Թբիլիսիում ավելի քան 4 հազար անտուն կա

Վրաստանում անտուն անձանց հստակ թվաքանակը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ միայն Թբիլիսիում ավելի քան 4 հազար անօթևան կա:

Հունիսի 23-ին Վրաստարանի խորհրդարանի նախկին շենքի մոտ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել: Անտուն անձանց խնդիրը լուծելու պահանջով թվով 5-րդ բողոքի ցույցի պահանջն էր Վրաստանի խորհրդարանից` ընդունել օրենք անտունների մասին: Ցույցը կազմակերպել էին` «Գործազուրկների միությունը հանուն աշխատատեղերի», «Ազատ սերունդ» և «Վրաստանի բանկային համակարգից տուժածների իրավունքների պաշտպանության հանձնաժողով» հասարակական կազմակերպությունները:

«Վրաստանի բանկային համակարգից տուժածների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի» ղեկավար Մամիսա Ջափարաշվիլին Ալիքի հետ զրույցում նշեց, որ այսօր նախատեսում էին հացադուլ սկսել, սակայն հետաձգել են որոշումը`  հաշվի առնելով խորհրդարանում խնդրի շուրջ ծավալված քննարկումների իրողությունը. «Մեր պահանջներից մեկը անօթևաններին համապատասխան կարգավիճակ տալն է: Վրատանում շատ են բանկային համակարգի պատճառով անտուն մնացած անձինք: Պատճառը` սխալ համակարգն է, որը պաշտպանողական ոչ մի մեխանիզմ չունի, որպեսզի օգնի այս մարդկանց`  ապրել սեփական բնակարաներում: Խորհրդարանի քննարկմանն արդեն իսկ ներկայացվել է օրինագիծ, որի հեղինակը Գործազուրկների միության նախագահ Թամար Իովաշվիլին է: Օրինագծի նպատակը անտուն քաղաքացիներին համապատասխան կարգավիճակ շնորհելն է: Փակելով աչքերը խնդրի վրա, խնդիրները չեն լուծվում: Միայն Թբիլիսիում արդեն 90.000 ընտանիք բնակարանը կորցնելու վտանգի առջեւ է: Ամեն հինգշաբթի, մենք բողոքի ցույց ենք կազմակերպում, և եթե խորհրդարանի քննարկումները որևէ արդյունք չտան, մենք կանցնենք հացադուլի երկրի ողջ տարածքում»,-  ասում է Մամիսա Ջափարաշվիլին :

Ցույցի Վրդովված մասնակիցները, տեսնելով տեսախցիկներն ու ձայնագրիչները,  շտապում էին պատմել իրենց պատմությունը` ակնկալելով լսելի դառնալ հանրության համար: Ահա նրանցից մեկը Էլիկո Թեդիաշվիլին. «Ես սոցիալապես անապահով էի, իմ բնակարանը նոտարով ապօրինի համարեցին և ինձանից խլեցին: Մնացի առանց տանիքի իմ սեփական բնակարանն այժմ այլ սեփականատեր ունի: Այս պահին վարձով ենք ապրում, արդեն շուրջ 1 տարի է նույնիսկ սոցիալապես անապահովի թոշակ չեմ ստանում, որևէ մեկը կառավարությունից չի բարեհաճել գալ և տեսնել, թե ինչ պայմաններում ենք ապրում: Թոռս աշխատանքի է ընդունվել 300 լարի աշխատավարձով, մի թե՞ դա բավարար է ապրելու համար»:

Իզոլդա Բեդոշվիլին մեզ հետ զրույցում կիսվեց անօթևան մնալու իր պատմությամբ.  «Հարևանս խաբեությամբ վաճառել էր իմ և ևս 13 հարևանների տները: Մի օր ինձ տեղեկացնում են, որ բնակարանս վաճառված է: Վաճառողի դեմ դատական գործ սկսեցինք, ով մինչ այդ արդեն տվել է իր խոստովանությունը առ այն, որ խաբեությամբ վաճառել է 14 հարևանների տները: Արդեն մեկ եւ կես տարի է որեւէ առաջընթաց չեմ տեսնում, բոլոր ատյաններում եղել եմ, սակայն մեզ առհամարհում են»: 

Ցույցի մեկ այլ մասնակից համառորեն բարձրախոսն էր պահանջում եւ երբ այն նրան տրամադրվեց, ցուցարարը սկսեց խոսել ազգային արժեքների և ավանդույթների պահպանման մասին` հայտարարելով, որ խորհրդարանում վրաց ժողովրդի նկատմամբ վատ են տրամադրված: «Վրաստանը բոլորն են ուզում, Վրացիներին՝ ոչ ոք: Պետք է լինենք միասնական և պահպանենք մեր ազգը, մեր ժողովուրդը եղել է և միշտ կլինի: Հերիք է դաճվածքներով և պիրսինգով երիտասարդներ ունենալ: Որևէ մեկը ականջօղերով փեսա կցանկանա՞ ունենալ: Իսկ եթե դաճվածքներով հարս ունեցա՞ք: Հարկավոր է ձայն բարձրացնել, բղավել այս մասին: Չի կարելի չէ թեթևամիտ, անտարբեր մարդկանց որոշ խմբի հոմոսեքսուլաներ անվանել:

Խորհրդարանի առջև նստած մի կին գրանցում էր ներկաների անուն-ազգանունները, ով ցույց տալով երկար ցուցակը՝ վստահեցնում էր, որ ցուցակում իրական անտունների քանակի չնչին մասն է միայն գրանցած, և  արդարացիօրեն: «Գործազուրկների միություն» կազմակերպության նախագահ Թամար Իովաշվիլիի պնդմամբ`  միայն Թբլիսիում անօթևանների քանակը գերազանցում է 4 հազարը:

Թողնել պատասխան