Թբիլիսիում մեկնարկեց շրջանային զարգացման երկօրյա կոնֆերանսը

Հոկտեմբերի 24-ին Թբիլիսիում մեկնարկեց Վրաստանի շրջանային զարգացման վերաբերյալ երկօրյա կոնֆերանսը, որի շրջանակներում ամփոփվելու են  2015-2016 թվականներին իրականացված փոքր դրամաշնորհային  ծրագրերի արդյունքները: Ծրագրերը,  շրջանների խնդիրները լուծելուց բացի  նպատակ ունեն սերտացնել քաղաքացիների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը:

14858569_1180297765379755_1128339460_oՆախաձեռնությունն իրականցվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի` UNDP-ի,  «Քաղաքացիական զարգացման գործակալության» , Հարավային Կովկասում Շվեյցարիայի   և Ավստրիայի համագործակցության գործակալության,  Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Փոքր դրամաշնորհային ծրագրերը  առավել մեծ նախաձեռնության մաս են: 2012 թվականին մեկնարկած  հնգամյա նախաձեռնությունը, որ կշարունակվի մինչև 2017 թվականի վերջ,  աշխատում է կառավարման ապակենտրոնացման ուղղությամբ:

Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի` UNDP-ի ղեկավար  Նիլս Սկոտը իր գոհունակությունը հայտնեց գրանցած արդյունքների վերաբերյալ.

«Շրջանային զարգացման գործում շատ կարևոր է այս նախաձեռնությունը,  այս միջոցառմանը կարևորել ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը` երկրի կառավարման գործում: Առաջին հերթին դա Կառավարությանը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել իրավիճակը, որպեսզի ուշադրությունը կենտրոնացվի ճիշտ ոլորտների վրա:  Մոտ 650 հազար դոլարով իրականացրել ենք 31 նախագիծ, ինչը կտրուկ փոխել է պատկերը`  ապակենտրոնացման տեսանկյունից»:

Վրաստանի Շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար  Թենգիզ Շերգելաշվիլին խոսեց  միջոցառման կարևորության մասին.

«Ինքնակառավարման բարեփոխման գլխավոր ցուցանիշը կլինի այն, թե որքանով է հաշվետու շրջանային խորհուրդը՝ մունիցիպալիտետը, իսկ դա մեծ հաշվով կախված է քաղաքացիների ներգրավվածության մակարդակից:  Քաղաքացիական հասարակությունը լուրջ ակտիվանալու կարիք է զգում, իսկ սա դրա աջակցության համար շատ լավ ծրագիր է»:

Վրաստանի շրջանների զարգացման  կոնֆերանսը կշարունակվի նաև   հոկտեմբերի 25-ին, կքննարկվեն իրականացված ծրագրերի արդյունավետությունն ու հետագա անելիքները:  Հարկ է նշել,  որ կոնֆերանսին Ջավախքից (Սամցխե-Ջավախեթիից) ներկայացուցիչներ չկային:

Թողնել պատասխան