Թբիլիսի. ՌԴ-ն շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը

Պաշտոնական Թբիլիսին անհանգստացած է Ցխինվալիի շփման գծում վերջին գործողությունների հետ կապված: Արտգործնախարարությունը դատապարտել է Գորիի շրջանի Բերշուեթի գյուղի մոտակայքում սահմանային նշանի տեղադրումը, ինչի հետևանքով տեղի մի քանի ֆերմերների գյուղատնտեսական նշանակության հողերը մնացել են շփման գծի ռուսական կողմում:

Հիշեցնենք՝ ըստ Բերշուեթիի բնակիչների՝ նոր ցուցանակը ռուս զինծառայողների կողմից տեղադրվել է նախօրեին, ինչից հետո գյուղացիները մոտ տասը հեկտար հողատարածք են կորցրել: Վրաստանի արտաքին գերատեսչությունը ռուսական կողմի այս քայլը որակել է ապօրինի սահմանագծման գործընթացի շարունակություն, որով սահմանափակվում են տեղացիների իրավունքները, խանգարում կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու՝ Վրաստանի ջանքերին:

Թբիլիսիում նշել են, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին՝ Ռուսաստանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի սկզբունքներն ու 2008-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:  Արտգործնախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը՝ պատշաճ գնահատել իրավիճակը և ՌԴ-ի ապօրինի քայլերը կանխելու համապատասխան միջոցներ ձեռնարկել: Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ առաքելության անդամները նոր «կանաչ նշանի» մասին տեղեկությունից անմիջապես հետո մեկնել են նշված վայր, ուր արձանագրել են, որ շփման գիծն իսկապես տեղաշարժվել է, բայց ոչ հուլիսին, այլ հունիսին:

«Սահմանագծումն իր բոլոր դրսևորումներով, այդ թվում նաև այսպիսի նշանների տեղադրմամբ տեղաշարժման սահմանափակումներ է ստեղծում, ֆերմերներին զրկում իրենց հողերից, որոնք մշակել են երկար տարիների ընթացքում»,- ասված է արտգործնախարարության տարածած հայտարարությունում: Հիշեցնենք, որ Ցխինվալիի և Աբխազիայի տարածքները պաշտոնապես հայտարարվել են Վրաստանի օկուպացված տարածքներ՝ 2008 թվականի օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի պատերազմից հետո, որն ավարտվեց ՌԴ-ի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ:

Թողնել պատասխան