ: Հենց նրա հետ ունեցածս շփման արդյունքում էլ որոշեցի կրկնել 2014-ի նրա օրինակը եւ առաջադրվել որպես Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի թեկնածու:Ե՞րբ եւ ի՞նչ կերպ եք ստացել Վրաստանի քաղաքացիություն:
2013-ին, երբ դեռ ընդամենը մեկ տարի էր ինչ Վրաստանում էի, քաղաքացիությանս դիմումը մերժվեց: 2016-ին կրկին դիմեցի եւ արդեն այս տարվա փետրվար ամսին վրացական անձնագիր ստացա: Սակրեբուլոյի անդամի թեկնածու լինելու համար ըստ օրենքի պետք է Վրաստանում ապրել առնվազն 5 տարի եւ երկրի քաղաքացիություն ունենալ: Այս երկու պահանջներին էլ ես համապատասխանում եմ:Թբիլիսիի ո՞ր շրջանում եք առաջադրել Ձեր թեկնածությունը եւ ո՞րն է Ձեր նախընտրական քարոզարշավի մեխը:

Առաջադրվել եմ Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասի 3 ընտրատարածքներից մեկում` կենտրոնականում: Ի թիվս այլ հանգամանքների այս հատվածն եմ ընտրել, քանի որ հենց այստեղից էր ժամանակին Սակրեբուլոյի անդամ Ալեկո էլիսաշվիլին: Բացի այդ, Սաբուրթալոյի այս հատվածում առկա խնդիրները քաղաքի ընդհանուր հիմնահարցերին շատ մոտ են, ինչի արդյունքում` կարծում եմ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերով զբաղվելու փորձս այստեղ եւս օգտակար կլինի: Դե նաեւ ներքին զգացողությունս, որ կրթության բարձր մակարդակ ունեցող սաբուրթալոցիների համար եվրոպացի կամ բրիտանացի լինելուս հանգամանքը կարող էր դրական դեր խաղալ: Իսկ ծրագրային մասով 3 հիմնական առաջնահերթություն եմ առանձնացրել. ապօրինի շինարարություն, տրանսպորտի խնդիր եւ օդի աղտոտվածություն կամ բնապահպանություն:

Ի՞նչ լեզվով եք անցկացնում քարոզարշավը:

Նախ նշեմ, որ քարոզարշավիս մեծ մասը դռնեդուռ մարդկանց հետ հանդիպումներով է անցնում: Քարոզարշավի լեզուն բացառապես վրացերենն է, չնայած, որ հաճախ էլեկտրոնային փոստով նամակներ եմ ստանում անգլերենով, որոնց անգլերենով եմ պատասխանում: Վերջին տարվա ընթացքում, հենց այս ընտրություններին մասնակցելու նպատակով վրացերենի ինտենսիվ դասընթացների եմ մասնակցել, ինչի արդյունքում այժմ հանգիստ շփվում եմ եւ վրացալեզու մամուլի միջոցներին երկրի պետական լեզվով հարցազրույցներ տալիս:Նշեցիք տրանսպորտի խնդիրը: Դուք այն քիչ մարդկանցից եք, ում կարելի է տեսնել Թբիլիսիի` հաճախ անանցանելի փողոցներում հեծանիվ վարելիս: Ի՞նչ հեռանկար եք տեսնում հեծանվուղիների զարգացման տեսանկյունից:
Պետք է ասեմ, որ չափազանց դժվար է Թբիլիսիում հեծանիվ վարելը: Չնայած շատ ուշադիր եմ եւ դեռեւս վթար չեմ ունեցել, սակայն եղել են իրավիճակներ, երբ վթարին շատ մոտ եմ եղել: Հեծանվային ենթակառուցվածքների բացակայության եւ հաճախ անանցանելի ճանապարհների ու մայթերի պատճառով մի շարք վայրերում ստիպված եմ լինում հեծանիվը ոտքով տանել:
3.1
 Իրականում հնարավոր է ստեղծել հեծանվային արահետներ եւ խրախուսել տեղաշարժն այս կերպ, ինչի վերաբերյալ համապարփակ ծրագիր գոյություն չունի, բացառությամբ առանձին դեպքերի, երբ օրինակ հենց իմ ընտրատարածքում` Սաբուրթալոյի Պեկինի պողոտայում հեծանվուղի բացվեց մի քանի շաբաթ առաջ:Որքան բարձր եք գնահատում Ձեր` Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ ընտրվելու հնարավորությունը:

Կարծում եմ ընտրվելուս հավանականությունը բարձր է, չնայած նրան, որ ֆինանսական միջոցներ չունեմ եւ նախընտրական քարոզչությունս իրականացնում եմ ինքս` ըստ էության միայնակ: Հաշվի առնելով այն իրողությունը, որ շրջանը որտեղ առաջադրվել եմ համեմատաբար փոքր է եւ բնակիչների մեծ մասին անձամբ հանդիպելու հնարավորություն ունեմ, դռնեդուռ քարոզչություն անելով հնարավոր է քաղաքացիների ձայնը տեղ հասցնելու հույսեր ներշնչել: Համենայնդեպս իմ ընդդիմախոս` իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուին, դռներ թակելիս չեմ տեսել, մինչդեռ ես առանձնապես կորցնելու բան չունեմ եւ որպես անկախ թեկնածու հույսս բացառապես ինձ վրա եմ դրել:

Թողնել պատասխան